Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՑՅԱԼԻ ՉՓԱԿՎԱԾ ԷՋ

Սեպտեմբեր 17,2008 00:00

1977 թվականի փետրվարի 15-ին դեռեւս Մորդովիայում իր ազատազրկումը կրող քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանը դիմել էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության ղեկավարին՝ հայտարարությամբ, որում առաջարկում էր մինչեւ 1977-ի հունիսը Խորհրդային Միությունում օրենսդրորեն ամրագրել քաղբանտարկյալի կարգավիճակը: Իր այս հայտարարությամբ նա միացել էր Պարույր Հայրիկյանի եւ սովետական մի շարք այլ քաղբանտարկյալների պահանջին:

«Այս իրավիճակը, երբ խղճի բանտարկյալները պահվում են նույն պայմաններում, ինչ քրեականները՝ այլեւս չեն կարող հանդուրժելի լինել»,- գրել էր Ռազմիկ Մարկոսյանը՝ հավելելով, որ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ այլ խորհրդային հանրապետությունների օրենսդրությունը մարդասպաններին ու բռնացողներին չի տարանջատում այն անձանցից, որոնք հետապնդումների են ենթարկվել իրենց գաղափարները տարածելու համար:

Ռազմիկ Մարկոսյանը հղում էր արել ավելի վաղ իրենց ուղարկած օրինագծին, որով պիտի սահմանվեր ԽՍՀՄ-ում քաղբանտարկյալի կարգավիճակը. «Սա դեռ միայն առաջարկ է, եւ հնարավոր է՝ որոշ կետեր պահանջում են լրացուցիչ քննարկում, իսկ որոշ կետեր էլ հարկ կլինի հավելել: Խնդիրն այս կամ այն մանրամասները չեն: Կարեւորն այն է, որ հասունացել է անհրաժեշտությունը սահմանել կարգավիճակը եւ օրենսդրորեն որոշել այն անձանց վիճակը, որոնք դատապարտվել են ոչ կողոպուտի, բռնության եւ սպանության, այլ իրենց քաղաքական ու գաղափարախոսական հայացքները տարածելու համար»: Նա նաեւ նշել էր, թե բնականաբար՝ եթե սովետական վարչակարգը հետեւեր իր ստանձնած միջազգային պարտավորություններին, պետք է ընդհանրապես հրաժարվեր քաղաքական ու գաղափարախոսական դրդապատճառներով հետապնդումներից. «Սակայն քանի որ այս պարտավորության կատարումը, ըստ ամենայնի, նրա ուժերից վեր է՝ սովետական վարչակարգը գոնե կարող էր քաղբանտարկյալների համար կեցության առավել տանելի ու մարդկային պայմաններ ապահովելու որոշում կայացնել»:

Հ. Գ. Չնայած այս դիմումից անցել է 30 տարուց ավելի, փոխվել է համակարգը, սակայն արծարծված պահանջը մնում է դեռ հրատապ: Թերեւս Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ էլ է հարկ սահմանել քաղբանտարկյալի կարգավիճակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել