Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ Արեւիկ Պետրոսյանի` մենք գնում ենք դեպի ՆԱՏՕ

Սեպտեմբեր 20,2008 00:00

Բայց նրա այս հայտարարությունը որեւէ արձագանք չի ունեցել

2006 թվականի ապրիլի 19-ին գերմանական «Frankfurter Allgemeine» թերթին տված հարցազրույցում, որը կոչվում էր «Դեպի Եվրոպա, թե՝ ետ», այն ժամանակ Ազգային ժողովի նախագահ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը արտահայտել էր մի միտք, որը առիթ դարձավ այն ժամանակվա իշխանության հետ հակասությունների, որոնք ավարտվեցին ԱԺ նախագահի հրաժարականով: Պատասխանելով լրագրողի հարցին՝ «Նշանակո՞ւմ է, որ դուք գոհ չեք Ռուսաստանի եւ Հայաստանի այսօրվա հարաբերություններից», պարոն Բաղդասարյանը ասաց. «Շատ ոլորտներում մեր հարաբերությունները շատ լավ են եւ լավ զարգանում են: Բայց Հայաստանի ապագան ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն են: Այդ ճանապարհին Ռուսաստանի բարեկամը մնանք, ոչ թե այնպես՝ ինչպես Վրաստանը, որի հարաբերությունները Ռուսաստանի հետ լարված են: Բայց նաեւ Ռուսաստանը չպիտի կանգնի դեպի Եվրոպա մեր ճանապարհին»:

Սրան անմիջապես շատ կոշտ արձագանքեց այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ հայտարարեց, թե Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածության մեջ ՆԱՏՕ-ն առաջնահերթություն չէ (չնայած, եթե մինչեւ վերջ ճշգրիտ լինենք, Արթուր Բաղդասարյանը հակառակը չէր պնդում):

Ըստ ամենայնի, այսօրվա օրենսդիրներից ոմանք այսօր էլ լավ չեն պատկերացնում մեր երկրի արտաքին գերակայությունները, ինչպես նաեւ Ռուսաստանի դերն ու նշանակությունը մեր կյանքում, քանի որ իշխող կոալիցիոն ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ ԱԺ փոխխոսնակ Արեւիկ Պետրոսյանը սեպտեմբերի 17-ին ընդունելով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լեյլոյին՝ գրեթե կրկնել էր Արթուր Բաղդասարյանի միտքը: Ըստ Արեւիկ Պետրոսյանի, «Հայաստանի ուղին դեպի ՆԱՏՕ է, եւ մենք այլընտրանք չունենք»: Հանդիպման ժամանակ տիկին Պետրոսյանը ասել էր նաեւ, թե Եվրաինտեգրման քաղաքականությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնայնություններից է, եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները այդ քաղաքականության կենտրոնական տարրերից են` համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ դարձել է արտաքին քաղաքականության «ամենադինամիկ զարգացող ուղղություններից մեկը» (մեջբերում ենք ըստ ԱԺ-ի պաշտոնական կայքի):

Ժամանակին քննադատելով Արթուր Բաղդասարյանին՝ նրա կոալիցիոն գործընկերները բավականին խիստ էին: Մասնավորապես ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Առավոտին» ասել էր. «Արտաքին քաղաքականության հետ կապված նման գնահատականներ տալուց առաջ պետք է, որ այն քննարկվեր կոալիցիայի ներսում, սակայն Արթուր Բաղդասարյանը երբեք նման հարց չի բարձրացրել: Կուրսի փոփոխությունը ազգային անվտանգության խնդիր է, եւ, այո, ես համարում եմ, որ պետք է քննարկում տեղի ունենա»: Հետաքրքիր է «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, թե «Հայաստանի ուղին դեպի ՆԱՏՕ է», քննարկվե՞լ է կոալիցիայի նիստում, թե՞ տիկին Պետրոսյանն անձնական նախաձեռնությամբ է որոշել փոխել մեր երկրի արտաքին քաղաքական կուրսը:

Երեկ մենք փորձեցինք պարզել՝ կոալիցիոն գործընկերները տեղյա՞կ են, որ նման բան է տեղի ունեցել; Պարզվեց՝ որեւէ մեկին այս հարցը չի հետաքրքրում, եւ շատերը ուղղակի քմծիծաղեցին՝ դե լավ, բան է, ասել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել