Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՈՒՍԻՆՍ ԽՍՏԱՊԱՀԱՆՋ Է»

Սեպտեմբեր 19,2008 00:00

Իր իմպրեսարիոյից «դժգոհեց» իռլանդացի ճանաչված երգչուհի Սանդրա Մըքմաստերը

Շարունակվում է սեպտեմբերի 2-ին մեկնարկած Երեւանյան երկրորդ միջազգային փառատոնը: Այսօր Կամերային երաժշտության տանը կայանալիք հերթական փառատոնային ծրագրում առաջին անգամ հայ հանդիսատեսին կներկայանա մեցցո սոպրանո Սանդրա Մըքմաստերը: Փառատոնի փակումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին՝ «Ա. Խաչատրյան» համերգասրահում, վստահված է հենց այս երգչուհուն: Առաջին համերգին նրան կընկերակցի «Սերենադ» կամերային, իսկ երկրորդին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբերը, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Երեկ Ս. Մըքմաստերը, որ Հայաստան է ժամանել իր ամուսին եւ իմպրեսարիո Աուգուստո Գոնզալոյի հետ, սիրով զրուցեց «Առավոտի» հետ:

Երաժշտարվեստում քիչ չեն այն դեպքերը, երբ իմպրեսարիոյի, մենեջերի պարտականությունները ստանձնում է ամուսիններից մեկը: Օրինակ, ժամանակին հանրաճանաչ երաժիշտներ Ա. Շնիտկեի, Մ. Ռոստրոպովիչի, Ա. Բաբաջանյանի ստեղծագործական «հոգսերը» հոգացել են նրանց կանայք՝ ավելի նպատակասլաց դարձնելով արվեստագետի գործունեությունը: Սակայն ոչ բոլոր դեպքերում է, որ այս ամուսնական կապը կառուցվում է ստեղծագործական եւ մարդկային փոխըմբռնումների վրա: Օրինակ, հայտնի է աշխարհահռչակ Էլիզաբեթ Շվարցկոպֆի եւ նրա ամուսնու՝ պրոդյուսեր Վոլթեր Լեժի տխուր համագործակցության փաստը՝ ամուսինը չափազանց դաժան էր կնոջ նկատմամբ: Այս օրինակով սկսվեց մեր զրույցը ավելի քան քսան տարի պրոֆեսիոնալ բեմում ճանաչված նվագախմբերի ու դիրիժորների հետ համագործակցած, ինչպես նաեւ որպես օպերային երգչուհի Covent Garden-ում եւ այլ թատրոններում «ծառայած» տիկին Մըքմաստերի հետ: Նախ նշելով, որ ազգությամբ իսպանացի ամուսինը չափազանց խստապահանջ է իր արվեստի նկատմամբ, հայտնեց նաեւ, որ նույն կերպ էլ տանն է. «Աուգուստոն ջութակահար է եւ լավ երաժիշտ, ինչն էլ ստիպում է ինձ հաճախ լսել նաեւ նրա շատախոսությունները: Այս դեպքում ես հասկանում եմ, որ դա ի շահ իմ արվեստի է արվում: Սակայն տանել չեմ կարողանում, երբ նույնն արվում է կենցաղային հարցերում: Դրա ելքը, ուշացումով, բայց գտել եմ. մի ականջով մտնում է, մյուսով՝ դուրս գալիս: Եվ որպեսզի հայ տղամարդկանց վիրավորած չլինեմ, քանի որ մտերիմ եմ ձեր հայրենակից, դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանի հետ, ասեմ, որ ամուսինս մեր աշխատանքին որպես բիզնես չի նայում: Մենք արվեստում համախոհներ ենք: Եկեք ընդհանրապես թեթեւ նայենք կյանքին, քանի որ այն, իմ համոզմամբ, բաղկացած է երկու բաղադրիչից՝ երջանկությունից ու տառապանքից»:

Մեր հետաքրքրությանը՝ իռլանդական վոկալ դպրոցի մասին, երգչուհին շրջանցեց, այնուհետեւ ասաց. «Իռլանդացիներս տաղանդավոր ենք եւ ունենք լատինական սկիզբ: Ինչ վերաբերում է ինձ, ես կրթվել եմ Մեծ Բրիտանիայում եւ հետեւել աշխարհահռչակ Ֆելիքս Լավիլլայի եւ Ռենատա Սկոտտոյի արժեքավոր խորհուրդներին»: Հարցին՝ Ձեր ժամանակի մեծ մասը հյուրախաղերում եք անցկացնում, ի՞նչ են դրանք Ձեզ համար՝ նպատա՞կ, թե՞…, Ս. Մըքմաստերը պատասխանեց. «Նախեւառաջ՝ նպատակ: Ինձ հետաքրքրում է յուրաքանչյուր երկիր՝ իր դրական եւ, ինչու չէ, բացասական կողմերով, եւ առաջին հերթին՝ արվեստով: Մինչ Հայաստան այցս, ճանաչել եմ միայն գերմանաբնակ հայաստանցի երգչուհի Կարինե Բաբաջանյանին, իսկ այսօր արդեն ծանոթացել եմ ձեր երկու նվագախմբերի երաժիշտների հետ: Ձեր երկու դահլիճներն էլ ունեն հիանալի ակուստիկա, որտեղ ոչ միայն հաճելի է ելույթ ունենալը, այլեւ՝ հեշտ: Հուսով եմ, որ մի քանի օրվա ընթացքում կհասցնեմ ինչ-որ չափով ծանոթանալ Հայաստանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել