Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ՝ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Սեպտեմբեր 19,2008 00:00

Ինչո՞ւ են դատապաշտպանները լքում դատարանի դահլիճները

«Մարտի 1»-ի գործով հարուցված եւ, ըստ էության, փետրվարի 19-ին կայացած ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումներին առնչվող քրգործերում ներգրավված փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի եւ Արթուր Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու հիմքով: «Առավոտի» հետ զրույցում այդ տեղեկությունը հաստատեցին անձամբ փաստաբանները:

Իշխանության ներկայացուցչին դիմադրելու մեջ մեղադրվող Վարդգես Գասպարիի պաշտպան Մուշեղ Շուշանյանը հարուցված կարգապահական վարույթի նախապատմությունն այսպես ներկայացրեց. «Օգոստոսի 21-ի դատական նիստին դատարան եմ ներկայացրել տեսաձայնասկավառակ, որում պատկերված էր Վ. Գասպարիին՝ ոստիկանության Կենտրոնի բաժնից դուրս բերելու պահը, ուր հստակ երեւում է, թե որ ոստիկաններն են նրան դուրս բերում բաժնից եւ նստեցնում մեքենա՝ տանելով ոստիկանության Արաբկիրի բաժին: Այդ տեսագրությամբ փաստվում էր, որ, հակառակ իրենց ցուցմունքների, վկա ոստիկանները Գասպարիին տեղափոխող ոստիկանների մեջ չեն: Հայտարարեցի, որ սա ապացույց է իմ պաշտպանյալի անմեղության ու արդարացման համար, եւ դատարանը պարտավոր է այն անհապաղ հետազոտել: Ի դեպ, այդ ապացույցը ներկայացվել է նաեւ Միսակ Հովակիմյանի դատաքննության ժամանակ եւ այն գնահատելով է, որ Հովակիմյանին դատարանը արդարացրեց: Սակայն դատարանը որոշեց մեր միջնորդությունը թողնել անփոփոխ, պարզաբանելով, որ այն կարող էինք ներկայացնել մինչեւ ապացույցների հետազոտումը սկսելը: Ասացի, որ այդ ժամանակ այն մեր տրամադրության տակ չի եղել, մինչդեռ՝ պաշտպանական կողմը կարող է ցանկացած պահի ապացույց ներկայացնել, առավել եւս, երբ խոսքը գնում է մեղադրանքը հերքող եւ ամբաստանյալին արդարացնող փաստի մասին: Դատավորի որոշումը գնահատել եմ անօրինական եւ հայտարարել, որ պաշտպանյալիս նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար»: Մ. Շուշանյանի ներկայացմամբ՝ դատավոր Արշակ Պետրոսյանն իր խոսքերը որակել է անհարգալից վերաբերմունք՝ այդ նիստում հայտարարելով, որ դիմելու է ՀՀ փաստաբանների պալատին:

«Առավոտի» հարցին՝ արդարացի՞ է նիստերի դահլիճը լքելու համար կարգապահական վարույթ հարուցելը, Մ. Շուշանյանը պատասխանեց. «Դատական նիստերի դահլիճը լքելն իրավական պետություններում, ուր լիարժեք գործում է օրենքը, կարող է համարվել սխալ եւ չարդարացված միջոց, իսկ Հայաստանի նման պետության մեջ, որտեղ փաստաբանները փաստացի զրկված են իրավական պաշտպանության որեւէ միջոցից օգտվելու եւ իրենց պաշտպանյալներին իրավաբանական օգնություն ցուցաբերելու հնարավորությունից, դատական նիստերի դահլիճը լքելը երբեմն մնում է վերջին եւ հուսահատ միջոցը՝ այդ իրավական կամայականությունների դեմ բողոք հայտնելու համար»:

Դեռեւս օգոստոսին կարգապահական վարույթի ենթարկված Ա. Զաքարյանն ու Ա. Գրիգորյանն իրականացնում են «Հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը» հատկանիշներով մեղադրվող՝ «Պիցցա դի Ռոմա» ցանցի ներկայացուցիչ Գեւորգ Սաֆարյանի պաշտպանությունը:

2008 թվականի հունիսից Երեւանի քրեական դատարանում գտնվող այս եւ մատուցողուհի Անուշ Ղավալյանի գործերը նախագահում է Եվա Դարբինյանը: Հիշեցնենք, որ Ե. Դարբինյանի կայացրած վճիռներից մեկը հիմք է հանդիսացել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ-ի դեմ կայացնի վճիռ: Ա. Գրիգորյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ իրենք կարգապահական վարույթի են ենթարկվել, քանի որ ընդդիմացել են դատավոր Ե. Դարբինյանի՝ տվյալ գործով կատարած մի շարք ապօրինություններին, որոնք զուգորդվել են կեղծիքներով: «Օգոստոսի 22-ին տեղի ունեցած դատական նիստում միջնորդեցինք՝ մինչեւ օրս առանց դատարանի որոշման կալանքի տակ պահվող Գ. Սաֆարյանի խափանման միջոցը գրավով փոխել, որի քննարկումը Ե. Դարբինյանի կողմից, առանց որեւէ իրավական հիմքի, հետաձգվեց: Մենք միջնորդությամբ հանդես եկանք այդ օրը նրա ներկայացրած որոշման ձեռագիրը փորձաքննության ենթարկել՝ պարզելու դրանում առկա գրառումների վաղեմությունը: Դատավորն այդ էլ մերժեց, ասելով՝ «գոնե դատարանը չի կասկածում իր գրած որոշման վրա»: Մենք կրկին պնդեցինք, որ դատավորի մերժմամբ նոր հիմքեր են առաջանում ինքնաբացարկի համար եւ խնդրեցինք 3 օր՝ ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելու համար: Դատավորն այն պատրաստելու համար 15 րոպե ժամանակ տվեց, որը մեզ համար բավարար չէր: Նկատելով, որ դա բացահայտ հեգնանք է մեր նկատմամբ՝ հուսահատ լքեցինք դատական նիստերի դահլիճը»,- պատմեց Ա. Գրիգորյանը: Ըստ պաշտպանի, դատավորը իրենց բացակայությունը համարել է անհարգելի՝ կիրառելով դատական նախազգուշացման սանկցիա եւ որոշելով այդ մասին տեղյակ պահել ՀՀ փաստաբանների պալատին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել