ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ԱԺ նախագահի փոփոխությանն առնչվող բացատրություններից նախագահի խոսքն է համարում կարեւորը:
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը Մամուլի ազգային ակումբում հայտարարեց. «Սահմանադրության բարեփոխումները օրենքի ասպարեզում տվեցին այդ կշիռը ԱԺ-ին, սակայն այդ կշռից օգտվելու համար պետք էր երկու էլեմենտ՝ ԱԺ-ի մասնագիտական որակ եւ ԱԺ-ի վճռական եւ խիզախ նախագահ: Այս էլեմենտներից մեկը ՀՀ նախագահը համարում է, որ անհրաժեշտ է բարելավել»:
Անդրադառնալով հայ-թուրքական քարոզչությանը, նկատեց. «Թվում է, թե մենք իրար հետ կոնֆերանսներում բարձր ամբիոններից խիզախ խոսելու, խիզախ լինելու դասեր ենք տալիս, բայց երբ հերթը հասնում է դուրսը խիզախ լինելուն, Գյուլին ասելու, թե ինչ ենք մտածում նրա, նրա վարած քաղաքականության եւ նրա երկրի մասին, հանկարծակի բոլորը մտնում են… ուր որ մտնում են, իսկ մենք (նկատի ունի Դաշնակցությանը- Մ. Ե.)՝ չէ»: Անդրադառնալով Թուրքիայի նախագահ-ՀՀ նախագահ հանդիպումներին եւ դրանց մասին տարածվող լուրերին, Վահան Հովհաննիսյանն ասաց. «Թուրքական եւ մասամբ ադրբեջանական քարոզչական մեքենան փայլուն է օգտագործում ընձեռած հնարավորությունները, ցավոք սրտի՝ մենք դա չենք անում: Օրինակ, Սերժ Սարգսյանի խիզախությունը՝ իր հրավերի եւ հանդիպման հետ կապված, Հայաստանը պրակտիկորեն դիվանագիտական բեմերում չի օգտագործում: Քայլ է արվել, որի արդյունքները քաղում է Թուրքիան: Նա ասել է (նկատի ունի Գյուլին- Մ. Ե.), թե տարածքների վերադարձման, ընդհանրապես՝ Ղարաբաղի հարցում կարողացել է մեր նախագահից կորզել լուրջ զիջումներ: Ես գիտեմ, որ դա այդպես չի, բայց ինչո՞ւ մեր կողմը չի հակադարձում, էս ի՞նչ ամոթխածություն է: Սա ինձ համար էլ հասկանալի չէ»:
«Առավոտը» մի քանի հարց ուղղեց Վահան Հովհաննիսյանին:
– Այսօր իշխանության համար օրակարգային են ներքաղաքակա՞ն խնդիրները, թե՞ Ղարաբաղը: Խոսեցիք ազգային անվտանգության հայեցակարգի մասին, սակայն իշխանություն եք, մի՞թե կոալիցիայի նիստերում չեք քննարկում այս խնդիրները: Եթե այդ հարցերը բարձրացնում եք՝ ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն կամ ՀՀԿ-ն ինչպե՞ս են արձագանքում:
– Իհարկե, այս հարցերը քննարկում ենք մեր գործընկերների հետ, սրանք բարդ եւ կնճռոտ հարցեր են, եւ միանգամից համատեղ տեսակետ գուցեեւ չառաջանա: Եթե քաղաքական ուժերը տեսնեն, որ կոալիցիայի ներսում այս հարցերի վերաբերյալ չի առաջանում ընդհանուր մոտեցում, կարող են հետեւություններ անել: Բայց նման խնդիր դեռեւս չկա: Ի վերջո՝ ի՞նչ խնդիր կա: Մենք արտահայտում ենք մեր մոտեցումներն այնպես՝ ինչպես ճիշտ ենք համարում: Որեւէ մեկը մեր գործընկերներից դեռ չի ասել, որ դա սխալ է: Ասե՞լ է: Չեն ասել, չէ՞:
– Սակայն այսօր ձեզ է հանձնված այդ հարցերի լուծման հնարավորությունը՝ այդ չորսիդ, իշխանությունը դուք եք, ամեն մեկդ հայտարարում եք, թե վիճակը շատ լուրջ է, բայց՝ հետո՞, հետո՝ ի՞նչ:
– Դրա համար Հայաստանում գոյություն ունի Անվտանգության խորհուրդ, եւ Անվտանգության խորհուրդը, կարծում եմ, պետք է իր օրակարգի մեջ ընդգրկի նաեւ այդ խնդիրը:
– Ազնվորեն ասացեք՝ իսկապե՞ս ՀՅԴ-ն ուզում է վերադարձնել Ռոբերտ Քոչարյանին, եթե այո՝ ինչո՞ւ:
– Ռ. Քոչարյանն ինքնուրույն քաղաքական դեմք է, երբ կորոշի վերադառնալ քաղաքականություն՝ կվերադառնա, այն ժամանակ էլ կխոսենք: Նման օրակարգ՝ որեւէ մեկին բերելու կամ արտաքսելու քաղաքականությունից, մենք չունենք: