Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՖԻԼՅԱՆԸ ԶԻՆԱԿԻՑ ԿՈՐՑՐԵՑ

Սեպտեմբեր 18,2008 00:00

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության արդեն նախկին քաղաքական քարտուղար Արմեն Աղայանը երեկ հրապարակայնորեն պարզաբանել է իր՝ հիշյալ նախաձեռնությունից հեռանալու վճիռը: Ըստ Ա. Աղայանի, իր այդ քայլը կապված է Ժիրայր Սեֆիլյանի որոշմամբ Հայ կամավորականների համախմբումը Հայ ազգային կոնգրեսին միանալու հետ: Ա. Աղայանը պատմում է, որ երբ մեկ տարի առաջ Սեֆիլյանը հայտարարել է Տեր-Պետրոսյանին աջակցելու մասին, նրա համակիրները բաժանվել են երկու խմբի. «Մի մասը համաձայնվեց «որպես գործիք օգտագործել հարգարժան հիմնադիր նախագահին»՝ հուսալով Սերժ Սարգսյանին շուտով զրկել իշխանությունից: Մյուսները հրաժարվեցին ընտրություն կատարել երկու չարիքի միջեւ: Բայց այս երկրորդ խումբը նախընտրական եւ հետընտրական շրջանում ձեռնպահ մնաց ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանին, այնպես էլ նրա վերաբերյալ Սեֆիլյանի դիրքորոշումը հրապարակային քննադատելուց, ինչը այդ օրերին կընկալվեր որպես անուղղակի քարոզչություն Սերժ Սարգսյանի օգտին, իսկ դա նույնպես անընդունելի էր»: Ապա Աղայանը գրում է, որ «Սեֆիլյանի ընդդիմախոսները սպասում էին, որ մի օր նա եւ իր կողմնակիցները կհամոզվեն, որ ոչ թե իրենք են Լ. Տեր-Պետրոսյանին որպես գործիք օգտագործում, այլ օգտագործվում են վերջինիս կողմից՝ սպասարկելով պատմության առջեւ ինքնամաքրվելու կամ գոնե գործող իշխանավորների ֆոնին ավելի լավը երեւալու նրա եսակենտրոն նախագիծը: Կողմերից եւ ոչ մեկի հույսերը չարդարացան»:

Աղայանը կտրականապես դեմ է եղել Կոնգրեսին միանալուն, համարելով, որ Կոնգրեսը միայն Տեր-Պետրոսյանի համար «հաջորդ խորհրդարանական ընտրություններում իր ընկերների համար ընդդիմադիր աթոռներ ապահովելու խնդիր է հետապնդում: Ուստի՝ անհրաժեշտ է ժամ առաջ դադարեցնել բոլոր տեսակի շփումները միավորված ընդդիմության այս ձեւաչափի հետ»: Եվ երբ սեպտեմբերի 15-ի հանրահավաքում Սեֆիլյանը հայտարարել է Կոնգրեսին միանալու մասին, Աղայանը որոշել է հեռանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել