Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գործունեության ոլորտը փոխելու ցանկություն

Սեպտեմբեր 20,2008 00:00

\"\"Դրանով է իր հրաժարականը բացատրում ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը

Երեկ «Panorama.am»-ին իր հրաժարականի մասին որոշ պարզաբանումներ է տվել ՀՀ վճռաբեկ դատարանի արդեն նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը: Մասնավորապես նա պնդել է, որ իր հրաժարականի պատճառը միայն այն է, ինչ որ ներկայացվել է դիմումում. «Հրաժարականի դիմումում ես ներկայացրել եմ պատճառը, այն է՝ ցանկություն ունեմ փոխել գործունեությանս ոլորտը: Այլ պատճառաբանություն չկա: Բոլոր վարկածները, որոնք վերջին օրերին լրատվամիջոցներով արծարծվել կամ շոշափվել են՝ ընդամենը ենթադրություններն են հրապարակումների հեղինակների: Եթե ես հրաժարականի որեւէ այլ պատճառ ունենայի՝ անպայման հրապարակավ դրա մասին կասեի»:

Ըստ պարոն Մանուկյանի, իր հրաժարականը որեւէ կապ չունի ոչ մարտի 1-ի դեպքերին առնչվող դատական գործերի եւ ոչ էլ դատաիրավական բարեփոխումների անբավարար տեմպերի հետ. «Վճռաբեկ դատարանի նախագահը որեւէ քրեական գործի վերաբերյալ ի պաշտոնե կարող է կարծիք հայտնել միայն, եթե այն գտնվում է իր վարույթում, այն էլ՝ միայն որոշման տեսքով: Այդ գործերի ընթացքին քննությանը ստորադաս դատական ատյաններում ես որեւէ առնչություն չեմ ունեցել եւ չէի էլ կարող ունենալ: Այդ իսկ պատճառով հրաժարականը չէր կարող կապված լինել որեւէ քրեական գործի վարույթի հետ: Նմանապես անհիմն են բոլոր այն պնդումները, թե իբր հրաժարականը կապված է «մարտիմեկյան» դեպքերի առիթով հարուցված գործերի՝ վճռաբեկ վարույթի հետ: Անցած տարիներին իրականացված բարեփոխումները, դրական փոփոխություններով հանդերձ, բնականաբար ունեին նաեւ թերություններ եւ բացթողումներ: Չեմ բացառում նաեւ մեր թերացման որոշակի հնարավորությունը: Սակայն բարեփոխումները շարունակական գործընթաց են, անելիքները շատ են, եւ ես Վճռաբեկ դատարանի նոր ղեկավարությանը ցանկանում եմ հաջողություններ՝ դրանց շարունակման գործում»: Իսկ ինչ վերաբերում է հնարավոր հակասություններին՝ իրավապահ այլ կառույցների եւ դատական ատյանների միջեւ, ապա, ըստ պարոն Մանուկյանի. «Սովորաբար աշխատանքային տարաձայնությունները առանձին պետական կառույցների միջեւ մամուլը հակված է ներկայացնել որպես «հակասություններ», «միջգերատեսչական կոնֆլիկտներ» եւ այլն: Սակայն կա ընդամենը յուրաքանչյուր պետական մարմնի լիազորություններից բխող մոտեցումների տարբերություն, որոնք հանգուցալուծվում են օրենքով սահմանված մեխանիզմների միջոցով: Երբեմն այդ տարաձայնությունները օգնում են ճշմարտությունը հայտնաբերելու գործում: Այնպես որ՝ այստեղ եւս ես պրոբլեմ չեմ տեսնում»:

Առաջիկա ամիսներին պարոն Մանուկյանը պատրաստվում է խորացնել օտար լեզուների իմացությունն ու ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել