Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՊԱՏՎԵՐՈՎ ՉԻ ԱՇԽԱՏԵԼՈՒ»

Սեպտեմբեր 18,2008 00:00

\"\"Վստահեցնում է պալատի նախագահ Իշխան Զաքարյանը

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ Վերահսկիչ պալատի (ՎՊ) խորհրդի նիստ, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրին առաջին եռամսյակում 3 ոլորտներում՝ քաղաքաշինության, գյուղատնտեսության նախարարություններում եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ջեռուցման ծրագրի ուսումնասիրության արդյունքները: Ըստ ՎՊ նախագահի, ստուգումների արդյունքում պարզվել է, որ չարաշահումների հետեւանքով պետությանը 1 միլիարդ 300 միլիոն դրամի վնաս է պատճառվել: Խորհրդի նիստից հետո Ի. Զաքարյանը համաձայնեց «Առավոտին» հարցազրույց տալ:

– Պարոն Զաքարյան, Վերահսկիչ պալատի մասին օրենքով պալատն առաջին հերթին հաշվետվությունը պետք է ներկայացնի ԱԺ-ին: Ինչո՞ւ Դուք այն առաջինը ներկայացրիք ՀՀ նախագահին:

– Նախագահի մոտ մենք պարզապես աշխատանքային խորհրդակցություն ունեցանք, որի ընթացքում նյութերը ներկայացվեցին ՀՀ նախագահին: Բացի այդ, ՎՊ-ն օրենքով ստեղծված անկախ մարմին է, որը պետք է գործի բաց եւ հրապարակային: Որոշ դեպքերում հնարավոր է հանրությունն առաջինն իմանա բացահայտումների մասին, օրենքը գործունեության հրապարակման առաջնահերթություններ չի սահմանում: Օրենքի համաձայն, ՎՊ-ն տարին 1 անգամ ԱԺ է ներկայացնում իր գործունեության յուրաքանչյուր հաջորդ տարվա ծրագիրը եւ նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը: Սակայն սա պալատին չի սահմանափակում աշխատել իշխանության մյուս ճյուղերի հետ, այդ թվում՝ կառավարության կամ հանրապետության նախագահի հետ: Առավել եւս, որ բացահայտված չարաշահումների, խնդիրների հրատապ լուծումը կամ վնասի վերականգնումը, որը տվյալ դեպքում հնարավոր է եւ տեղի է ունենում հանրապետության նախագահի հանձնարարությամբ, կարող է նախ՝ կանխել հետագա չարաշահումներն ու հնարավոր վնասների պատճառումը, ապա նաեւ՝ վնասի վերականգնման արագ եւ արդյունավետ լուծումներ գտնել, որը եւ տեղի է ունեցել տվյալ պարագայում: Մեծ մասամբ չարաշահումների կամ վնասների հետեւանքների վերացումը արագ արձագանք է պահանջում, եւ եթե Վերահսկիչ պալատն ստիպված լինի սպասել տարին 1 անգամ իր հաշվետվությունը ԱԺ-ում ներկայացնելուն, վնասները կարող են ավելի մեծ լինել, կամ դրանց հետեւանքների վերականգնումն՝ անհնար:

Նախագահի մոտ աշխատանքային խորհրդակցությունը կարեւոր էր նաեւ այն առումով, որ ե՛ւ նախարարները, ե՛ւ մարզպետերը, ե՛ւ քաղաքապետերը հասկացան, որ երկրի թիվ 1 ղեկավարի կողմից խնդիրները դրվում են շատ պարզ, շատ հստակ, եւ ինչպես նախագահն ասաց՝ պետական բյուջեի ծախսերը լինելու են խոշորացույցի տակ, եւ պատժվելու են բոլոր նրանք, ովքեր պետբյուջեի միջոցները կծախսեն անարդյունավետ:

Նախագահի կողմից արդեն տրվել են շատ կոնկրետ հանձնարարականներ, սահմանվում է կոնկրետ ժամանակացույց խախտումների մեղավորներին պատժելու, դրանք վերացնելու ուղղությամբ: Բացի այդ, ՎՊ նախագահի թեկնածությունն առաջադրում է ՀՀ նախագահը, քվեարկությամբ հաստատում է ԱԺ-ն, հետեւաբար, պալատի նախագահն առաջին հերթին պատասխանատու եւ հաշվետու է նախագահին:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՎՊ-ն իր ստուգումներն անցկացնի ըստ քաղաքական նպատակահարմարության, ասենք, օրինակ, ՀՀԿ-ն այսօր իշխող կուսակցություն է, եւ այն ոլորտները, որոնք հանրապետականների ղեկավարման ներքո են, դրանցում խախտումներ հայտնաբերելու դեպքում այդ մասին չբարձրաձայնվի:

– Ասեմ, որ նախ ինքս եմ դուրս եկել կուսակցությունից իմ՝ ՎՊ նախագահ ընտրվելուց 4 օր հետո, եւ այդ առումով որեւէ հարցով կաշկանդված չեմ: Ես շատ վտանգավոր եմ համարում այն, որ պալատն աշխատի պատվերով: Որեւէ բան չի թաքցվելու: Վերահսկողության ընթացքում մեզ համար ցանկացած կառույց հավասար դաշտում է: Օրինակ, հաջորդ քննարկումն առնչվելու է Սյունիքի մարզպետարանին: Սյունիքի մարզպետը եւ այդ մարզի քաղաքապետերի եւ գյուղապետերի մեծ մասը հանրապետական են: Ընդհակառակը, եթե հարցին ավելի ռեալ նայենք, կարծում եմ, բոլոր այս կուսակցություններն իրենք պիտի մտահոգվեն այս խնդիրներով, եւ իրենք իրենց խորհուրդներում որոշակի վերաբերմունք դրսեւորեն իրենց կուսակից ընկերների նկատմամբ, քանի որ բոլոր կուսակցություններն էլ, հատկապես նախընտրական փուլում, շատ լուրջ խոսում են կոռուպցիոն դրսեւորումների նվազեցման, պետական բյուջեի միջոցների օպտիմալ ծախսման մասին:

– Խախտումները հայտնաբերելուց հետո ինչպե՞ս է վերականգնվելու պետությանը հասցված վնասը:

– Գանձապետարանում բացված է հատուկ հաշիվ՝ ՎՊ-ի կողմից հայտնաբերված խախտումների վերականգնման համար: Այն, ինչը որ ֆինանսական տեսքով է, պետք է մեղավորների կողմից փոխանցվի այդ հաշվեհամարին, եւ հետագայում կառավարությունն այդ գումարները կօգտագործի տարբեր ծրագրերի համար: Հաջորդը՝ աշխատանքների վերականգնումն է. ենթադրենք, այս կամ այն շինարարական կազմակերպությունը գումարները ստացել է, բայց աշխատանքը չի կատարել, պետք է աշխատանքով վերականգնի:

– Այսինքն՝ եթե օրինախախտները պետությանը հասցված վնասը վերականգնում են, այլեւս քրեական պատասխանատվության չե՞ն ենթարկվելու:

– Շատ կոպիտ խախտումների մասով կլինեն նաեւ քրգործեր:

– Պարոն Զաքարյան, լուրեր կան, որ Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին իշխանությունները Վերահսկիչ պալատում պաշտոն են խոստացել: Ի՞նչ կասեք:

– Ես նման ինֆորմացիա չունեմ:

Հ. Գ. Խորհրդի նիստից հետո տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում Ի. Զաքարյանը ներկայացրեց վերոնշյալ 3 ոլորտներում հայտնաբերած խախտումները: Մասնավորապես, 2007-ին քաղաքաշինության նախարարությունում վաճառվել են մի քանի մեքենաներ, վերահսկողության արդյունքում պարզվել է, որ այդ մեքենաները վերանորոգվել են պետական բյուջեի հաշվին, հետո վաճառվել ավելի էժան գներով: Կամ՝ քաղաքաշինական պետական տեսչությունը կոչված է վերահսկելու շինարարության ողջ գործընթացը, ՎՊ-ն պարզել է, որ այդ տեսչությունը ամբողջ հանրապետության տարածքում կանաչ գոտիների վնասման որեւէ ակտ չի հայտնաբերել:

Հանրապետության գետերի հուների մաքրման համար հատկացված 945 միլիոն դրամից 71 միլիոնի չարաշահում է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել