Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԱՅՈ՞ՒՄ Է 30 ՀԱԶԱՐ ԵՎՐՈՆ

Սեպտեմբեր 20,2008 00:00

\"\"«Ա1+»-ի գործով Եվրոպական դատարանի սահմանած տուգանքը մինչ այժմ չվճարելն է նաեւ դարձել ԵԽ Նախարարների կոմիտեի քննարկման առարկա:

Լոնդոնյան փաստաբանական ծառայության՝ KHRP-ի վարչության նախագահ Ռաջեշ Ռայը, որի գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել էր «Ա1+»-ի շահերը՝ անցած շաբաթ Հայաստան այցի ընթացքում անդրադարձել էր հունիսի 17-ին ՄԻԵԴ կայացրած վճռին, ըստ որի՝ «Ա1+»-ին արտոնագիր չտրամադրելու վերաբերյալ ՀՌԱՀ որոշումները չպատճառաբանված էին: Ըստ KHRP-ի ղեկավարի՝ առկա է ոտնահարում, եւ այն պետք է շտկվի. «Սա լուրջ խնդիր է, եւ ԵԽ Նախարարների կոմիտեն դրան կանդրադառնա»: «Ա1+»-ին տված հարցազրույցում նա շեշտել էր, թե անդրադարձը լինելու է անկախ ՀՀ օրենսդրության փոփոխությունից՝ ԵԽ Նախարարների կոմիտեն ցանկանալու է Հայաստանից պարզել, թե ինչ է անում վերջինս ԵԴ արձանագրած խախտումը վերացնելու համար:

Սեպտեմբերի 17-18-ին ԵԽ Նախարարների կոմիտեն անցկացրեց մարդու իրավունքների խնդիրներին նվիրված իր 3-րդ հատուկ հանդիպումը: ԵԽ կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ այս հանդիպման ընթացքում կոմիտեն քննեց, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել ՄԻԵԴ կայացրած վճիռներով արձանագրված խախտումների հետեւանքները վերացնելու համար՝ սկսած սահմանված տուգանքների վճարումից մինչեւ օրենսդրական կամ այլ փոփոխություններ, որոնք ուղղված են նման նոր խախտումների կանխարգելմանը: Եվ օրակարգում քննարկվելիք հարցերի հավելվածներից մեկում, ի շարս 252 գործերի, որոնց դեպքում պետությունը կամ պետական կառույցները ՄԻԵԴ սահմանած տուգանքը չեն վճարել կամ այն զգալիորեն ուշացրել են՝ նշված է «Ա1+»-ի գործը: Այդ մասին վաղօրոք հայտնել էր նաեւ Լոնդոնյան փաստաբանական ծառայության ղեկավարը, թե մինչ այժմ իրենք ՀՀ կառավարությունից չեն ստացել ՄԻԵԴ սահմանած 10 հազար եվրո գումարը: Նաեւ «Ա1+»-ը չի ստացել վճռով իրեն հասանելիք 20 հազար եվրո փոխհատուցումը: Իսկ այս ամենը կառավարությունը պիտի աներ մինչեւ սեպտեմբերի 17-ը: Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46 հոդվածի համաձայն՝ «բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել ՄԻԵԴ վերջնական վճիռները»: Եվ դատարանի վերջնական վճիռն, այդ հոդվածի համաձայն, ուղարկվում է ԵԽ Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:

Սակայն առայժմ պարզ չէ, թե արդյոք միայն սահմանված վճարն ուշացնելո՞ւ տեսանկյունից է «Ա1»-ի գործը քննվել ԵԽ նախարարների կոմիտեի այս հանդիպման ընթացքում, եւ անդրադարձ չի՞ եղել այն հանգամանքին, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում վերջերս ընդունված լրացմամբ՝ «Ա1+»-ի նկատմամբ խախտման հետեւանքների վերացումը հետաձգվեց 2 տարով: Այս հարցի պատասխանը չկա հանդիպման մասին հրապարակված տեղեկատվության մեջ. այստեղ միայն ընդհանուր արտահայտություններ են, թե հետազոտվել են 361 նոր վճիռներ. «26-ը հարցեր են առաջացնում՝ նոր միջոցներ կիրառելու առնչությամբ»: ԵԽ կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, թե կայացված որոշումների մասին տեղեկատվությունը հայտնի կդառնա հանդիպման ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում:

Այս ամենին առայժմ որեւէ այլ մանրամասն չկարողացավ հավելել նաեւ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը. «Թե ինչ քննարկում է եղել՝ մենք կիմանանք մոտ օրերս: Իսկ հիմա կարող ենք միայն ասել, որ Եվրոպական դատարանի վճիռը պե՛տք է կատարվի՝ դա ոչ միայն մեր պահանջն է, այլեւ Եվրոպայի խորհրդի կառույցների: Սակայն մեր գործով կայացված վճռին հաջորդած առաջին 5-7 օրվա խոսակցություններից հետո որեւէ անդրադարձ չի եղել, թե ինչպե՞ս է վերացվելու արձանագրված խախտումը: Կարծում եմ, որ այստեղ էլ միտում կա՝ իրենց թվում է, թե հանգցրին կրակը»:

Նկատեցինք, որ սահմանված տուգանքն ուշացրած կամ չվճարած գործերի ԵԽ հրապարակած ցանկում կան անգամ 2004-2006 թթ.-ին կայացված վճիռներ: Ըստ այդմ՝ ՄԻԵԴ-ն այնքա՞ն էլ կտրուկ չի արձագանքում անպարտաճանաչ երկրների վարքին, թե՞ նման հանդիպումները ցույց են տալիս, որ միջոցներ, այնուամենայնիվ, կիրառվում են. Մեսրոպ Մովսեսյանը համաձայնեց հարցադրման երկրորդ մասին. «ԵԽ Նախարարների կոմիտեն կարող է համբերատար սպասել: Դրա համար էլ տրվում է եռամսյա ժամկետ՝ վճիռն ի կատար ածելու համար: Բայց դրանից հետո ստուգումներ են լինում, եւ, ինձ թվում է, որոշակի պատժամիջոցներ պետք է կիրառվեն: Այլապես անիմաստ են դառնում այս բոլոր քննարկումները՝ եթե չի կիրառվելու որեւէ միջոց»:

Ի դեպ, Մարդու իրավունքների Եվրոպական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Յոխեն Ֆրովայնը, որն այժմ Մաքս Պլանկի անվան արտասահմանյան հանրային եւ միջազգային իրավունքի ինստիտուտի պրոֆեսոր է՝ օրերս «Ա1+»-ին ասել էր. «Եթե Եվրոպական դատարանի որոշումները չկատարվեն՝ ԵԽ Նախարարների կոմիտեն կարձանագրի, եւ այդ դեպքում Հայաստանը կկանգնի լուրջ խնդրի՝ դժվարությունների առջեւ: Դժվարությունն այն է, որ բոլոր երկրների առաջ քեզ կանգնեցնում եւ մերկացնում են որպես Եվրոպական դատարանի որոշումները չկատարող»: Խիստ կասկածում ենք, թե այն, որ մեր երկրին կմերկացնեն ու ցույց կտան իր բոլոր խոցելի տեղերը՝ բավարար չափով ազդեցիկ միջոց է:

Հ. Գ. Երեկ ՄԱԱ-ի կազմակերպած քննարկման ընթացքում անդրադառնալով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում արված լրացմանը՝ Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Էդվարդ Անտինյանը նշել է, թե փոփոխությունն անելու հրատապությունը վկայում է, որ իշխանությունները ոչ թե հեռարձակումը թվայնացնելու, այլ քաղաքական խնդիր լուծելու նպատակ ունեին: Նրա համոզմամբ, այդ քաղաքական խնդիրը «Ա1+» եւ «ՆՏ» փակված հեռուստաընկերություններին եթեր վերադառնալու հնարավորությունից զրկելն էր: Իսկ ամենահետաքրքիրն, ըստ Էդվարդ Անտինյանի, այն է, որ 7 տարում թվայնացման գործընթաց իրականացնելու մասին խոսում է ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ «մի մարդ, որը գիտի, որ երկրում անգամ 7 օրվա ցորենի պաշար չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել