Լրահոս
Օրվա լրահոսը

Գութանը Անուշ կերգի

Սեպտեմբեր 17,2008 00:00

Ինչը ամերիկաբնակ ճանաչված օպերային երգչուհու վաղեմի երազանքն էր

Առաջին անգամ հայրենիք է ժամանել սփյուռքահայ ճանաչված օպերային երգչուհի Ալին Գութանը: Նրա հայաստանյան հյուրախաղերը կազմակերպել են Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, Կանադայի թեմի առաջնորդարանը եւ Ազգային օպերային թատրոնը: Երգչուհին սեպտեմբերի 29-ին հանդես կգա Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայում՝ համանուն դերերգով, իսկ հոկտեմբերի 2-ին՝ մենահամերգով:

Երեկ «Առավոտը» ներկա գտնվեց «Անուշի» առաջին փորձին եւ խնդրեց թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին՝ համառոտ ներկայացնել Ա. Գութանին. «Օպերային արվեստում ճանաչված կամ առաջին քայլերն անող յուրաքանչյուր երգչուհու համար երազանք է Երեւանի օպերային թատրոնում հանդես գալ հատկապես Անուշի դերերգով: Բացառություն չէ նաեւ Ալինը: Մինչ անձամբ ծանոթանալս՝ լսել եմ երգչուհու ձայնագրություններն ու դիտել տարբեր օպերային ներկայացումներից հատվածներ: Նրա կոլորատուրային սոպրանոն անասելի գեղեցիկ տեմբր ունի: Շատ ժամանակ կպահանջվի, որ նշեմ օպերային այն բեմերը, որ երիտասարդ տարիքում արդեն նվաճել է Ալինը եւ համագործակցել այնպիսի մեծանուն դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Ռիկարդո Մուտին եւ Քենթ Նագանոն: Կարծում եմ, նաեւ խոսուն փաստեր են երգչուհու շահած «Մետրոպոլիտեն» օպերայի մրցանակը եւ Պավարոտիի անվան մրցույթին նրա մասնակցությունը: Բարձրակարգ երգչուհի լինելուց զատ, նա չափազանց բարի անձնավորություն է: Փորձի առաջին իսկ օրը նա առաջարկել է վարպետության դասեր կազմակերպել մեր թատրոնի երիտասարդ երգիչների հետ…»: Դուրգարյանը նաեւ ավելացրեց, որ երգչուհու Գիշերային թագուհու դերերգը՝ Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայում կարելի է համարել Գութանի այցեքարտը:

Մեզ հետ զրույցում Ա. Գութանը նախ ներկայացրեց իր երաժշտասեր նախնիներին, տեղեկացնելով, որ ծնվել է Պոլսում, իսկ 1979-ից բնակվում է Կանադայում, սովորել է Քվեբեկի համալսարանում, իր կարիերայի սկիզբը համարում է տարբեր երգչախմբերի կազմում հանդես գալը: Ըստ երգչուհու, դրանք մեծ դպրոց են ցանկացած վոկալիստի համար: Ալինը առանձնահատուկ նշեց աշխարհահռչակ Քութրուբաշիի մասին, որից դասեր է վերցրել: Հիշատակեց նաեւ հորը՝ Բենիամինին. «Հայրս ջութակահար էր: Այդ դժվարագույն գործիքին տիրապետելու համար, բնականաբար, տարիներ էր հատկացրել, սակայն միայն իր հաճույքի համար էր նվագում… Իսկ մեր ազգանունը ի սկզբանե եղել է Քայմակչյան: Ի պատիվ Կոմիտասի «Գութաներգի», մեծ հայրս փոխել է ազգանունը՝ Գութան: Այս ամենն ասում եմ, որպեսզի պատկերացում կազմեք իմ երաժշտասեր ընտանիքի մասին»: Հարցին, թե իր ստեղծագործական կյանքում առաջին անգա՞մ պետք է բեմ բարձրանա Անուշի դերերգով, երգչուհին ասաց. «Դետրոյթի «Միչիգան» օպերային թատրոնում Րաֆֆի Արմենյանի ղեկավարությամբ եւ իմ շատ համակրելի Սարոյի՝ հայաստանցի երգիչ Եղիշե Մանուչարյանի ընկերակցությամբ բեմ եմ բարձրացել այդ դերերգով: Ցավում եմ, որ հայկական վոկալ դպրոցի մասին շատ տեղեկացված չեմ, ճանաչում եմ ընդամենը Հասմիկ Պապյանին, ինչպես նշեցի՝ Եղիշե Մանուչարյանին, ձայնագրություններով լսել ու հիացել եմ Երեւանի օպերայն թատրոնի մեներգչուհի Անահիտ Մխիթարյանի կատարումներով: Հույս ունեմ այցելել Երեւանի կոնսերվատորիա, ծանոթանալ թե դասախոսների, թե ուսանողների հետ, որովհետեւ շատ եմ լսել այդ ուսումնական հաստատության մասին: Իսկ հայաստանցի կոմպոզիտորների երկերը հաճախ ընդգրկում եմ իմ կամերային համերգներում: Կոմիտասից բացի, կատարել եմ Միրզոյանի, Հարությունյանի, Պետրոսյանի եւ մյուսների ստեղծագործությունները»: Ա. Գութանը հպարտորեն տեղեկացրեց նաեւ, որ ինքը հայրենիքում է ամուսնու՝ ճարտարապետ Պատրիկ Պողոսյանի եւ երկու տարեկան դստեր՝ Լորինայի հետ. «Որոշել ենք մեր ձագուկին հենց այս տարիքից ծանոթացնել հայրենիքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել