Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՐՑԵՐԸ ՄԵՂԱԴՐՈՂԻՆ ԴՈՒՐ ՉԵԿԱՆ

Սեպտեմբեր 19,2008 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի դատավարությունը: Այն մեկնարկել է մոտ 2 ժամ ուշացումով, որովհետեւ, ինչպես դատավոր Ժորա Վարդանյանն է ասել՝ ինքը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Վճռաբեկ դատարանի նոր նախագահին ներկայացնելու արարողությանը: Սա ակնհայտ օրինախախտման մասին «ինքնախոստովանություն» էր, որովհետեւ դատական նախորդ նիստը ընդմիջվել էր պաշտպանական կողմի՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի պահանջի վերաբերյալ որոշում կայացնելու պատճառաբանությամբ, որի նպատակով էլ սույն դատավորը մտել էր խորհրդակցական սենյակ: Գործող օրենսդրության համաձայն, մինչեւ իր վճռի կայացումն ու հրապարակումը դատավորն իրավունք չունի դուրս գալ խորհրդակցական սենյակից կամ շփվել որեւէ մեկի հետ: «Այսինքն՝ խախտել եք խորհրդակցական սենյակի գաղտնիությունը»,- դատարանում հայտարարել է Գ. Ջհանգիրյանը: Դատավոր Ժ. Վարդանյանը իր ինքնաբացարկը մերժելու մասին որոշումը հրապարակելուց հետո անցել է գործով երկու վկաների հարցաքննությանը: Գ. Ջհանգիրյանին եւ նրա եղբորը ՀՀ ոստիկանության «6-րդ» վարչություն բերման ենթարկած երկու ոստիկանները՝ Միքայել Ղազարյանն ու Գեւորգ Վարդանյանը, երեկ ցուցմունք տալիս «չեմ հիշում», «չգիտեմ» արտահայտություններով էին պատասխանում պաշտպանական կողմի հարցադրումներին: Բայց նրանց ցուցմունքները գոնե այն մասով, որ մասով հիշում էին, հակասում էին գործի նյութերին՝ հօգուտ Գագիկ Ջհանգիրյանի: Վկաներից մեկի՝ Գ. Վարդանյանի՝ Գ. Ջհանգիրյանի հարցերին պատասխանելիս այդպիսի ցուցմունքները պատճառ դարձան, որ մեղադրող Կորյուն Փիլոյանը հայտարարի, թե մեղադրող կողմը հրաժարվում է այդ վկայից: Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 23-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել