Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստորեն ստից կինո էին ցույց տալիս»

Սեպտեմբեր 17,2008 00:00

\"\"Այսպես որակեց ՄԱԿ նախագահ, «Մարտի 1»-ի հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը մինչ այժմ ոստիկանության կողմից ցուցադրվող մարտի 1-ի դեպքերի կադրերը:

Մարտի 1-ի դեպքերի եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն աշխատանքային խորհրդակցության ընթացքում տեղեկացրեց, որ ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից հանձնաժողովին է տրամադրվել հասարակական հանձնախմբի պատրաստած տեսաերիզը, որտեղ պատկերված են մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունները: Տեսանյութը հանձնաժողովականները դիտեցին ընտրողաբար. այն տեղերում, որտեղ խոսում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, կամ ցուցադրվում էին ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքները, որոշ հանձնաժողովականներ խնդրում էին առաջ տանել եւ բուն նյութին առնչվող մասերը ցուցադրել: Տեսանյութը դիտելուց հետո հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հանձնաժողովի անունից նամակներ ուղարկեց ՀՀ ոստիկանապետին, գլխավոր դատախազին եւ առողջապահության նախարարության փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրենին՝ խնդրելով պարզաբանումներ տալ տեսաերիզում առկա կոնկրետ դրվագների վերաբերյալ:

Ի դեպ, հանձնաժողովի նախագահը նամակ էր հղել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով պարզաբանումներ տալ մարտի 1-ի զոհերի ճշգրիտ թվի, նրանց զոհվելու հանգամանքների եւ այլնի մասին: Ստացված պատասխանը երեկ ներկայացվեց հանձնաժողովականներին: Ըստ այդմ, մարտի 1-ին սպանվել են 10 անձինք, որոնց վերաբերյալ ներկայացված են մահվան պատճառները: Հանձնաժողովի հարցադրումների այն հատվածի վերաբերյալ, որոնց չի պատասխանվել, գլխավոր դատախազը գրում է հետեւյալը. «Քրեական գործով կատարված նախաքննությամբ դեռեւս չի պարզվել, թե ում գործողությունների հետեւանքով են վիրավորվել եւ մահացել վերոհիշյալ անձինք»: Ըստ դատախազության գրության, կատարվել են մի շարք քննչական գործողություններ սպանության գործիք հանդիսացող հրազենային հատուկ միջոցների պատկանելությունը պարզելու ուղղությամբ, բայց կոնկրետ չի ասվում, թե ինչ գործողություններ են կատարվել, եւ քննությունը ինչ փուլում է: Միայն ասվում է, որ «Չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակներ կրակվել են Ոստիկանական զորքերի N զորամասի սպաների կողմից: Դատախազությունը հանձնաժողովին տեղյակ է պահում նաեւ հետեւյալը. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համաձայն դատահրձիգաբանական փորձաքննության թիվ 389 եզրակացության՝ Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի եւ Արմեն Ֆարմանյանի մարմիններից հանված գազային նռնակների բեկորների վրա առկա կրակի հետքերը պիտանի չեն կոնկրետ զենքի նույնացման համար, այդ պատճառով դեռեւս չի պարզվել, թե կոնկրետ որ զենքից արձակված կրակոցից են մահացել նշված անձինք: Դավիթ Պետրոսյանի, Հովհաննես Հովհաննիսյանի եւ Զաքար Հովհաննիսյանի մարմիններից հանված գնդակները համեմատվել են հանրապետական գնդակապարկուճարանում հաշվառված գնդակների հետ, սակայն համընկումներ չեն հաստատվել, եւ դեռեւս չեն հայտնաբերվել այն հրազենները, որոնցից կատարվել են այդ կրակոցները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել