Մասնագետները նմանություններ են տեսնում
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Նա ամփոփեց մ.թ.ա. առաջին դարում հայոց արքա Տիգրան Մեծի (95-55թթ.) կողմից Արցախում հիմնադրված քաղաքի տարածքում հունիսի 16-ից օգոստոսի 25-ը կատարված պեղումների արդյունքները եւ խոսեց սեպտեմբերի 10-12-ը Փարիզում կայացած գիտաժողովից: «Այս տարվա ամենամեծ ձեռքբերումներից է 9 մ տրամագիծ ունեցող աշտարակը, որը ցույց է տալիս ժամանակի տեխնիկան: Իսկ ծիծեռնակապոչ կապերն արված են նրա համար, որ քարերը հորիզոնական շարժ չունենան: Դրանք կարող են համեմատվել եգիպտական բուրգերի հետ: Պարզապես, մեր կվադրերը մի քիչ փոքր են, բայց տպավորությունը եւ շարվածքը նման են: Այս տարվա սենսացիոն հայտնագործությունը կավե 8 սմ-անոց սկավառակն է, որը կնիքի դեր է խաղացել: Դրա վրա կա նաեւ հայերեն արձանագրություն՝ «Ես, Վաչե ծառա, տեառն Աստծո»,- պատմեց Հ. Պետրոսյանը: Այս տարի 8 հոգանոց արշավախումբը կատարել է նաեւ բազիլիկայի պեղումները, ինչը՝ ըստ Հ. Պետրոսյանի, Անդրկովկասի ամենամեծ բազիլիկալ սրահներից է:
Երեկ Հ. Պետրոսյանը խոսեց նաեւ հասարակական արձագանքի մասին. «Շատերը հարգում եւ ողջունում են: Բայց քանի որ հուշարձանը բաց է, եւ բոլորը շտապում են նկարել եւ սեփական մեկնաբանություններն անել, որի իրավունքը չունեն, արդյունքում վնաս է կրում հուշարձանը: Այսօր հայ գիտությունը տառապում է կիսագրագետների ձեռքին: 5 օրով մեր հրավերով հուշարձան այցելած հնագետը Տիգրանակերտի մասին հոդված է գրում, լուսանկարիչը գիրք է հրատարակում Տիգրանակերտի մասին՝ առանց մեզ տեղյակ պահելու: Հայաստանյան հեռուստաընկերությունները ֆիլմ են նկարահանում եւ ինչ ասես, որ չեն թույլ տ
լիս իրենց»: Իսկ Բաքուն շարունակում է իր դավադրությունները: Հ. Պետրոսյանի վկայությամբ. «Բաքվի ակադեմիան արդեն երկու որոշում է կայացրել Տիգրանակերտի մասին: Ադրբեջանի ռադիոն Հայաստանի մասին խոսում է որպես թշնամի երկրի: Հղում են անում տարբեր կոնվենցիաների, որ այդ տարածքում իրավունք չկա պեղումներ կատարել: Ցավոք, որոշ հայ հետազոտողներ եւս տարբեր տեղերում վկայություններ են բերում, թե լավ չենք անում, որ ազատագրված հողերում հետազոտություն ենք անում»: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի ոգեւորությանը հակասող ՀՀ իշխանության պասիվությունը: «Վատ է, երբ մեծավորը փռշտում է, բոլորը սկսում են հազալ: Ժամանակին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ինչ-որ արտահայտություն է արել Աղդամի մասին, կարծես դա եղել է ցուցում բոլոր նախարարների եւ ԳԱԱ նախագահության համար, որ առնվազն չխոսեն Տիգրանակերտի մասին: Դա ավելի շատ կամակատարության արտահայտություն է, քան քաղաքականություն»,- հնչեց պատասխանը: