Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՌԱԿՏՈՒՄ ՀՅԴ-Ի ԳՅՈՒՄՐԻԻ ԿԱՌՈՒՅՑՈ՞ՒՄ

Սեպտեմբեր 19,2008 00:00

Նախկին դաշնակցականները ներկաներին մեղադրում են

կառույցը քայքայելու մեջ

Վերջին մի քանի օրվա ընթացքում ՀՅԴ-ի Գյումրու կառույցից հեռացրել են կուսակցականների մոտ 30%-ին, ընդ որում՝ այնպիսիններին, որոնք իրենց ուղնուծուծով դաշնակցական են եւ 10-18 տարուց ավելի կուսակցական «ստաժ» ունեն: Այս մասին օրերս «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց ՀՅԴ շարքերից հեռացված անդամներից մեկը (անուն-ազգանունը չենք հրապարակում իր խնդրանքով): Ըստ նրա՝ կառույցում մնացել են նորաթուխ՝ Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի հարկադրմամբ «զոռով» դաշնակցական դարձած անդամներ: Եվ այս ամենի պատճառը, հեռացված դաշնակցականի կարծիքով, Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ Գերագույն մարմնի Շիրակի մարզի պատասխանատու Ռոմիկ Մանուկյանի սխալ քաղաքականությունն է ու այն, որ վերջինս կուսակցությունն իր անձնական շահերին է ծառայեցնում: «Քանի դեռ Ռոմիկը փոխմարզպետ էր, կուսակցության ներսում ամեն ինչ հարթ էր, կայացած փոխմարզպետ էր, բայց հենց դարձավ մարզպետ, ամեն ինչ թարսվեց, կուսակցությունը բաժանվեց 2 թեւի, որովհետեւ նա որպես մարզպետ չկարողացավ կայանալ: Նա կարճ ժամանակահատվածում աստղաբաշխական հարստության տեր դարձավ: Նախորդ ՏԻՄ ընտրություններին Շիրակի մարզպետը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանից իբրեւ թե ազատվելու համար, դեմ գնալով կուսակից ընկերներին, պաշտպանեց ՀՀԿ-ական Մարտուն Սուքիասյանին, որին իր սեփական կուսակցությունը հրաժարվեց սատարել: Վերջինս առաջ չանցավ Գյումրու քաղաքապետից, սակայն սա չտխրեցրեց Ռ. Մանուկյանին, քանի որ նա բիզնեսի մեջ մտավ Մ. Սուքիասյանի հետ՝ Գյումրիից Մայիսյան տանող ճանապարհի վրա գազալցակայան դնելով: Օգտագործելով մարզպետի իր լծակները՝ Ռոմիկը տարածք վերցրեց, Մարտինն էլ ֆինանսական հարցերը լուծեց: Բացի այդ՝ դաշնակցականների կեսն ասում էր՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին դեմ գնալու ու մի անարժանի պաշտպանելու փոխարեն եկեք մեր սեփական թեկնածուին դնենք, բայց Ռոմիկը չլսեց: Էսօր Դաշնակցության շարքերում մնացել է նախկին կառույցի մոտ 40%-ը, իսկ Գերագույն մարմինը նրան սթափեցնելու, կուսակցական պատիժ տալու փոխարեն առաջ է տանում, դարձնում ԳՄ անդամ՝ ի շնորհիվ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանի: Հիմա էլ լուրեր են պտտվում, որ ՀՅԴ-ն առաջիկա ՏԻՄ ընտրություններին պատրաստվում է պաշտպանել ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, երեւի Ռոմիկը հիմա էլ պատգամավորից ակնկալում է նրան պատկանող «Տրանս-ակնթարթից» գծերը ստանալ»,- բորբոքված պատմում էր մեր զրուցակիցը: Նա պնդում էր, որ կառույցի քայքայման պատճառներից մեկն էլ ՀՅԴ-ի կոալիցիա մտնելն է, քանի որ կուսակցության ղեկավարները հաշվի չառան շարքային կուսակցականների կարծիքները ու մի քանի պորտֆելներ ձեռք բերելու «խաթր» կորցրեցին հին ընկերներին:

Մեր հարցին, թե կա՞ն արդյոք խմորումներ կառույցում եւ ինչո՞ւ են կառույցից հեռացվել մոտ 30% կուսակցականներ, ՀՅԴ մարզային կառույցի ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանը պարզաբանեց. «Վերջին ժամանակներս կուսակցությունից որեւէ մեկը չի հեռացվել: Ես սա պաշտոնապես եմ հայտարարում, որովհետեւ Շիրակի մարզային կազմակերպությունում կուսակցությունից հեռացնելու իրավունք ունի մարզային կոմիտեն: Ես չեմ հիշում կուսակցությունից հեռացված մեկին, որն ունենար գոնե 5 կամ ավելի տարիների կուսակցական անցյալ: Եղել են պատեհապաշտ պաշտոնյաներ, որոնք որոշ ակնկալիքով հայտնվել էին ՀՅԴ շարքերում, վերջին ընտրությունների ժամանակ ունեցան այլ քաղաքական դիրքորոշում, որի համար կուսակցական մարզային մարմինը պատժեց: Եթե մի քանի ամիս առաջ մի երկուսին հեռացրել ենք՝ դա 30% չէ, քանի որ այդ դեպքում խոսքը կգնար 100-ավոր մարդկանց մասին: ՀՅԴ-ից հեռացված վերջին մարդը Գյումրու ավագանու անդամ Կարապետ Ներսիսյանն է, որի առնչությամբ մեծ աղմուկ բարձրացավ: Կարծում եմ՝ մեզ մեղադրողը աբիժնիկ է: Ռոմիկ Մանուկյանն արդեն մեկ տարի է՝ մարզպետ չէ, թող ավելի վաղ հիշեին, որ վատ է աշխատել, որ չեղած բիզնես ունի: Նա 97-ից ԳՄ անդամ է, երբ նույն Հրանտ Մարգարյանը էն ժամանակ ՀՅԴ ԳՄ անդամ չէր: Ես ենթադրում եմ, որ նման մեղադրանքներ հնչեցնողը քաղաքապետի թեկնածուներից մեկն է»:

Անդրադառնալով նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի՝ կուսակցությունը սեփական շահերին ծառայեցնելու մեղադրանքներին՝ Ա. Ավետիսյանն ասաց. «Խնդրում եմ գտեք մեկին, ով, լինելով կոալիցիոն կուսակցության անդամ, փորձի գավառական քաղաքում իր անհատական շահն ունենալ ու կոալիցիոն համաձայնագիրը հօգուտ իրեն ծառայեցնել: ՀՅԴ-ն Հայաստանի այն եզակի քաղաքական կառույցներից է, որտեղ անհատները ոչինչ չեն որոշում: Կարող է մեկն ունենալ հետին նպատակ, բայց եթե նպատակները դուրս են գալիս սահմաններից, այդ մարդիկ համապատասխան տեղն են դրվում: Ես կարող եմ հիշեցնել Ռոլանդ Շառոյանին, Ռուբեն Հակոբյանին: Չմտածեք, որ Շիրակի մարզում մեկը ավելի շատ կարեւոր անձնավորություն կարող է լինել, քան Շառոյանը կամ Հակոբյանը: Իսկ Ռոմիկ Մանուկյանը բիզնես շատ վաղուց ուներ, մեր մարզում առաջին արտասահմանյան սպորտային մեքենան Ռոմիկ Մանուկյանն ու եղբայրներն են ունեցել՝ 90-ականներին, երբ նա դեռ մարզպետ չէր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել