Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՐ ՀԵՏՔԵՐՈՎ

Սեպտեմբեր 19,2008 00:00

Առաքել Միրզոյանը ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արժանացավ չեմպիոնի կոչման՝ նվաճելով

երեք ոսկե մեդալ:

\"\"Ալբանիայի Դյուրրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Մրցումների առաջին օրը մինչեւ 48 կգ քաշային Աննա Գովելյանի անսպասելի ձախողումից հետո Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավարությունը մեզ հետ հեռախոսազրույցում խոստացավ, որ առաջիկա օրերին մեդալներ, այդ թվում՝ նաեւ ոսկե, անպայման կլինեն: Եվ նրանց խոսքերն իրականացան հաջորդ իսկ օրը:

Մինչեւ 58 կգ քաշային կարգում հանդես եկող Լիանա Մանուկյանը, գերազանցելով բոլոր սպասելիքները, երկամարտի 193 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալակրի կոչումը: Ըստ առաջնության պաշտոնական կայքի, Լիանայի՝ պոկում վարժությունում ցույց տված 86 եւ հրումում՝ 107 կիլոգրամ արդյունքները նույնպես բրոնզե ցուցանիշներ են եղել:

Այնուհետեւ, 62 կգ քաշայիններ Ռուբիկ Մամոյանը (115+140=255 կգ) եւ Զորիկ Պողոսյանը (108+141=249 կգ) համապատասխանաբար գրավեցին 5-րդ եւ 8-րդ տեղերը՝ կարեւոր միավորներ բերելով թիմային ոչ պաշտոնական հաշվարկում:

Իսկ նույն օրն ուշ երեկոյան մրցահարթակ մտավ տղաների մինչեւ 69 կգ քաշային կարգում մեր հանրապետության միակ ներկայացուցիչը՝ Առաքել Միրզոյանը: Նա օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին է: Առաքելից միայն «ոսկիներ» էին ակնկալվում ու նա լիովին արդարացրեց իրեն: Պոկում վարժությունում շնորհալի մարզիկի 140 կգ-ն ամբողջ 4 կիլոգրամով գերազանցում էր այս վարժությունում երկրորդ ցուցանիշն ունեցող ալբանացու արդյունքը, իսկ հրումում Առաքելն արդեն 3 կգ-ով իրենից ետ թողեց այս անգամ ռումինացի մրցակցին: Արդյունքը եղավ այն, որ Առաքել Միրզոյանը երկամարտում իր անվան դիմաց գրանցեց 310 կգ՝ նվաճելով միանգամից երեք ոսկե մեդալ: Իսկ պատվանդանի երկրորդ աստիճանին բարձրացած ռումինացի Ռազվան Մարտինի ցուցանիշը երկամարտում 302 կգ էր:

Գումարած՝ երկամարտի արծաթե մեդալ

Երեկ տեղեկացանք նաեւ, որ Հեղինե Եփրեմյանը (մինչեւ 63 կգ քաշային կարգ) երկամարտի 195 կիլոգրամ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Նա փոքր «արծաթ» նվաճեց նաեւ պոկում վարժությունում՝ 88 կգ, բայց հրումում ցույց տալով 107 կգ՝ բավարարվեց երրորդ տեղով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել