Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼԻՆ ԳՆԱՀԱՏԵՑ, ՊՈՂՈՍՅԱՆԸ՝ ՈՉ

Սեպտեմբեր 18,2008 00:00

\"\"Բանաստեղծ Վահե Արսենի միջազգային մրցանակը մշակույթի նախարարությանը չի հետաքրքրում

Հայաստանցի 30-ամյա բանաստեղծ, ԵՊՀ դասախոս Վահե Արսենն արժանացել է «Երիտասարդ գրողների համագործակցության»՝ «Պոեզիայում նորարարության համար» միջազգային մրցանակին: Մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 18-20-ը՝ Դուշամբեում, ԱՊՀ երկրների ստեղծագործողների եւ գիտնականների երրորդ ֆորումի շրջանակում: «Երիտասարդ գրողների համագործակցություն» մրցանակաբաշխության, որն անցկացվում է առաջին անգամ, նպատակն է աջակցել ԱՊՀ մինչեւ 35 տարեկան ստեղծագործող երիտասարդներին: Ժյուրին գլխավորում էր Ադրբեջանի նախկին մշակույթի նախարար, Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին:

«Առավոտը» հյուրընկալեց Վահե Արսենին: Նա տեղեկացրեց, որ ռուսերեն էր թարգմանել ու Մոսկվա մրցույթի էր ներկայացրել իր երկրորդ՝ «Կանաչ աստվածների վերադարձը» ժողովածուից բանաստեղծություններ, որոնք մուսուլմանաշատ ժյուրին գնահատել է իբրեւ նորարարություն: «Այդ ժողովածուս պետպատվերով տպագրվել է 2007 թ. հոկտեմբերին, սակայն մինչ այժմ պահեստում է եւ 10 օրինակ է ինձ հասել: Փաստորեն, գիրքս մի ամբողջ հղիության շրջան մնացել է մշակույթի նախարարության ապամշակութային կալանքի տակ եւ այդպես էլ չի ծնվել»,- մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ հայտնեց Վահեն:

Ցանկացանք իմանալ, թե ինչո՞ւ չի մեկնել Դուշամբե՝ հեղինակավոր մրցանակը ստանալու, որի համար մրցում էր շուրջ 100 գրող՝ տարբեր երկրներից: «Մշակույթի նախարարությունը տեղյակ չէր, որ մրցանակ եմ ստացել: Տեղեկացրինք այն ժամանակ, երբ Դուշամբե մեկնող պատվիրակությունն արդեն կազմված էր: Ինձ հրավիրեցին նախարարի հետ հանդիպման ու այդտեղ էլ ես դեմ առա հակամշակութային մի պատի… Նախ հարցրին՝ ո՞վ եմ, ի դեպ՝ նախարարը նույնիսկ չշնորհավորեց… Հետո հարցրեց՝ ի՞նչ ակնկալիքներ եւ նպատակներ ունեմ, որ ուզում եմ մեկնել: Ասացի՝ կոնկրետ ակնկալիքներ իմ առջեւ չեմ դրել, որ մեկնեմ Դուշամբե եւ այնտեղ հեղափոխություն անեմ, պատճառը մրցանակս է: Հետո սրվեց իրավիճակը, հանդիպումը վերածվեց դասի, քարոզի… Ժամանակին կոմսոմոլ չհասցրի դառնալ, պիոներով է ավարտվել սովետական ոդիսականս: Ինչեւէ, սկսվեց քարոզի նման մի բան, թե՝ մենք երկիր ենք ներկայացնում եւ իրենք թիմով են գնալու, ու եթե ես այդ թիմի մասնիկը չեմ կարող լինել, ինձ համար այլ թիմ պիտի գտնեմ»,- պատմեց երիտասարդ բանաստեղծը, որը մշակույթի նախարարին տեղեկացրել է նաեւ իր գրքի կալանված տպաքանակի մասին: «Նախարարն էլ զայրացավ, թե ինչու չեն կարողանում մարդուն կոռեկտ բացատրել պատճառը… Ես չգիտեմ, թե ինձ ինչքա՞ն կոռեկտ պիտի բացատրեն, որ մի տարի է՝ իմ գիրքը պահեստում է… փաստորեն, ստացվում է՝ մեղավորը նրանք են, որ չեն կարողանում գրողին կոռեկտ բացատրել»,- զարմանում է մեր զրուցակիցը,- «Նախարարի հետ հանդիպման ժամանակ երկար խոսվեց այն մասին, որ պետությունն ինձ համար, ուսումից սկսած, գումարներ է ծախսել (ի դեպ, ես վճարովի եմ սովորել), թարգմանել է իմ ստեղծագործությունը ռուսերեն: Ասացի, որ ինքս եմ թարգմանել: Ասացին, որ մշակույթի նախարարությունն ամեն ինչ արել է, ի պատասխան հիշեցրի, որ նախարարությունը նույնիսկ տեղյակ էլ չէր մրցանակիս մասին ու ինձ չի ընդգրկել պատվիրակության կազմում… Սա աբսուրդի ոլորտից է: Այնուամենայնիվ, տոմսը տրվեց ինձ, բայց այնպես էր, որ կարծես դա կոխոտված եւ գետնին ընկած էր, ու ես կամ պիտի ինքնասիրությունս մի կողմ դնեի՝ տոմսը վերցնելով, կամ էլ ինքս ինձ հարգեի: Բնականաբար, ընտրեցի ինքնասիրությունը, տոմսը դրեցի սեղանին եւ ասացի, որ իրենց հետ ճանապարհ չեմ գնա: Նախարարությունն արդեն տեղեկացրել էր հանձնաժողովին, որ չեմ մեկնելու: Երբ Ռուսաստանից զանգեցին ու հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ չեմ մեկնում, ամեն ինչ կապեցի զբաղվածությանս հետ, բայց նաեւ խնդրեցի հայաստանյան պատվիրակության ոչ մի ներկայացուցչի ձեռքը չհանձնել մրցանակս,- իր ոդիսականը ներկայացրեց Վահե Արսենը՝ հավելելով,- ես առաջին անգամ էի առնչվում մշակույթի նախարարության հետ: Դրանից հետո համոզվեցի, որ ոլորտում ստեղծված իրավիճակը տրամաբանական է. ինչպիսին նախարարն է՝ էնպիսին ոլորտն է: Չգիտես ինչու, բոլոր չինովնիկներին թվում է, թե իրե՛նք են մշակույթ ներկայացնում եւ արվեստագետների հետ խոսում են՝ ինչպես իրենց ստրուկների հետ: Նրանք շփոթության մեջ են՝ մշակույթը ներկայացնում է գրողը, նկարիչը, քանդակագործը, ստեղծագործող մարդը… Չմոռանամ ասել, որ Հասմիկ Պողոսյանն ասել էր, թե ծախսերն իրենք են անելու, հետո իմացա, որ տոմսի գումարը հատկացրել է ՌԴ կառավարությունը»:

Նշենք, որ Վահե Արսենը 3 միջազգային ընկերությունների մրցանակ ունի, այդ թվում՝ նաեւ P.E.N.-ի: Նա ասում է, որ հաճելի է, երբ իրեն գնահատում է օտարը. «Ցավոք, մեզ մոտ մի քիչ արժեզրկվել են մրցանակները»: Երիտասարդ գրողը կարծում է, որ անկախ նրանից՝ արվեստը պետական հոգածության ներքո է, թե ոչ, միեւնույն է՝ ստեղծվում է, իսկ պետական հոգածություն կոչվածը պետք է նպաստի գրողին ճանաչում բերելուն. «Հոգածությունը պարտադիր է, բայց այն առումով, որ գրողին ճանաչեն, նրա ասածը հասարակության մեջ ունենա կշիռ: Ցավոք, հիմա բոլորը ճանաչում են միայն կիսատ-պռատ աստղերի, պրիմիտիվ սերիալների կիսաքրեական հերոսների, որոնք ոչինչ չունեն մատաղ սերնդին տալու …Եթե «Եվրատեսիլում» 7-8-րդ տեղն ենք շահում, բոլորը թմբկահարում եւ հեռուստատեսությունը պատառոտում են, պատվիրակություններ են գնում, բայց երբ արվեստի ոլորտին է ինչ-որ բան առնչվում՝ հետաքրքիր չէ: Այսօր եթե անգամ բարձրագույն մրցանակ էլ տան համաշխարհային գրականության ոլորտում, այդ մասին հնարավոր է, որ ոչ ոք չիմանա… իսկ ո՞ւր մնաց մշակութային քաղաքականությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել