Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԱՍԻԵ. «ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՊԱՀԸ ՄՈՏ Է…»

Սեպտեմբեր 18,2008 00:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն չորեքշաբթի օրը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմինֆոյի» սեփական թղթակիցը ԼՂ-ից, ֆրանսիացի միջնորդը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Սահակյանի հետ քննարկել է Հարավային Օսեթիայի օգոստոսյան իրադարձություններից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, դրանց արտացոլումը բանակցային գործընթացի վրա եւ լրացուցիչ քայլերի հնարավորությունը հակամարտության կարգավորման գործընթացում: Ֆասիեի խոսքերով, զրույցի ընթացքում ընդգծվել է, որ հարցը հնարավոր չէ լուծել պատերազմի միջոցով: Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ են համանախագահներն առանձին այցելում հակամարտող կողմերին, ֆրանսիացի միջնորդը նշել է. «Առաջին անգամ չէ, որ ես միայնակ եմ նման ուղեւորություն ձեռնարկում: Եթե կարողանայինք, ապա կգայինք բոլորս միասին: Մեր ժամանակացույցերը ծանրաբեռնված են եւ դրանք չեն համընկել: Սակայն հուսով ենք, որ կարող ենք երեքով այցելել Նյու Յորք եւ կազմակերպել նախարարների հանդիպում»,- ասել է Բեռնար Ֆասիեն, ընդսմին նշելով, որ ինքը ԼՂ կատարած իր այս այցը մանրազնին համակարգել է Մեթյու Բրայզայի եւ Յուրի Մերզլյակովի հետ:

«ՀՀ նախագահն իմաստուն վարվեց՝ երկիր հրավիրելով նախագահ Գյուլին, թեեւ շատերն ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում անհնար էին համարում նման հանդիպումը»,- ասել է Ֆասիեն նույն ճեպազրույցում: «Արդեն տեղաշարժ կա Թուրքիայի եւ Հայաստանի փոխհարաբերություններում: Կան նաեւ այլ ջանքեր՝ նախագահ Մեդվեդեւն ընդունել է Ադրբեջանի նախագահին: Դուք գիտեք, որ մի քանի շաբաթ առաջ Մոսկվայում էր Հայաստանի նախագահը: Ես ինքս մի քանի ամիս առաջ եղել եմ Անկարայում եւ դարձյալ այնտեղ կմեկնեմ մի քանի շաբաթից: Այս բոլոր ջանքերը եթե կենտրոնացվում են՝ օգտակար են լինում: Դրանք չեն կարող որեւէ սպառնալիք ներկայացնել, եթե, իհարկե, ամեն անգամ խոսք չի գնում կարգավորման նոր ձեւակերպում գտնելու մասին: Մենք գիտենք, թե ինչ է գտնվում սեղանին (նկատի ունի «մադրիդյան սկզբունքները»- խմբ.), եւ եթե բոլոր ջանքերը նպատակաուղղված լինեն այդ սկզբունքներին հավանություն տալու հեշտացմանը, ապա դա լավ է»,- ասել է ֆրանսիացի համանախագահը, հավելելով, որ «հնարավոր է, մոտ է կարեւոր որոշումների կայացման պահը»:

Պատասխանելով հակամարտությունների նմանություններին ու տարբերություններին առնչվող հարցին, Ֆասիեն նկատել է տվել, որ առհասարակ անհնար է դրանք համեմատել միմյանց հետ: «Ես արդեն ասել եմ, որ, օրինակ՝ Կոսովոյի դեպքում ունեինք հակամարտություն մեկ երկրի ներսում՝ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ: Ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին, ապա դա միայն մեկ պետության չի վերաբերում»: Այդուհանդերձ, ըստ միջնորդի, թեեւ միջազգային իրավունքը կարեւոր է, սակայն բավարար չէ, եւ տվյալ դեպքում անհրաժեշտ են նաեւ հակամարտող կողմերից յուրաքանչյուրի վստահությունն ու բարի կամքը: «Բարի կամքի առկայության դեպքում կարելի է գտնել խաղաղ կարգավորման սկզբունքների լավ կոմբինացիա»,- եզրափակել է Բեռնար Ֆասիեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել