Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մինսկի խումբը դեռ կաշխատի

Սեպտեմբեր 19,2008 00:00

«ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ ներդրում է ունեցել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում եւ կշարունակի գործունեությունը՝ անկախ Ռուսաստանի հետ հարաբերություններից»: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին երեկ Բաքու ժամանելուն պես հայտարարել է ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Տվյալ պահին նկատելի են որոշ խնդիրներ Ռուսաստանի հետ, սակայն ես կարծում եմ, որ դրանք կվերանան, երբ Մոսկվան սկսի իրականացնել Վրաստանի նախագահի հետ ստորագրված համաձայնությունը»,- ասել է Բրայզան: APA-ի փոխանցմամբ, ամերիկացի դիվանագետը տեղեկացրել է, որ Բաքու իր այցի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է, էներգետիկ հարցերի լուծումը եւ Նյու Յորքում ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացման մանրամասների հստակեցումը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի դերին առնչվող հարցին ի պատասխան, ամերիկացի համանախագահը հայտնել է, որ այդ կապակցությամբ բանակցություններ է անցկացրել Անկարայում:

«Անկարայի մեր բարեկամներն ասացին, որ ցանկանում են օգնել Մինսկի խմբի գործունեությանը: Թուրքիան կարող է իր ներդրումն ունենալ այդ գործում եւ Հայաստանին օգնել՝ հանդես գալու ավելի ճկուն դիրքերից»,- շարունակել է Բրայզան: Եվս մեկ անգամ նշելով, թե ինքը հարցի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծման կողմնակից է, ամերիկացի միջնորդը նշել է, որ «եթե Հայաստանն ու Ադրբեջանը պայմանագիր կնքեն, այդ փաստաթղթում կընդգրկվեն հավելյալ սկզբունքներ»:

Երեկ երեկոյան Բաքու է մեկնել նաեւ ֆրանսիացի համանախագահը: Ավելի վաղ Երեւանում կայացած ասուլիսին նա նույնպես ասել է, թե իր առաքելության նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ սեպտեմբերի վերջին Նյու Յորքում նախատեսվող հանդիպման կազմակերպումն է: «Նախարարների հանդիպումից ու հոկտեմբերին Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո արդեն պետք է ձեռնամուխ լինենք նախագահների հանդիպման կազմակերպմանը»,- երեւանյան ասուլիսում հայտարարել է Բեռնար Ֆասիեն: Արդյոք Նյու Յորքում կայանալո՞ւ է Նալբանդյան-Մամեդյարով երկու հանդիպում, որոնցից մեկը՝ Թուրքիայի ԱԳ նախարարի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ. այս հարցին ի պատասխան՝ Ֆասիեն արձագանքել է. «Ես կարող եմ խոսել միայն իմ իրավասությունների շրջանակներում: Եթե կայանալու է նաեւ եռակողմ հանդիպում, ես չէ, որ պետք է դա հաստատեմ»:

Երեկ ԼՂ հարցին է անդրադարձել նաեւ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բերնսը: «Մեդիամաքսի» փոխանցմամբ, վերջինս, մասնավորապես, հայտարարել է. «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ ԼՂ հակամարտության արդար եւ երկարաժամկետ կարգավորման ապահովման համար, որը կբխի մեր կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքից եւ կներառի միջազգային իրավունքի ու դիվանագիտական փորձի այլ սկզբունքներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել