Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՐՈՍՅԱՆԸ ԽԱՂԱՑ ՀՀԿ-Ի ՆՅԱՐԴԵՐԻ ՀԵՏ

Սեպտեմբեր 20,2008 00:00

Կառավարության նախաձեռնությամբ երեկ գումարված ԱԺ արտահերթ նիստի օրակարգն ապացույց դարձավ, որ, մեղմ ասած՝ իրականությանը չէր համապատասխանում կառավարության սեպտեմբերի 18-ի նիստում այս կապակցությամբ արված հիմնավորումը. «Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընդունման հրատապությամբ»: Պաշտոնական հաղորդագրության մեջ նաեւ նշված էր, թե նիստում պիտի քննարկվեն ու ընդունվեն ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «ավելի քան մեկ տասնյակ օրենքների նախագծեր»: Մինչդեռ երեկ արտահերթ նիստի օրակարգում ընդամենը 8 նախագիծ էր, որոնցից 5-ը պարզ քվեարկություններ էին: Եվ անպատկերացնելի է, թե կառավարության համար ինչու էր այդքան հրատապ, որ հենց հիմա քվեարկության դրվի, ասենք, «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքի նախագիծը կամ «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախաձեռնությունը:

Կարծում ենք, խիստ ակնհայտ է՝ այս արտահերթ նիստը գումարվել էր մեն մի նպատակով, որ Տիգրան Թորոսյանը խոստացածի պես պաշտոնապես հայտարարի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականի մասին: Այն ընդունված կհամարվի 5 օր անց, եթե ԱԺ կանոնակարգի համաձայն՝ նա կրկին ներկայացնի հրաժարական: Եվ սեպտեմբերի 29-ից սկսվելիք քառօրյայում կլուծվի Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ դարձնելու հարցը, ու նա ի վերջո կգա նիստերի դահլիճ՝ ինչը չի արել պատգամավոր ընտրվելուց ի վեր:

Տիգրան Թորոսյանը երեկ իրոք հայտարարեց հրաժարականի մասին: Սակայն մինչ այդ խորհրդարանական մեծամասնությանը ստիպեց մի քիչ նյարդայնանալ: Նախ դահլիճ մտավ ուշացումով: Հետո սկսեց սովորականի պես նիստ վարել՝ հայտարարեց գրանցման մասին, քվեարկության դրեց օրինագծերը: Եվ ՀՀԿ-ի շարքերում արդեն իսկ անհանգստության նշաններ էին երեւում, երբ Տիգրան Թորոսյանը վերահաստատեց ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականը եւ հայտարարեց ՀՀԿ խմբակցության շարքերից դուրս գալու մասին: Դրանից փոքր-ինչ անց հեռացավ նիստերի դահլիճից եւ խորհրդարանից: Իսկ արտահերթ նիստը տեւեց հազիվ 1 ժամ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել