Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԿԿ-Ն ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Սեպտեմբեր 20,2008 00:00

Եվ կարծում է, որ այս պայքարից հասարակությունը հիասթափված է
դուրս գալիս

\"\"«Երբ նայում եմ ընդդիմության բողոքի երթերին, մտածում եմ, որ սա այն ուժն է, որը երկրում յուրաքանչյուր բնագավառում կարող է թելադրել իր կամքը, բայց երբ անդրադառնում եմ պրակտիկ գործողություններին՝ տակը ոչինչ չկա»,- «Առավոտի» հետ կիսելով ընդդիմության շարունակական բողոքի ակցիաներից իր տպավորությունները՝ հիասթափություն է հայտնում Ռուբեն Թովմասյանը: Նրան անհասկանալի են ակտիվ ընդդիմության նպատակները, Ազգային կոնգրեսի անելիքները, բազմահազարանոց հանրահավաքների արդյունքները. «Յոթ ամիս է՝ նույն հարցերը քննարկվում են, բայց քաղբանտարկյալները ազատ չեն արձակվում, եվրոպական բանաձեւերը չեն կատարվում: Եվրոպացիներն էլ գալիս են՝ ուսումնասիրություններ անում եւ գնում-ասում են այն, ինչը միշտ էլ ասել են. Եվրոպայի եւ ԱՄՆ-ի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ ողջ պատմության ընթացքում միշտ էլ ոչ հայամետ է եղել»: Ուստի, ՀԿԿ առաջնորդը գտնում է, որ մենք պետք է ավելի լուրջ մտածենք:

«Առավոտի» դիտարկմանը՝ ըստ ձեզ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը, որ չի անում, նա ասաց. «Ես հիշում եմ Լեւոնի արտասանած Չարենցի բանաստեղծությունը՝ «Թող ոչ մի զոհ չպահանջվի՝ ինձնից բացի»: Եվ ի՞նչ` ո՞վ պիտի տա 10 զոհերի եւ տասնյակ կալանավորվածների պատասխանները: Այդ ամենը եղավ իշխանության թողտվությամբ, բայց այդ մարդկանց նաեւ առաջնորդեցին այդտեղ, իսկ հիմա՝ ամեն ինչ մոռացվում է, դեպքից դեպք հիշատակումներ են լինում: Ես համամիտ չեմ, որ ասում են կաթիլ-կաթիլ՝ քարը կծակի, այդ կաթիլները ժողովրդի գլխին են կաթում՝ գործազրկությամբ, արտագաղթով եւ այլն: Ժողովուրդը հույս է դրել այդ ուժի վրա եւ պայքարից խաբված է դուրս գալիս»: Զենք վերցնել եւ հարձակվել իշխանության վրա՞, թե՞ սեղմել իշխանության ձեռքը. Ռուբեն Թովմասյանը դեմ է երկու տարբերակին էլ, բայց՝ «ընդդիմությունը պետք է ակտիվ մասնակցեր բոլոր ՏԻՄ ընտրություններին, ոչ թե էպիզոդիկ: Ընդ որում՝ անկախ բնակավայրի աշխարհագրական դիրքից, մեծությունից եւ նշանակությունից: Իր հուժկու ուժը պետք է ներդներ այդպիսի հաղթանակների վրա ու ապացուցեր, որ ժողովուրդն իսկապես իրեն է համակրում»: Նա ըմբոստանում է նաեւ ԱԺ-ում ընթացող խմորումների դեմ. «ԱԺ-ն ազգին է պատկանում, ոչ թե առանձին կուսակցությունների, որոնք վերցնում են իրենց պատառները եւ ղեկավարում մինչեւ մյուս ընտրություններ»:

«Առավոտը» ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում իր նախկին կուսակից, նորացված կոմունիստ Յուրի Մանուկյանի՝ ՀՅԴ-ին «սիրահետելու» կեցվածքին. «Ես աշխատում եմ նախկինների մասին չխոսել, նրանք իրենց բացասական հետքը թողեցին մեր կուսակցության մեջ: Մեկը՝ նորացված, մյուսը՝ առաջադեմ. երեւի այդպիսի բաներով է բացատրվում նրանց նորացված ու առաջադեմ լինելը: Գնահատականները թողնում եմ մեր եւ իրենց կուսակցության շարքային անդամներին, հանրությանը»: Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ըստ մեր զրուցակցի, ժամանակին այդ կուսակցության լավագույն գնահատականը տվել է Ստեփան Շահումյանը՝ «հեղափոխական սոցիալիստական»: «Կուսակցությունը միայն անվանումով չի կարող սոցիալիստական լինել, այլ իր աշխատանքով, որի հիմքում պետք է լինի բանվորի շահը, սոցիալական արդարությունը: Պատգամավորներին կալանելը, մարդկանց մինչեւ այսօր բանտերում պահելը… սոցիալիստական կուսակցությունն ինչո՞ւ պիտի գնար նման քայլերի եւ համերաշխորեն ու միաձայն համաձայներ պատգամավորների կալանավորմանը: Վերլուծելով կոալիցիայում ՀՅԴ-ի տեղն ու դերը, վարած քաղաքականությունը՝ ես, ի վերջո, չեմ հասկանում՝ նրանք դիմադի՞ր են, ընդդիմադի՞ր են, լոյա՞լ են… բան չեմ հասկանում: Գուցե սա էլ իրենց քաղաքական գիծն է՝ բոլորի համար անհասկանալի մնալ»,- ասում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը՝ համոզմունք հայտնելով, որ «հետո կերեւա, թե ով՝ ով է. 20 տարի ժողովրդի աչքի առաջ է, թե երկրում ինչ է տեղի ունենում եւ ինչ դերակատարում ունի այդ ամենում ՀՅԴ-ն»: ՀՅԴ խմբակցությանը եւ ԱԺ մյուս խմբակցություններին, բացի «Ժառանգությունից», մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս զբաղվել իրենց բուն գործունեությամբ եւ նեղություն կրել ու պատասխանել ՀԿԿ-ի կողմից դեռ մեկ տարի առաջ ԱԺ-ին ուղղված այն նամակին, որով առաջարկվում է նոյեմբերի 29-ը պետական տոների շարքում ընդգրկել: Այդ լռությունը ընկեր Թովմասյանը ոչ թե անտարբերության արդյունք է համարում, այլ՝ «մեր ճշմարտացիության եւ իրենց վախկոտության»: Ի դեպ, «Ժառանգությունը» հավանության է արժանացրել նոյեմբերի 29-ը պետական տոների շարքում ընդգրկելու առաջարկը եւ խոստացել հետամուտ լինել:

Իսկ, ընդհանրապես, նրա կարծիքով, այն ԱԺ-ն, որի անդամներից երեքն արդեն յոթ ամիս կալանավորված են, շենքի վրա բարձրացված պետական դրոշը սեւ ժապավենով պիտի լիներ, քանի որ, նրա համոզմամբ՝ «պատգամավոր կալանելը երկրի եւ այդ մարդկանց հազարավոր ընտրողների ողբերգությունն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել