Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈՂ ՄՇԱԿԵԼԸ ԱՇԽԱՏԱՆՔ ՉԻ՞ ՀԱՄԱՐՎՈՒՄ

Սեպտեմբեր 20,2008 00:00

\"\"Հողագործությամբ զբաղվող գյուղացին համարվում է աշխատանքով ապահովված, սակայն նրա աշխատած տարիները պետությունը ստաժ չի հաշվարկում:

Հայաստանում գործազրկության մակարդակն առավել բարձր է հատկապես գյուղական բնակավայրերում, քանի որ այդտեղ չկան աշխատողների պահանջարկ ունեցող մեծ գործարաններ, ձեռնարկություններ կամ, ասենք, օֆիսներ ու սուպերմարկետներ: Այդ պատճառով էլ գյուղացիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ, որտեղից ստանում են իրենց եկամուտը: Իր վարձակալած հողատարածքի համար պետությանը հարկ վճարող գյուղացին համարվում է ոչ թե գործազուրկ, այլ՝ աշխատանքով ապահովված: Սակայն, այդ աշխատանքի արդյունքում, ինչպես սովորաբար լինում է, աշխատած տարիները որպես ստաժ չեն հաշվարկվում, եւ հետագայում՝ թոշակ ստանալու ժամանակ, տարիներ շարունակ հողագործությամբ զբաղված գյուղացին ստանում է 5 հազար դրամ բազային կենսաթոշակ: Նշենք, որ դեռեւս 1991 թվականին, հողերի սեփականաշնորհման ժամանակ, երբ բազմաթիվ գյուղացիներ զրկվեցին սովխոզներում աշխատելու եւ աշխատավարձ ստանալու հնարավորությունից, նրանց «փոխհատուցելու» համար պետությունը որոշեց, որ սեփականաշնորհած հողատարածքում աշխատող գյուղացին հետագայում պետք է իր աշխատած տարիներին համապատասխան թոշակ ստանա: Այդ գումարները պետք է մուծվեին կենսաթոշակային եւ զբաղվածության ֆոնդի հիմնադրամին: Գյուղացիների ամսական վճարումները պետք է լինեին վարձակալած հողի կադաստրային արժեքին համապատասխան, որը սկզբնապես եղել է այդ արժեքի 17, իսկ որոշ ժամանակ անց՝ արդեն 12%-ը: Հազարավոր գյուղացիներ, հետագայում բարձր թոշակ ստանալու ակնկալիքով, այդ հիմնադրամին ամեն ամիս գումար են մուծել: Սակայն, չգիտես ինչու, 2003-ին հիմնադրամն իր գործունեությունը դադարեցրեց:

«Առավոտին» դիմած տասնյակ գյուղացիների ներկայացմամբ, իրենք դիմել են սոցիալական ապահովության պետական ծառայությանը, որտեղ իրենց պատասխանել են, որ հիմնադրամը, որին գյուղացիները տարիներ շարունակ մուծել են իրենց գումարները, թերացել է իր պարտականությունների մեջ եւ նախարարի հրամանով այն դադարել է գործել:

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ Ջաֆար Ռզգոյանն «Առավոտին» դժգոհեց, որ 12 տարի հող է մշակել, սակայն երբ 2003-ին թոշակի է անցել՝ այդ տարիները ստաժ չեն հաշվարկել. «Պատճառաբանում են, որ ես սոցապ մուծումներ չեմ կատարել, երբ հարցնում եմ, թե որտե՞ղ պետք է կատարեի այդ մուծումները կամ կա՞, արդյոք, մեր հանրապետությունում մեկը, որ վճարել է այդ փողերը, ինձ ասում են, որ այդ հիմնադրամը միշտ էլ եղել է, բայց երբեք նորմալ չի գործել, այդ դեպքում ո՞րն է գյուղացու մեղքը: Գյուղում այլ զբաղմունք չկա, փոքրից մինչեւ մեծ՝ հող են մշակում: Բայց եթե այսպես շարունակվի՝ վաղվա երիտասարդները էլ չեն ցանկանա հող մշակել: Ամբողջ կյանքդ աշխատես, հողի հարկ տաս ու օր ծերության մնաս 5 հազար դրամի հույսի՞ն»: Թե ո՞րն է պատճառը, որ հիմնադրամը դադարեցրել է իր գործունեությունը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության եւ առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ այդ պատճառների մասին ինքը չգիտե, բայց, իր կարծիքով, հիմնադրամի գործունեության դադարեցումը միանգամայն ճիշտ էր. «Ես չեմ կարող ասել, թե այդ որոշումը ինչի հիման վրա է կայացվել: Սոցվճար կատարող հիմնարկների ցանկ է հաստատվում, պարզապես այդ ցանկից գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը հանվել են: Բացի այդ, նախկինում գործելաոճն այնքան էլ ճիշտ չէր, որովհետեւ, ասենք, ընտանիքի անդամներն ունեն ընդամենը 1000 քմ հող, 15 հոգի էդ հողի վրա իբրեւ թե աշխատում են, ժամանակը գա՝ էդ 15-ին էլ պետք է ստաժ հաշվես: Դրանցից մեկն է միայն աշխատել այդ հողի վրա, բայց օրենքն այդպիսին էր, որ եթե բոլորն էլ բերեին փաստաթուղթ, որ իրենք աշխատել են այդ հողում, դա պիտի հիմք ընդունվեր: Ընդ որում, մուծումները հիմնադրամին շատ չնչին էին: Այլ բան է, եթե կոնկրետ մարդը սեփականաշնորհած հող ունի, որտեղ նա աշխատում է եւ կառավարությունը դրա համար ինչ-որ մի չափաբաժին սահմանի, որը ռեալ լինի, այս դեպքում կարելի է»:

Իսկ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցներից մեկը (նա չցանկացավ, որ «իր անունը հայտնվի թերթի էջերում») մեզ հետ զրույցում ասաց, որ իրականում հիմնադրամի չգործելու պատճառն այն է, որ գյուղացիները խիստ անպարտաճանաչ են կատարել մուծումները. «Երբ գյուղացիները չկարողացան սահմանված գումարը մուծել, որոշեցինք, որ նրանք գոնե յուրաքանչյուր ամիս թոշակ ստանալու ժամանակ մուծեն անգամ 500-ական դրամներով: Սակայն երբ նրանք դա էլ չկարողացան անել, այդ հիմնադրամի գործունեությունը դադարեցվեց, քանի որ իմաստ չուներ շարունակելը»:

Նշենք նաեւ, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանն օրերս հայտարարեց, որ եկող տարի բազային կենսաթոշակը 800 դրամով բարձրանալու է՝ 5000-ից դառնալով 5800 դրամ, իսկ հիմնական կենսաթոշակը 6800-ի փոխարեն սահմանվելու է 7950 դրամ, ապահովագրական մեկ տարվա ստաժը հաշվարկվելու է 455 դրամ՝ ներկայիս 395-ի փոխարեն: Ստացվում է, որ ամբողջ կյանքում հողագործությամբ զբաղվող եւ պետությանը հարկեր վճարող գյուղացին թոշակի անցնելու ժամանակ լավագույն դեպքում կստանա 5800 դրամ կենսաթոշակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել