Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Սեպտեմբեր 17,2008 00:00

Լեւոն Արոնյան. «Բիլբաոյում խաղիս որակից գոհ եմ»

\"\"Բիլբաոյում աշխարհի վեց ուժեղագույն գրոսմայստերների միջեւ անցկացված «Final Grand Masters» 22-րդ կարգի գերմրցաշարում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ միասին վաստակեց 13 միավոր, սակայն միայն լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց երրորդը՝ արժանանալով նաեւ 60 հազար եվրո դրամական մրցանակի:

Նման հեղինակավոր մրցաշարում լավագույն եռյակում տեղ գրավելն արդեն մեծ նվաճում է: Այդուհանդերձ, Արոնյանը մինչեւ վերջին պարտիան ի վերջո հաղթող ճանաչված բուլղարացի Վեսելին Տոպալովին շրջանցելու հնարավորություն ուներ: Սակայն՝ հանգամանքների որոշակի զարգացման դեպքում: Դրա համար նրանից պահանջվում էր եզրափակիչ պարտիայում պարտության մատնել Թեյմուր Ռաջաբովին, իսկ Տոպալով-Իվանչուկ հակամարտությունն ավարտվեր գոնե ոչ-ոքի:

Ռաջաբովի հետ պարտիայում Լեւոնն անվիճելի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ: Սակայն նրա ուշադրությունը մի մասով բեւեռված էր նաեւ Տոպալով-Իվանչուկ խաղատախտակի վրա: Հայ շախմատիստը հաճախ էր շրջվում նրանց կողմը: Եվ տեսնելով, որ ուկրաինացին պարտվեց, մի պահ կորցրեց զգոնությունը, ինչի համար պատժվեց՝ ձեռքից բաց թողնելով «մաքուր» երկրորդ տեղը գրավելու հնարավորությունը:

Մրցաշարի ավարտից հետո Արոնյանը լրագրողներին հայտարարել է, թե ընդհանուր առմամբ բավարարված է իր խաղի որակով: «Սակայն նաեւ չափից ավելի շատ էի սխալներ թույլ տալիս: Հատկապես Կարլսենի հետ անտանելի վատ խաղացի: Այսօր էլ մեկ անգամ վրիպեցի: Երբ տեսա, որ Տոպալովը հաղթեց, տրամադրությունս ընկավ: Հիմա հանգստանալու եմ: Հետո կխաղամ Եվրոպայի ակումբային առաջնությունում: Դրանից հետո համաշխարհային օլիմպիադան է»,- ասել է Արոնյանը:

Մեկ արծաթե մեդալ

\"\"Վարշավայում ավարտվեց ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանից մասնակցեց հինգ մարզիկ: Մեր տղաներից հաջող հանդես եկավ մինչեւ 73 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանը: Նա տուն վերադարձավ այդ տարիքային խմբում հին աշխարհամասի փոխչեմպիոնի կոչումով:

Երեկ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայում մեզ տեղեկացրին, որ մեր երիտասարդները հիմա նախապատրաստվում են Թաիլանդում հոկտեմբերի 23-26-ը կայանալիք աշխարհի առաջնությանը: Բայց թե ովքե՞ր հանդես կգան՝ հայտնի կդառնա մի քանի օրից:

Ելենա Հակոբյանի օլիմպիական երրորդ «բրոնզը»

\"\"Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Պեկինում ընթացող Պարաօլիմպիկ խաղերում Ուկրաինան ներկայացնող հայազգի Ելենա Հակոբյանը ազատ ոճով 50 մետր (S5) մրցատարածությունում եզրագիծը հատել է երրորդը՝ նվաճելով երրորդ բրոնզե մեդալը: Նա ցույց է տվել 37,53 վայրկյան արդյունք: Իսկ հաղթող, այն էլ աշխարհի ռեկորդով՝ 35,88 վրկ., դարձել է իսպանուհի Մարիա Թերեզա Պերալեսը: Ընդ որում, նա գերազանցել է հայ լողորդուհու՝ 2003 թվականի հունիսի 28-ին սահմանած աշխարհի բարձրագույն նվաճումը (36,42 վրկ.):

Հինգ տարիքային խմբերում

\"\"Չեռնոգորիայի Հերցիգ Նովի քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղաների եւ աղջիկների պատանեկան առաջնությունը, որտեղ չեմպիոնական կոչումների համար պայքարն ընթանում է 10, 12, 14, 16 եւ 18 տարեկանների խմբերում:

Առաջնությանը մասնակցում է ավելի քան 920 շախմատիստ: Նրանցից 23-ը ներկայացնում է Հայաստանը: Մեկնարկային տուրում մեր հանրապետության շախմատիստներն ընդհանուր առմամբ հաջող հանդես եկան: Նրանց մեծ մասը հաղթանակ տոնեց: Պայքարը դեռ նոր է սկսվել, հետեւաբար՝ մերոնց մասնակցությունը գնահատել կարելի է մի քանի տուր հետո միայն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել