Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհվածի հիշատակն արհամարհում են

Սեպտեմբեր 18,2008 00:00

Արցախի պատերազմում զոհված ազատամարտիկի հիշատակին հիմնած այգու անմիջապես հարեւանությամբ առեւտրի տաղավար են տեղադրում:

Զոհված ազատամարտիկ Երվանդ Սաղումյանի մայրը՝ տիկին Ալիսան, իր ընտանիքի միջոցներով Արաբկիր համայնքի Գյուլբենկյան-Խաչատրյան փողոցների անկյունում այգի է հիմնել ու արդեն 19 տարի այն մշակում է: Այդ այգում տիկին Ալիսան վարդերի բացառիկ տեսակներ է աճեցնում: Նրա խոսքերով, անգամ դպրոցներից այս այգի աշակերտներ են բերում, որպեսզի նրանք ծանոթանան ե՛ւ ազատամարտիկի անցած հերոսական ուղուն, ե՛ւ վարդերի բացառիկ տեսականուն: Ալիսա Սաղումյանի պատմելով, իր որդին՝ Երվանդը, վարդեր շատ էր սիրում. «Աչքիս լույսի պես այս այգին մշակում եմ, չեմ խնայում ինձ, արդեն 74 տարեկան եմ, հազիվ եմ քայլում, աչքերս համարյա չեն տեսնում, բայց ամեն օր իջնում եմ այգին ջրելու: Սակայն այսօր այդ տաղավարով նսեմացնում են որդուս հիշատակը: Ինչպե՞ս կարելի է այստեղ առեւտրի կետ բացել, 100-200 մետր այն կողմ Մերգելյանի շուկան է, թող գնան այնտեղ վաճառեն: Սա սրբատեղի է»: Տիկին Ալիսայի խոսքերով՝ այգու տարածքում տաղավար տեղադրելը դարձել է սկզբունքային հարց. «2005-ի նախկին թաղապետ Լեւոն Հարությունյանի միջամտությամբ տաղավարը հանվեց: Հետո էլ թաղապետ Հովհաննես Շահինյանի օգնությամբ հանեցին: Բայց մինչ այդ, ես եղա Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Կարեն Գեւորգյանի մոտ, որն ինձ շատ սիրալիր դիմավորեց եւ ասաց, որ իրենք տաղավարների տեղադրման թույլտվություն տալիս տեղյակ չեն լինում, թե այդ անկյուններում, բացի տաղավարից, էլ ինչ կա, եւ որ թաղապետարանի մասնագետներն են նայում ու ասում, որ այդ վայրում հարմար է տաղավար տեղադրելը, իրենք էլ այդ փաստաթղթի տակ ստորագրում են: Բայց մեր թաղապետարանից ինձ ասում են, որ իրենք իրենց համաձայնությունը չեն տվել եւ այդ փաստաթղթի վրա չկա իրենց ստորագրությունը»:

Նշենք, որ Հ. Շահինյանի օրոք այս տարածքում ոչ մի տաղավար չի տեղադրվել, սակայն, երբ օրերս հայտնի դարձավ, որ թաղապետ է ընտրվել Ալբերտ Երիցյանը, սեփականատերը կրկին գործի է անցել եւ արդեն տաղավարը տեղադրել է. «Ինձ ասում են, դատարանի վճիռը կա, բայց ես չեմ հավատում, դատարանը այդպիսի բան չէր կարող որոշել: Հովհաննեսը լավ տղա է, այսքան ժամանակ ոչ մի պաշտոնյա չի եկել ինձ տեսության, իսկ նա շատ հաճախակի է գալիս»,- ասում է տիկին Ալիսան: Ըստ Ա. Սաղումյանի՝ այս տաղավարը պատկանում է Արաբկիրի թաղապետարանի նախկին աշխատակից Տիգրան Նազարեթյանին. «Ես նրանց հասցեն իմացել էի, գնացինք իրենց տուն: Այնպիսի շքեղ տուն ուներ, էլ ինչի՞ է ցանկանում նման ստորություն անելով գումար աշխատել: Ես նրան ասում եմ՝ այդտեղ գերեզման է, չի կարելի նման բաներ անել, նա ինձ պատասխանում է՝ ձեր տղան գերեզման ունի»: Տիկին Ալիսան հուսահատությունից որոշել է ինքնահրկիզվել. «Թող ասեն՝ մի մայր էլ այսպես գնաց: Իմ որդին այս երկրի համար կյանքն է տվել, իսկ նրանք չեն հարգում որդուս հիշատակը»:

Այս առնչությամբ Արաբկիրի թաղապետարանի ապօրինի շինությունների, հողազավթումների դեմ պայքարի բաժնի պետ Էդուարդ Փանոսյանն «Առավոտին» պարզաբանեց, որ այս տարածքը դեռեւս 2004-ին է քաղաքապետարանի կողմից հատկացվել՝ տաղավար տեղադրելու նպատակով. «Սակայն թաղապետարանը տաղավարը 2 անգամ ապամոնտաժել է, հիմա սեփականատերը դատարանի վճռով ու ԴԱՀԿ աշխատակիցներով է եկել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել