Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ Ռոբեսպիեռին են վերապահումներով մոտեցել

Սեպտեմբեր 18,2008 00:00

Ուր մնաց, որ Հովիկ Աբրահամյանի անձի հանդեպ վերապահումներ չլինեն

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց, որ նախորդ օրվա վերջում կայացած կուսակցության խորհրդի նիստում միաձայն հաստատվել է գործադիր մարմնի սեպտեմբերի 6-ի որոշումը՝ Հովիկ Աբրահամյանին Ազգային ժողովի նախագահ դարձնելու վերաբերյալ: Իր արդեն հայտնի մամուլի ասուլիսում Տիգրան Թորոսյանն ասել էր. «Սեպտեմբերի սկզբին այդ, այսպես կոչված, գործընթացը ձեւականորեն դարձավ քաղաքական խնդիր եւ քննարկվեց կուսակցության գործադիր մարմնում: Ի դեպ, ասեմ, որ որոշ մարդիկ ուղղակի անբարո պահեցին իրենց՝ կեղծելով այս նիստի ե՛ւ ընթացքը, ե՛ւ քվեարկությունը, ներկայացնելով բոլորովին այլ պատկեր»: «Առավոտին» հետաքրքրում էր, թե հատկապես ի՞նչն են կեղծել որոշ հանրապետականներ, եւ իրականում ինչպիսի՞ն են եղել գործադիր մարմնում քվեարկության եւ քննարկման արդյունքները: ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ասաց. «Կարծում եմ, եթե պարոն Թորոսյանն այդքանն ասել էր, ինքը պետք է հրապարակեր, եւ հետո, ասեմ, որ Հանրապետական կուսակցությունում չեն կիսում այն գնահատականները, որ տվել է պարոն Թորոսյանը, բայց, այդուհանդերձ, կա որոշակի ըմբռնում, որովհետեւ մարդ է, ցանկացած մարդ ունի զգացմունքայնություն, ըմբռնումով ենք մոտենում եւ կարծում ենք, որ ժամանակի ընթացքում դա կանցնի, եւ պարոն Թորոսյանն ինքը սառը կդատի: Իսկ քվեարկության արդյունքները հայտնի են. խորհրդի նիստում 102 անդամից բացակա էր 8-ը, եւ մնացած 94-ը միաձայն ընդունել է այն որոշումը, որով պաշտպանել են Հովիկ Աբրահամյանին: Ինչ վերաբերում է պարոն Թորոսյանի որոշմանը, բնականաբար, կա ափսոսանք, որովհետեւ, ինչպես նախագահ Սարգսյանը նշել էր, ՀՀԿ-ն խնդիր չուներ եւ մտադիր էր պարոն Թորոսյանի կարողությունները եւ գիտելիքները, ինչպես նաեւ ահռելի փորձը ներդնել մեկ այլ ոլորտում՝ ի շահ մեր երկրի եւ մեր կուսակցության»:

«Ա1+»-ը, նկատելով, որ մինչ այժմ Հովիկ Աբրահամյանի օրենսդրական գործունեությամբ հիանալու առիթ չի եղել եւ նրա անձի հանդեպ միշտ եղել է մեծ վերապահում, հետաքրքրվեց, թե հատկապես Հովիկ Աբրահամյանի ո՞ր արժանիքի համար է Հանրապետականը որոշել, որ ԱԺ նախագահի պաշտոնը պետք է տրվի նրան: Է. Շարմազանովն ասաց, որ ինքը համամիտ չէ «Ա1+»-ի կարծիքին, եւ հայտարարեց. «Ցանկացած գործչի նկատմամբ կարող են լինել վերապահումներ, եւ համաշխարհային պատմության մեջ չկա մի գործիչ, նույնիսկ Ռոբեսպիեռը, Դանտոնը, անգամ՝ Դը Գոլը, Ֆրանսուա Միտերանը… այդ բոլոր գործիչների հանդեպ իրենց երկրների հասարակությունը ժամանակին որոշակի վերապահություններ է ունեցել: Ընդհանրապես, չկա գործիչ, որ առանց վերապահումների ընդունվի: Նորմալ է, որ կան վերապահումներ, դա խոսում է այն մասին, որ անցել ենք բրեժնեւյան ժամանակաշրջանը, ապրում ենք ժողովրդավարական երկրում: Իսկ կոնկրետ ՀՀԿ-ն ինքն է իր քննարկումների արդյունքում որոշում, թե իր կադրային ռեզերվի որ գործչին որտեղ է նպատակահարմար գործուղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել