Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ն ՎԵՐԱԾՎԵԼ Է ԳՌԴՈՆՉԻՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

Սեպտեմբեր 18,2008 00:00

\"\"Ասում է ԳԽ եւ ԱԺ երեք գումարումների պատգամավոր Աղասի Արշակյանը

– Ինչպե՞ս եք գնահատում Տիգրան Թորոսյանի քայլը, որ մինչ ՀՀԿ խորհուրդը կհաստատեր ԱԺ նախագահի պաշտոնի համար Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն առաջադրելու կուսակցության գործադիր մարմնի որոշումը՝ ինքը հրաժարվեց ե՛ւ ԱԺ նախագահի պաշտոնից, ե՛ւ դուրս եկավ ՀՀԿ-ից:

– Նախ ասեմ, որ մի քանի ամիս տեւող այս պատմությունը եւ հիմա արդեն կարելի է ասել՝ սուտ հերքումներն այս փոխատեղման հնարավորության մասին, տխրեցնող են: Դրանք նշանակում են, որ մեր իրականության մեջ քիչ բաներ են փոխվել, իսկ սուտ ասելն էլ սկսել են համեմել խորամանկությամբ:

Իհարկե, ափսոսանքով վերաբերվեցի այս փոփոխությանը, քանի որ արդեն 20 տարի է՝ ճանաչում եմ Տիգրան Թորոսյանին, նրա լավ ու վատ կողմերով: Վերջին մի քանի տարիներին արդեն հստակ կարելի էր ասել, որ որպես քաղաքական գործիչ՝ նա կայացավ, անկախ վայրիվերումներից, անհաջողություններից կամ հաջողություններից, որ եղան նրա կյանքում: Եվ հիմա նման փոփոխություն անելը, երբ հասարակական կարծիքն ահավոր բացասաբար է վերաբերվում նոր թեկնածուի անձին, եւ հասարակական կարծիքի հետ հաշվի չնստելը՝ կարծում եմ, մեզ լավ տեղ չի տանի:

Ի պատիվ Տիգրան Թորոսյանի՝ պետք է ասեմ, որ նրա վերջին ամիսների այս քայլերը շատ տղամարդկային էին, եւ ինձ համար ի հայտ եկան նրա նոր որակները, ինչի համար ուրախ եմ: Նա ապացուցեց, որ կյանքը չի վերջանում պաշտոնով կամ կուսակցականությամբ:

Այս փոփոխությունը, ճիշտ է, անմիջականորեն Տիգրան Թորոսյանի դեմ էր, բայց սա անհամեմատ ավելի ահավոր քայլ էր հենց ՀՀԿ-ի համար, քանի որ գլուխ բարձրացրին այդ կուսակցություն ներթափանցած քաղաքական խոպանչիները: Անդրանիկ Մարգարյանից հետո իսկական հանրապետականների թեւերը կամաց-կամաց կտրելով կամ խուզելով՝ ՀՀԿ-ն դարձրին պարզապես նոմենկլատուրայի, իշխանության կուսակցություն, կոմկուսի վերաշինված մի տեսակ: ԱԺ նախագահին փոխելն առաջադրված թեկնածուով, որին նույնպես բարեբախտություն, թե դժբախտություն ունեմ ճանաչելու դեռեւս 90-ականների սկզբից՝ քայլ էր նաեւ մեր պետության հեղինակության դեմ: Ում՝ ումով փոխարինեցին: Եթե նման փոփոխություն էին նախապատրաստում՝ թող գոնե բարի լինեին մի քանի լավ գործերով նրան ասպարեզ իջեցնեին, կոտրեին հասարակական կարծիքը, որ փշերով է տրամադրված այս փոփոխության նկատմամբ:

– Դուք այսպես դրական գնահատեցիք Տիգրան Թորոսյանի քայլը, մինչդեռ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարել է, թե նրա դիմումը ՀՀԿ-ից դուրս գալու մասին «ընկալվում է այնպես, որ նա Հանրապետականին առնչվում էր ոչ թե գաղափարական հենքով, այլ ընդամենը անձնական շահախնդրությամբ»:

– Սա ընդամենը «ֆինտ» է: Ռազմիկին պատիվ չի բերում նման բան ասել իր ընկերոջ մասին: Ես 8 տարի աշխատեցի մի քաղաքական գործչի հետ, որը հետո ինձ վիրավորեց, նեղացրեց, բայց ինքս ոչ մի բան հրապարակավ նրա հասցեին չասացի, քանի որ դա իմ կենսագրության մի մասն էր: Իսկ եթե Ռազմիկ Զոհրաբյանը «մարդ է դառել»՝ քաղաքական շրջանառության մեջ հայտնվել Անդրանիկ Մարգարյանի եւ Տիգրան Թորոսյանի աջակցությամբ, իրավունք չունի ավել-պակաս խոսելու իր նախկին կուսակցի հասցեին:

Էլի ափսոսում եմ. Ռազմիկ Զոհրաբյանն ունի քաղբանտարկյալի համարում, իսկ մի քանի բացառությունից զատ՝ բոլոր նախկին քաղբանտարկյալներն իրենց հետագա պահվածքով ու կենսագրությամբ իրենց վարկաբեկեցին, ավելին՝ ապացուցեցին, որ հիմնականում անսկզբունքային, դատարկ ու փուչ մարդիկ են:

Ռազմիկ Զոհրաբյանն անհամեմատ ավելի ճիշտ կեցվածք կունենար, եթե պաշտպաներ Տիգրան Թորոսյանին կամ գոնե մնար չեզոք: Անձնական շահախնդրությանը հետեւելու մեղադրանքն ավելի շուտ հենց իրե՛ն է վերաբերում. շահին հետեւելով՝ մնում է ջրի երեսին: Բայց թող հիշի, որ իրենց ժամանակն էլ է գալու, քանի որ խոպանչիների ու գռդոնչիների կուսակցության վերածված ՀՀԿ-ում վաղը հին կամ հիմնադիր բոլոր ՀՀԿ-ականների «քոքն են կտրելու»: Այնտեղ այժմ արդեն իսկական հանրապետականներից մնացել են Գալուստ Սահակյանը, Գագիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանը եւ Գառնիկ Բադալյանը: Մնացածը փափախ փախցնողներն են կամ նոր թեկնածուի նման՝ պատեհապաշտներ, որ մտան ՀՀԿ եւ ղեկը վերցրին իրենց ձեռքը:

– Ընդդիմադիրները բավական չարախնդությամբ արձագանքեցին Տիգրան Թորոսյանի պաշտոնավարումն աննպատակահարմար համարելու որոշմանը: Ասենք, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նկատեց. «Նա բոլոր իմաստներով, մինչեւ վերջ ծառայել է այս իշխանություններին: Ինչո՞ւ այդ ծառայությունները բավարար չեղան, որ շարունակի իր գործունեությունը ԱԺ նախագահի պաշտոնում: Էլ ինչպե՞ս պետք է մարդը ծառայի (վատ իմաստով), որ նման ճակատագրի չարժանանա: Էլ ի՞նչ չի արել. ԱԺ-ն դարձրել է կառավարության կցորդը, ինչ ցանկացել են՝ իր միջոցով իրականացրել են»: Այս կշտամբանքներն արդարացի՞ եք համարում:

– Այս փուլում, երբ Տիգրան Թորոսյանը պատվարժան ձեւով հեռացավ, նույնիսկ չեմ էլ ուզում հիշել այն բաները, որ նա արել է իր կուսակցությանը կամ այս վարչակարգին օգնելու, սատարելու համար: Նույնիսկ եթե իրեն դարձրել են «հարամ» գործերի մասնակից, նույնիսկ եթե «թարս» բաներ էլ է արել՝ ինքը ջանացել է (թեկուզ միշտ չէ, որ ստացվել է) պահել իր պարկեշտությունը: Դրա համար ես այդպես խիստ չեմ դատում նրան: Եվ հետո՝ ես իմ հարաբերությունները գերազանցապես լավացնում եմ նախկինների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել