Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐՈԲ ՍԵՐՈԲԻ ՍԵՐՈԲՅԱՆ

Սեպտեմբեր 19,2008 00:00

\"\"Ըստ «Մարտի 1»-ի գործով 7 մեղադրյալների պաշտպանական խմբի գործունեությունը համակարգող Արմեն Խաչատրյանի՝ այս գործի նյութերում կան նման կոդավորված անուններով «փակ վկաներ»:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը սեպտեմբերի 4-ին հայտարարեց, որ ավարտվել է Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Շանթ Հարությունյանի, Գրիգոր Ոսկերչյանի եւ Սուրեն Սիրունյանի մասով գործի նախաքննությունը: Նրանց պաշտպանները, որոնց գործունեությունը՝ կազմակերպական աշխատանքների առումով, համակարգում է Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ղեկավար Արմեն Խաչատրյանը՝ ծանոթանում են այդ քրգործի նյութերին: «Այս պահին մեզ տրված է մոտ 27 հատոր, որը, մեր ունեցած տեղեկություններով, գործի ուղիղ կեսն է,- պատմեց պրն Խաչատրյանը:- Գիտենք, որ ամբողջ գործը 40-50 հատոր է: Սակայն այս ծավալուն գործի մեջ միայն 7 հատոր կազմում են բացառապես այրված մեքենաների մասին նյութերը: Չենք ասում, թե դրանք կարեւոր չեն, բայց այն տպավորությունն է, որ «Սովետական Հայաստան» թերթը դրել են գործի մեջ՝ ծավալ լրացնելու համար. սովետական շրջանում նման պրակտիկա կար դատախազությունում»:

Ըստ նրա՝ այս 7 գործիչներից ամեն մեկի վերաբերյալ նյութերը կազմում են 2-ական հատոր. «Եվ այդ հատորները, նյութի առումով, առանձնապես շատ հարուստ չեն: Եթե դրանց միջից հանենք ընդհանուր տրաֆարետային որոշումները, որոնք կան բոլոր հատորներում՝ ամեն մեկի մասով կմնա 200-250 էջանոց քրգործ: Իսկ այդ նյութերն էլ հիմնականում այն վկաների հարցաքննություններն են, որոնց վերաբերյալ անցած 6 ամիսների ընթացքում անընդհատ ահազանգեր էին լինում. այդ ցուցմունքները հիմնականում կորզված են ապօրինի ձերբակալություններով ու սպառնալիքներով: Կան նաեւ ցուցմունքներ, որոնց ավելի մանրամասն՝ որպես կատարված շատ լուրջ ապօրինության, կանդրադառնանք դատաքննության ընթացքում: Դրանցից են «փակ» վկաների ցուցմունքները: Դրանք անձինք են, որոնց գործում տրվել է պայմանական անուն, ազգանուն, հայրանուն: Նախաքննության մարմինը հիմնավորել է, թե այդ մարդիկ իրականում կան, բայց մենք հավանաբար հնարավորություն չենք ունենա նրանց լսել դատարանում՝ իբր նրանց կյանքին, անվտանգությանը սպառնացող հնարավոր վտանգի պատճառով, եթե բացահայտվի նրանց անձը»: Արմեն Խաչատրյանը որպես օրինակ բացահայտեց նման մի վկայի անուն՝ Սերոբ Սերոբի Սերոբյան, որը ներգրավված էր Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ առաջադրված՝ պետական իշխանությունը յուրացնելու մեղադրանքով գործում. այն հետագայում կարճվեց. «Այդ վկան «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ բանտարկյալներից է»: Մեր զրուցակիցը հաստատեց ենթադրությունը, թե այդ կալանավորը «նասեդկա» է՝ նրան նստեցրել են քաղբանտարկյալի խցում, ու «Սերոբ Սերոբի Սերոբյանն» այդ ընթացքում տեղեկատվություն է հավաքել:

Հարցին, թե գործում առկա ցուցմունքներով արդյոք հիմնավորվա՞ծ են այն մեղադրանքները, որոնք առաջադրվել են այս 7 անձանց՝ Արմեն Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Երբ կարդում էի Գրիգոր Ոսկերչյանի գործով ցուցմունքները՝ հասկացա, որ խոսքը քաղաքական գործչի մասին է, որը զբաղվել է զուտ քաղաքական եւ օրինական գործունեությամբ: Այսինքն՝ ընդամենն ապահովել է մարդկանց տեղաշարժն իրենց կարծիքը հայտնելու եւ իրենց նախընտրած թեկնածուի հանրահավաքներին մասնակցելու համար: Ըստ այդ ցուցմունքների՝ հնարավոր չէ գտնել որեւէ հանցակազմ նրա գործողություններում»:

Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ղեկավարը նաեւ բացահայտեց դատաքննության ընթացքում իրենց որդեգրելիք մարտավարության հենքը. «Մենք չենք ընկնելու այն մանրամասների հետեւից, թե քա՞ր է եղել ձեռքին, թե՞ փայտ, կոչ արե՞լ է կամ ոչ: Դա իրենց զենքն է՝ մանրանալ, գտնել մի դրվագ՝ ցույց տալու համար, թե տեսե՜ք այս քաղաքացին քարը ձեռքին հարձակվել է ոստիկանի վրա: Փաստաբանական խմբի մարտավարությունն այս է՝ ապացուցել, որ առաջադրված մեղադրանքները շինծու են: Նաեւ տրվելու է մարտի 1-ի առավոտյան կատարված դեպքերի գնահատականը՝ սկսած նախօրեին Ռոբերտ Քոչարյանի ելույթից. մենք այն դիտում ենք իբրեւ հրահանգ՝ մարտի 1-ի առավոտյան կատարված գործողությունների համար: Բացի այդ՝ մենք ապացուցելու ենք, որ ՔՕ 225 հոդվածի հանցակազմ այս գործում գոյություն չունի՝ դա եղել է ինքնաբուխ հանրահավաք, որը որեւէ մեկի կողմից կազմակերպված չի եղել, ուստի չի կարող խոսք լինել կազմակերպված զանգվածային անկարգության մասին: Եվ այս ամբողջի շնորհիվ մենք ցույց կտանք, որ այն մարդիկ, որոնց առաջադրվել է ՔՕ 300 հոդվածը՝ պետական իշխանությունը յուրացնելու վերաբերյալ, այս պարագայում իշխանությունների կողմից պետական հեղաշրջման զոհ են»:

Արմեն Խաչատրյանը նաեւ կանխորոշեց. «Գագիկ Ջհանգիրյանի հայտարարած «հայկական արդարադատության մահը» նշանավորվեց 7 օր հետո Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի հրաժարականով: Կարծում եմ, որ դրա ամփոփումը կլինի այս հայկական «Նյուրնբերգյան դատավարությունը», քանի որ այս քրգործով սարքված «փուչիկը» շատ գեղեցիկ տրաքելու է այդ դատաքննության ընթացքում: Եվ դրանով իսկապես կոտրվելու է այս կեղծ արդարադատության ողնաշարը: Արդեն իսկ սեպտեմբերի 17-ին Դավիթ Մաթեւոսյանի գործով դատական նիստում հայտնի դարձավ, որ դատավորների 2-3 եռյակ հրաժարվել է վերցնել այդ գործը: Այսինքն՝ ընթացել է գործընթաց, թե արդեն բավակա՛ն է արձակել այս ակնհայտ ապօրինի դատավճիռներն ու ազատազրկել այս անմեղ մարդկանց՝ ընդամենը պետպատվերի շրջանակներում»:

Նրա կանխատեսումներով՝ գործի նյութերին իրենց ծանոթանալու գործընթացը կավարտեն հոկտեմբերի 15-20-ին: Ըստ այդմ՝ այս գործի դատաքննությունն, ըստ ամենայնի, կսկսվի նոյեմբերի սկզբին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել