Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՂՏՆԱԼՍԵԼ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԱԼԻԿԻՆ

Սեպտեմբեր 18,2008 00:00

\"\"Թերեւս առաջիկայում հրապարակվեն էլի փաստաթղթեր, որոնք պարզ կդարձնեն, որ ԱԱԾ-ն գաղտնալսել է Լեւոն Տեր-Պետրոսյանի

կողմնակիցների մի ողջ «բանակի»:

ՀՀ ԱԳ նախկին նախարար եւ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսը գաղտնալսելու, նրա նամակագրությունը վերահսկելու մասին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 19-ի որոշման պատճենը միայն օգոստոսի 25-ին էր տրամադրվել Ալ. Արզումանյանի պաշտպան Հովիկ Արսենյանին, այն էլ՝ վերջինիս միջնորդությամբ: «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ պաշտպանը օգոստոսի 27-ին այդ որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում՝ վիճարկելով ինչպես որոշումը, այնպես էլ դրա արդյունքում ձեռք բերված «ապացույցներն» անթույլատրելի ճանաչելու հարցը: Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Հովիկ Արսենյանի բողոքը, նաեւ՝ բեկանել ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ որոշումը: Բայց սա դեռ վերջը չէ: Ինչպես Հ. Արսենյանն ասաց, ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ դատարանների այս որոշումները Ալ. Արզումանյանի վերաբերյալ եւս կուղարկվեն Եվրոպական դատարան՝ ի հավելումն արդեն ուղարկված փաստաթղթերի:

Հ. Արսենյանը Վերաքննիչին ներկայացրած իր բողոքը հիմնավորել էր նրանով, որ այն հեռախոսահամարը, որը գաղտնալսվել է դատարանի որոշմամբ, իրականում չի պատկանել Ալ. Արզումանյանին, «իսկ դա ուղղակիորեն նշանակում է, որ մինչ այդ Ալ. Արզումանյանի նկատմամբ օպերատիվ հսկողություն է իրականացվել. նրան ապօրինաբար գաղտնալսել են եւ պարզել, որ նա խոսում է այդ՝ իրեն չպատկանող հեռախոսահամարով»: Բացի այս, պաշտպանի համոզմամբ, դատարանի որոշմամբ Ալ. Արզումանյանի նկատմամբ այսօրինակ սահմանափակումները կատարվել են ոչ թե որպես ՀՀ քաղաքացի Ալ. Արզումանյանի, այլ հատկապես՝ որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետի նկատմամբ, ինչն ուղղակիորեն վկայում է Ալ. Արզումանյանի նկատմամբ քաղաքական հետապնդման փաստի մասին:

«Եթե նույնիսկ այդպես էր՝ Ալ. Արզումանյանը գաղտնալսվել եւ հսկողության տակ էր առնվել որպես քաղաքացի, ապա դատարանի որոշման մեջ կարող էին շատ հստակ գրել, որ նկատի ունենալով, որ Ալ. Արզումանյանին ՀՀ ՔՕ 190 հոդվածով՝ «անօրինական փողերի լվացում», քրեական գործ է հարուցված եւ այդ մասով նախաքննություն է ընթանում ու ապացույցներ ձեռք բերելու խնդիր կա, թույլատրել գաղտնալսել նրա հեռախոսը եւ այլն: Այդ հիմնավորումը գուցեեւ խնդիր չառաջացներ: Բայց այդպես էլ չեն վարվել: Ավելին, դժբախտությունն այն է, որ երբ մեր Սահմանադրությամբ սահմանադրական աստիճանի բարձրացրին ՀՀ քաղաքացու բնակարանի, հեռախոսային խոսակցությունների եւ այլնի անձեռնմխելիությունը՝ դատարանները հանկարծ շատ հեշտությամբ ամեն մի ենթադրյալ պատրվակով կարող են գաղտնալսելու թույլտվություն տալ գործնականում ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ: Սա այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ մարդը թեկնածուի շտաբի պետ է»,- տարակուսեց Հ. Արսենյանը: Նրա ասելով, իրեն հայտնի է, որ գաղտնալսվել են նաեւ Արարատ Զուրաբյանի հեռախոսային խոսակցությունները. «Մյուսների մասով նման բան եղե՞լ է, թե՞ ոչ, գուցե ընթացքում պարզ դառնա: Բայց ակնհայտ է, որ հե՛նց այդ օրը՝ փետրվարի 19-ին, ԱԱԾ-ն գաղտնալսման թույլտվություն է ստացել նաեւ այն անձանց նկատմամբ, որոնք հանդիսացել են Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձինք, հայտնի քաղաքական գործիչներ են, նախընտրական շտաբների պետեր են եւ այլն: Այս պարագայում ամոթ էլ է, երբ դատարանում ասում են, թե գաղտնալսում իրականացվել է պարզապես քաղաքացու նկատմամբ: Դա միայն դառը ժպիտ է առաջացնում: Այդ դեպքում Ալ. Արզումանյան կամ Ա. Զուրաբյան քաղաքացին ինչո՞վ էր արժանացել ԱԱԾ-ի ուշադրությանը, եթե ոչ՝ որպես ընդդիմադիր գործիչ եւ թեկնածուի շտաբի պետ կամ ակտիվիստ»:

Պաշտպանն այս համատեքստում նաեւ հռետորական հարցադրում արեց՝ նկատի ունենալով Ալ. Արզումանյանին գաղտնալսելու միջնորդության մեջ եղած այն պատճառաբանությունը, թե ԱԱԾ-ն օպերատիվ ինֆորմացիա է ունեցել, որ ընդդիմությունն ուզում է պետական իշխանություն յուրացնել. «Եթե ունեիք նման տեղեկություն, եթե մարդիկ արդեն հանցանք էին կատարել, ինչո՞ւ էիք փետրվարի 20-29-ը թույլատրում շարունակել, այսպես ասած՝ «չարտոնված հանրահավաքները»: Հ. Արսենյանի մատուցմամբ, քրգործի նյութերից էլ պարզ է, որ քննությունը կատարվել է միայն մեկ կանխավարկածով եւ անպայման մեղադրական հակվածությամբ՝ եթե ընդդիմադիր ես, եթե այլախոհ ես, այլ դիրքորոշում ունես՝ դառնում ես կասկածյալ, եւ քեզ կարող են գաղտնալսել:

Ի դեպ, երեկ պաշտպանը հիշեցրեց նաեւ դեռեւս 2007թ. մայիսի 10-ից Ալ. Արզումանյանի նկատմամբ մեկ այլ՝ «լվացքի» գործով սկսված քրեական հետապնդման մասին: «Մի կողմ թողնենք այն, որ մինչ օրս էլ, այսպես ասած՝ «փողեր լվացողը» համարվում է «գտնված», իսկ կեղտոտ փողերն այդպես էլ գոյություն չունեն եւ ունենալ էլ չեն կարող: Երբ «Մարտի 1»-ի գործով Ալ. Արզումանյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ 300 եւ 225 հոդվածների հատկանիշներով՝ «պետական իշխանության յուրացում» եւ «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների կազմակերպում», այս գործին միացվել էր նաեւ «լվացքի» մեղադրանքը: Բայց վերջին պահին՝ օգոստոսի 29-ին, երբ հայտարարվեց «Մարտի 1»-ի գործով 7 մեղադրյալների մասով նախաքննության ավարտի մասին, «փողերի լվացման» մեղադրանքը կրկին առանձնացրին, թե՝ իբր, այդ մասով նախաքննությունը պիտի շարունակվի»,- ասաց Հ. Արսենյանը: Պաշտպանը վկայակոչեց ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 28-րդ հոդվածը, համաձայն որի՝ մեկ կամ մի քանի անձանց վերաբերյալ քրգործերը կարող են միացվել: «Է, միացվեցին: Հիմա քրգործի ավարտ են ցույց տալիս միայն ՀՀ ՔՕ 300 եւ 225-րդ հոդվածների մասով: Սա արտառոց երեւույթ է, նման բան չի լինում: Եթե մեղադրանքը բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննությամբ հիմնավորվում է՝ գործն ուղարկում են դատարան, երբ ինչ-որ մասը չի հիմնավորվում՝ կարճում են»,- արձանագրեց Հ. Արսենյանն ու հավելեց, որ սրա վերաբերյալ եւս բողոք էր ներկայացվել, որը դարձյալ մերժվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել