Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բրայզան, հավանաբար, շփոթվել է»

Սեպտեմբեր 20,2008 00:00

Վերջին շրջանում թուրքական մամուլում շրջանառվող մի շարք հրապարակումներ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության իրողությունն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանն առնչվող, ինչպես նաեւ՝ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի՝ օրերս Բաքվում կատարած մի քանի հայտարարությունները, մեղմ ասած, ոչ միանշանակ արձագանքներ են հարուցել Հայաստանում: Օրերս որոշ քաղաքական ուժեր անգամ ուղերձով դիմել էին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ պահանջելով պարզաբանել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կասեցնել ՀՀ-ին սպառնացող «ազգադավ» ու «ապօրինի» ծրագրերը: Եվ ահա, արտգործնախարարը երեկ հանդես է եկել որոշակի պարզաբանումներով, ինչը ներկայացնում ենք ստորեւ:

ԼՂ խնդրում Հայաստանի վրա Թուրքիայի հնարավոր «դրական ազդեցության» մասին (Բրայզայի դիտարկումն է, խմբ.) հարցին ի պատասխան, Նալբանդյանը «ակնհայտ չափազանցություն է» որակել այն: «Եթե հավատանք ադրբեջանական լրատվամիջոցների մեջբերումներին, ապա, ամենայն հավանականությամբ, պարոն Բրայզան սխալմամբ Ադրբեջանի փոխարեն օգտագործել է Հայաստանի անունը, քանզի Թուրքիան իր ազդեցությունը կարող է օգտագործել ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի դիրքորոշումն առավել ճկուն դարձնելու համար, ելնելով այն իրողությունից, որ թե Թուրքիայի, թե Ադրբեջանի ղեկավարները, բնութագրելով թուրք-ադրբեջանական հարաբերությունները, բազմիցս այն բնորոշել են «մեկ ազգ՝ երկու պետություն» բանաձեւով»,- հիմնավորել է Նալբանդյանը: Ինչ վերաբերում է հայ եւ թուրք դիվանագետների շփումներին, ապա, ըստ նախարարի, դրանք «միշտ էլ եղել են, եւ որեւիցե արտառոց բան չկա այդ հանդիպումների մեջ»: Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի միջնորդությամբ Նյու Յորքում եռակողմ (Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա) հանդիպման վերաբերյալ լուրերին, Նալբանդյանը նշել է, որ դեռեւս սեպտեմբերի 7-ին Երեւանում ինքը եւ Թուրքիայի ԱԳ նախարարը պայմանավորվել են հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: «Պարոն Բաբաջանը առաջարկել է հանդիպում կազմակերպել նաեւ եռակողմ ձեւաչափով: Ես դեմ չեմ նման հանդիպման կազմակերպմանը»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը: Հիշեցնենք, որ, թուրքական որոշ լրատվամիջոցների պնդմամբ, հենց այդ հանդիպման ժամանակ էլ, իբր, Բաբաջանը Նալբանդյանից պետք է որոշակի հավաստիացումներ ստանա պատմաբանների հանձնաժողովի ստեղծման բարեհաջող ընթացքի մասին:

Մեկնաբանելով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ձեւաչափի հնարավոր փոփոխությանն առնչվող լուրերը՝ նախարարը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը «գործող ձեւաչափ է, որն ապացուցել է իր կենսունակությունն ու վայելում է միջազգային հանրության աջակցությունը»: «Կարծում եմ, այսօր լավ նախադրյալներ կան հիմնախնդրի կարգավորման համար, ինչը բոլոր երկրների համար տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կարող է ստեղծել»,- նշել է Է. Նալբանդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել