Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ֆիլատելիստը կներկայացնի Ռուսաստանը

Սեպտեմբեր 18,2008 00:00

\"\"ՀՀ-ի ու ԼՂ-ի ողջ պատմագրությունը՝ ՌԴ «դրոշի» ներքո

Վիեննայում այսօր կբացվի Ֆիլատելիայի միջազգային ավանդական ցուցահանդեսը: Միջոցառմանը Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված է ՀՀ եւ ՌԴ ֆիլատելիստների միության անդամ, Ֆիլատելիայի եւ դրամագիտության համահայկական ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանի «Խորհրդարանների պատմությունը ֆիլատելիայում» գիրքը:

«Առավոտի» հետ զրույցում Վ. Պետրոսյանը հայտնեց, որ թեեւ ինքն այս անգամ ներկայացնում է ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը (ֆինանսական խնդիրների պատճառով), սակայն իր հեղինակած «Խորհրդարանների պատմությունը ֆիլատելիայում» գրքում Հին Հռոմի, Հին Հունաստանի, Հին Սպարտայի, Վատիկանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողքին տեղ են գտել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը՝ իրենց ողջ պատմագրությամբ:

Դիտարկմանը՝ գրքի վերնագրից կարելի է ենթադրել, որ այն հովանավորվել է խորհրդարանականների, իշխանավորների կողմից, մեր զրուցակիցն ասաց, որ ոչ մի պատգամավոր իր լուման չունի այս գրքի անգամ հրատարակման գործում. «ՀՀ նախկին նախագահ Քոչարյանը խոստացել է աջակցել հաջորդ գրքի տպագրությանը: Նշեմ նաեւ, որ այս տարի պետպատվերի շրջանակներում լույս տեսավ «Հայաստանը համաշխարհային ֆիլատելիայում» աշխատությունս»: Վ. Պետրոսյանը համակարծիք էր մեր այն մտքին, որ աշխարհում ընդունված է ֆիլատելիայի միջոցով երկիր ներկայացնելը, ինչը կարծես մեզ մոտ դեռ «կաղում» է: Ըստ նրա, այդ «կաղալը» պայմանավորված է միայն ու միայն ֆինանսական «թերսնությամբ». «Ադրբեջանն արդեն գիտակցում է, որ ինֆորմացիա տարածելու առումով ֆիլատելիայի հնարավորություններն անհամեմատ մեծ են: Այդ երկիրն անգամ նամականիշ է թողարկել, իբր իրենք արցախյան պատերազմի արդյունքում ունեցել են 1 մլն գաղթականներ, այնինչ՝ իրականում այդ թիվը կազմում է 453 հազար»: Հավանաբար, որպեսզի տխուր չլինի պատկերացումը հայկական ֆիլատելիայի մասին, պարոն Պետրոսյանը նշեց նաեւ, որ Հայաստանը քանիցս մասնակցել է միջազգային միջոցառումների, ինչպես նաեւ մեր երկրում կազմակերպել ցուցահանդեսներ՝ նվիրված քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, Հայաստանի անկախությանը եւ տարբեր նշանակալի տարեդարձերի. «Հոկտեմբերի 9-ին էլ կբացվի հերթական ցուցահանդեսը՝ նվիրված «Հայփոստին»:

Այնուամենայնիվ, ֆիլատելիան Հայաստանում ցանկալի մակարդակի վրա չէ, վերջին մի քանի տարում մեզ հայտնի է միայն 2007-ին Հայաստանում անցկացված ֆիլատելիայի միջազգային միջոցառումը: Այս առիթով Վլադիմիր Պետրոսյանը առանց մանրամասնելու հայտնեց հետեւյալը. «Վերջին տարիներին, ավելի կոնկրետ՝ 2002-ից մեզանում չէին կազմակերպվում ցուցահանդեսներ՝ ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ ուրիշ պատճառներով: Սակայն 2007-ին, երբ Հովհաննես Մուսայելյանը ընտրվեց Ֆիլատելիստների միության նախագահ, մեր ոլորտում ժամանակավոր անգործությունը տեղի տվեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել