Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՏՈՒԺՈՂՆԵՐԻ» ՀԱՐՑՆ ԷԼ Է ԼՈԻԾՎՈՒՄ

Սեպտեմբեր 20,2008 00:00

«Մարտի 1»-ի դեպքերի ժամանակ զոհվածների եւ վիրավորների համար պատասխանատվությունը դրվելու է ընդդիմադիրների վրա:

Արդեն հայտնի է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում օգոստոսի վերջերին ավարտվել է «Մարտի 1»-ի գործով դեռեւս նախնական կալանքի տակ գտնվողներից 7 անձանց, այդ թվում՝ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Շանթ Հարությունյանի, Գրիգոր Ոսկերչյանի եւ Սուրեն Սիրունյանի դեմ հարուցված քրգործերի նախաքննությունը, եւ գործի նյութերն արդեն իսկ փոխանցվել են մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին՝ դրանց հետ ծանոթանալու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը, ըստ էության, հաստատելով մեղադրյալների փաստաբանների կասկածները, վերջերս չէր բացառել, որ «7»-ի գործերը մեկ փաթեթով դատարան կմտնեն:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այսպիսի անհրաժեշտություն առաջացել է ՀՀ ՔՕ 225 եւ 300 հոդվածների, համապատասխանաբար՝ «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների կազմակերպում» եւ «պետական իշխանության յուրացում», հատկանիշներով մեղադրվողների գործերը կամ արագ դատարաններ ուղարկելու, կամ կարճելու մասին ԵԽԽՎ եւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի պահանջների համատեքստում: Հիշեցնենք նաեւ, որ ԵԽԽՎ-ում, մասնավորապես, քաղաքական հետապնդման թիրախ համարվող կալանավորների հարցը սեպտեմբերի վերջերին եւ կամ հոկտեմբերի սկզբներին քննարկման առարկա է դառնալու ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում: Եվ հենց այս պատճառով, որոշ տեղեկությունների համաձայն, որոնք ստացվում են դատական համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրներից, իշխանությունները, թերեւս, մտադիր են հիշյալ 7 անձանց մասով դատարանի վճռով կարճել մասնավորապես «պետական իշխանությունը յուրացնելու» մեղադրանքը: Թե որքանով են այս տեղեկությունները ճշմարտացի, ցույց կտա դատավարությունը:

Բոլոր դեպքերում սպասվում է, որ այս դատավարությունը մի քանի առումներով կտարբերվի մինչ այս «Մարտի 1»-ի գործով ընդհանուր իրավասության կամ քրեական դատարաններում ընդդիմադիր գործիչների դեմ ընթացող դատավարություններից՝ թեկուզ հենց նրանով, որ ի տարբերություն արդեն ավարտված կամ դեռ ընթացող այդ դատավարությունների, որտեղ որպես տուժողներ հանդես են գալիս բացառապես ոստիկանության աշխատակիցները, «7»-ի դատավարության ժամանակ տուժողների թվում կհայտնվեն նաեւ քաղաքացիական անձինք, ընդ որում, գուցե նաեւ ոչ թե իրենց կամքով, այլ դեպքերի բերումով: Կհարցնեք՝ ինչպե՞ս: Բանն այն է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում վերջին շրջանում ակտիվացել է «Մարտի 1»-ի դեպքերի ժամանակ զոհվածների իրավահաջորդներին եւ տարբեր տեսակի ու աստիճանի վնասվածքներ ստացած քաղաքացիներին այս քրգործով որպես տուժող ճանաչելու գործընթացը: Ընդ որում, եթե մինչեւ վերջերս հիշյալ իրադարձությունների ժամանակ վիրավորվածներին եւ անգամ զոհերին ՀՔԾ-ն հետեւողականորեն չէր ուզում «տուժող» ճանաչել, ապա վերջին շրջանում այդ կառույցն ուղղակի շահագրգռված է այդ հարցում: Իհարկե, խնդիրն այստեղ ամենեւին էլ այն չէ, որ ՀՔԾ-ն հանկարծ որոշել է «Մարտի 1»-ի գործով ավելի օբյեկտիվ եւ համակողմանի, նաեւ լրիվ քննություն իրականացնել, այլ այն, որ այդ տուժողներն այլեւս ֆիզիկապես անհրաժեշտ են «հատուկ քննչականին»՝ սույն գործով մեղադրյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքները հաստատված եւ «կենդանի» տուժողներով ու վկաներով ապացուցված համարելու, առաջիկայում մեկնարկելիք դատական պրոցեսին «լրջություն» եւ «ծանրակշռություն» հաղորդելու համար: Ավելի պարզ ասած, ՀՔԾ-ն որոշել է «Մարտի 1»-ի գործով տուժողներին «սաղացնել» վերը մատնանշված 7 անձանց վրա: Ըստ ՀՔԾ-ի, դե, եթե մասնավորապես նաեւ այս 7-ն են կազմակերպել մարտիմեկյան սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունները, ուրեմն՝ թող նրանք էլ պատասխան տան նաեւ այդ դեպքերի արդյունքում տուժողների համար՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ, բարոյական եւ նյութական իմաստներով: Թե նախաքննական մարմնի կողմից այս պահի դրությամբ քանի՞ տուժող կա՝ հայտնի չէ, ՀՔԾ-ն այդպիսի թվեր վաղուց չի հրապարակել: Բոլոր դեպքերում «հատուկ քննչականի» այսպիսի մարտավարությունը կնշանակի, որ պետությունը, իշխանությունները գտել են տուժողների մասով իրենց ձեռքերը լվանալու ամենադյուրին ձեւը, մանավանդ որ՝ վերը մատնանշված մեղադրյալների պարագայում նրանց անմիջական գործողություններից տուժած կոնկրետ անձինք, որոնք այս մեղադրյալների մեղքը հաստատող ցուցմունքներ կտային, չկան: Իսկ այսպես, կան տուժողներ կամ տուժողների իրավահաջորդներ, որոնք չգիտեն, թե իրենք վիրավորվել կամ իրենց հարազատները զոհվել են ո՞ր կոնկրետ անձի կողմից կիրառած հրազենի կամ հատուկ միջոցի, մահակի կամ պայթուցիկ նյութ կիրառելու արդյունքում, ուստի՝ հեշտ է մեղադրյալների ոչ շատ կոնկրետացված մեղադրանքը հաստատել տուժողի ոչ շատ կոնկրետացված բացատրությունների համատեքստում, առավել եւս, որ «Մարտի 1»-ի դեպքերի ժամանակ հրազեն կամ հատուկ միջոցներ կիրառելու համաչափության կամ իրավաչափության հարցը պարզելու ուղղությամբ նախաքննությունը, ըստ ՀՔԾ-ի, դեռեւս շարունակվում է:

Իհարկե, մեղադրյալների փաստաբանները, այսուամենայնիվ, կարծում են, որ տուժողներին ընդդիմության 7 ներկայացուցիչների վրա «բարդելը» «հատուկ քննչականի» համար բավականին բարդ, եթե ոչ՝ անհնարին կարող է լինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել