Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՎԵԼԻ ՇԱՏ, ՔԱՆ 70 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

Սեպտեմբեր 20,2008 00:00

ՀՀ մեծաթիվ գիտական հաստատությունների անձնագրավորումը զավեշտալի պատկեր է բացահայտել

Վերջին 1-2 ամիսների ընթացքում տարբեր գիտական հաստատություններում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն անցկացնում էր անձնագրավորման գործընթաց: Այսինքն՝ մանրամասն ուսումնասիրվում էին ինստիտուտների կադրերի թվաքանակը, ինովացիոն գործունեությունը, սարքավորումների վիճակը, կոչում ունեցողների թիվը, գիտական գործուղումները, միջազգային համագործակցությունը եւ այլն: «Առավոտի» հետ զրույցում Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշեց. «Անձնագրավորում անցել է շուրջ 130 հիմնարկ. ակադեմիական բոլոր ինստիտուտները, գյուղատնտեսության, էկոնոմիկայի, առողջապահության նախարարությունների ենթակայության տակ գտնվող ճյուղային ինստիտուտները, խոշոր բուհերը: Անձնագրավորման նպատակն է՝ տեսնել, թե խորհրդային ժամանակներից հետո Հայաստանում ինչ է մնացել: Անձնագրավորման մյուս փուլում տեղում ինքներս ուսումնասիրություն կկատարենք, քանի որ հիմնարկների կողմից ներկայացվածների մեջ կային կասկածելի տվյալներ. օրինակ՝ տպագրված աշխատանքների թիվը սարսափելի մեծ է ստացվում: Ըստ անձնագրավորման տվյալների՝ Հայաստանում տարեկան տպագրվում է 8000 աշխատանք: Ըստ երեւույթին՝ կրկնություններ կան. օրինակ՝ համալսարանում հետազոտական ինստիտուտ ստեղծած մի անձ իրավունք ունի այլ հիմնարկներից համատեղությամբ մասնագետի ընդունել աշխատանքի: Այդ անձն իր հոդվածների մասին ինֆորմացիան փաստորեն տալիս է եւ լաբորատորիային, եւ տվյալ հիմնարկին, ուստի տպագրված աշխատանքների թիվը կրկնապատկվում է: Այսպիսի սխալներից խուսափելու համար ուզում ենք տեսնել իրական պատկերը: Օրինակ՝ անձնագրավորման արդյունքում պարզվեց, որ դոկտորների միջին տարիքը Հայաստանում 63 է, թեկնածուներինը՝ 52, այն դեպքում, երբ տարեկան 400-500 թեկնածու է պաշտպանում Հայաստանում»:

«Առավոտը» ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ էր արդյունավետ այս գործընթացը: «Արդեն կատարվել էր այսպիսի գործընթաց, կարող էին օգտագործել այդ տվյալները: Դա աշխատանք, ժամանակ եւ լարվածություն է պահանջում, տվյալներն էլ հիմնականում նույնն են մնացել: Մյուս կողմից էլ ամեն նոր պաշտոնյա եւ համակարգ՝ ուզում է ինչ- որ բան անել, հիմա երեւի կոմիտեն գիտական զարգացման հիմնադրույթներն իրականացնելու համար է հավաքում այդ տվյալները»,- հնչեց պատասխանը: «Առավոտը» պարոն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է անձնագրավորման արդյունքում որոշ հիմնարկներ փակվեն: «Չկա այդպիսի կարգ: Եթե փակելու հաստատություններ լինեին՝ մենք կփակեինք»,- ասաց Ռ. Մարտիրոսյանը: Ս. Հարությունյանն՝ ի պատասխան, նշեց. «Ակադեմիան նման բան արել է իր ենթակայության տակ գտնվող հիմնարկների շրջանակներում: Միայն ակադեմիայի մասին տվյալները քիչ են, պիտի իմանաս ամբողջ հանրապետությունում ինչ վիճակ է տիրում: Ակադեմիան ֆինանսավորման ծավալներով 45% է կազմում, բայց մնացած 55%-ն էլ է գիտությամբ զբաղվում, ի՞նչ է՝ դրանց մասին ինֆորմացիա չունենա՞նք»: Պարոն Հարությունյանը վստահեցնում է, որ, 1992-ից սկսած, ՀՀ-ում գիտության հարցերով չեն զբաղվել: Նաեւ զգուշացնում է, որ որեւէ մեկին թույլ չի տա «քիթը խոթել» պետական կառավարչական ֆունկցիաների մեջ, որոնք արվում են ի նպաստ գիտության զարգացման. «1992-ից ի վեր ակադեմիան քարտ բլանշը իր ձեռքում էր պահում: Ամենահզոր հիմնարկն էր եւ պարտավոր էր գիտության քաղաքականության մշակումը վերցնել իր վրա: Բայց դա չարեց …»: Նրանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է անձնագրավորման արդյունքում փակվեն որոշ հաստատություններ: «Ազգի թշնամին չենք, որ լուրջ գիտական արդյունքներ տվող հիմնարկները փակենք: Իսկ մարդկանց աչքերին թոզ փչողները, իհարկե, գոյություն ունենալու իրավունք չունեն: 70 միլիոն բնակչություն ունեցող Իտալիան ունի 62 համալսարան, 30-40 ինստիտուտ, մինչդեռ 3 միլիոնանոց Հայաստանը՝ 80-ից ավելի պետական եւ ոչ պետական համալսարան, 130 գիտական հիմնարկ: Սա աբսուրդ չէ՞: 23 միլիոն բյուջեով կարո՞ղ ենք 80 հետազոտական ինստիտուտ պահել»,- հնչեց պատասխանը: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ անել: «Ինստիտուտներ կան, որ ունեն 5-6 մասնաշենք, որտեղ աշխատում է ընդամենը 5-6 լաբորատորիա: Պիտի միավորել մի քանի ինստիտուտ եւ բարձրացնել շարքային գիտնականի աշխատավարձը: Մարդիկ մտածում են՝ պետական շենքերի սեփականատեր են դարձել, սենյակներն էլ վարձով են տվել, սրճարաններ բացել»,- վրդովվեց Ա. Հարությունյանը: Հետաքրքրվեցինք՝ ե՞րբ են քայլեր արվելու այս ուղղությամբ: «Երբ կառավարությունը հաստատի ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագիրը, 1.5-2 տարվա ընթացքում դա կարվի»,- հնչեց պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել