Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկի նոր նախագահը սրտներովը չէ

Սեպտեմբեր 19,2008 00:00

Երեկ կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարները հավաստիացնում էին, որ վճռաբեկ դատարանի նորանշանակ նախագահ Արման Մկրտումյանը տասնյակ կեղծ ու անհիմն վճիռներ է կայացրել:

Երեկ, երբ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը դատական ոլորտի պաշտոնյաներին էր ներկայացնում վճռաբեկ դատարանի նոր նախագահ Արման Մկրտումյանին, կառավարության շենքի առջեւ տասնյակ մարդիկ ցույցի էին դուրս եկել եւ իրենց դժգոհությունն էին հայտնում: Նրանք իրացման գոտիների տուժած բնակիչներ ու ժամկետային զոհված զինծառայողների հարազատներ էին: Նշենք, որ Ա. Մկրտումյանը մինչ այս վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատի նախագահն էր: Ցուցարարների հավաստմամբ, ցանկացած գործ, որ մտել է վճռաբեկ դատարան, արդար կերպով քննության չի առնվել, իսկ Ա. Մկրտումյանը միշտ կայացրել է այն վճիռը, ինչ իրեն թելադրել են «վերեւներից»: Արամի 38 շենքի նախկին բնակիչ Տիգրան Փիլոյանն «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ ինքը Ա. Մկրտումյանի ստորագրությամբ տասնյակ փաստաթղթեր ունի, որոնք վկայում են նրա կայացրած կեղծ վճիռների մասին. «Անձամբ իմ գործը լսվել է նրա նախագահությամբ եւ միշտ իրար հակասող որոշումներ է կայացվել: Նա օրենքներից անտեղյակ անձնավորություն է, ու միակ բանը, որ իր մոտ շատ լավ ստացվում է, դա ուրիշների կամակատարը լինելն է»: Լալայանց 24 հասցեի նախկին բնակիչ Հայկ Միքայելյանն էլ «Առավոտին» հավաստիացրեց, որ երկար տարիներ, մինչեւ քաղաքապետի կողմից «իր գլխին օյին սարքելը», ինքն ապրել է Ա. Մկրտումյանի հարեւանությամբ եւ տեղյակ է նաեւ նրա մարդկային նկարագրին. «Երբ 225 քմ հողատարածքս եւ 96 քմ տունս խլեցին ինձնից ու մեզ ուժով փողոց վռնդեցին՝ ես դիմեցի դատարան, բայց տեսնելով, որ հարցը չի լուծվում, դիմեցի վճռաբեկ դատարան: Անձամբ հանդիպել եմ Արման Մկրտումյանին ու խնդրել, որ իմ հարցին օրինական լուծում տա: Նա ինձ պատասխանեց, թե՝ իմ ձեռքին ոչ մի բան չկա, ես կատարող մարդ եմ, ինչ ասում են՝ էն էլ անում եմ»: 2 ժամից ավելի ցուցարարները կառավարության շենքի առջեւ գոռում էին՝ «շակալներ, սատանաներ, անխիղճներ»: Սակայն նույնիսկ ոստիկանները նրանց ուշադրություն չէին դարձնում, քանի որ կառավարության արտագնա նիստի պատճառով բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել էին Վայոց ձոր:

Կառավարության շենքի առջեւ երեկ հավաքվել էին նաեւ ժամկետային զինծառայողների մայրերը. «Մենք հասկանում ենք, որ ժամանակ ենք կորցնում ու վստահ ենք, որ մեր խնդիրը չի լուծվելու: Կառավարությունից արդարություն պահանջելը նույնն է, թե չբեր կնոջից երեխա ունենալ պահանջես: Բայց ուզում ենք պայքարել, որ ուրիշների հետ նման բան չպատահի»: Գյուլվարդ Աղաջանյանը «Առավոտի» հետ զրույցում պատմում էր, որ Գորիսի զորամասում 16 հոգով դաժանաբար ծեծի են ենթարկել ու սպանել իր որդուն՝ Նաիրի Իսախանյանին. «Հենց նույն օրն էլ բացահայտվել է, որ դա դիտավորյալ սպանություն է: Բացահայտվել է նաեւ, որ տղայիս զինվորները չեն սպանել, այլ Գորիսի ինչ-որ «ավտարիտետներ»: Իբր նա սպայական կազմի հետ խնդիրներ է ունեցել, հետո էլ ասում են, որ տղայիս վրա մեկի կատարած հանցագործությունն են ուզել բարդեն, բայց նա «վիզ չի վերցրել», նրանք էլ ծեծելով ջարդել են նրա գլուխը»: Գ. Աղաջանյանի ներկայացմամբ, այդ դաժան սպանությունից արդեն 3 տարի է անցել, սակայն իրեն անգամ դատաբժշկի փորձաքննությունը չեն տվել, ու մինչեւ հիմա ասում են, թե գործը նախաքննության փուլում է, բայց հայտնի չէ անգամ, թե այդ գործն ով է քննում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել