Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԱՀԱԿՅԱՆՑԻՆԵՐԻՆ «ՏՆԱԶՐԿՈ՞ՒՄ» ԵՆ

Սեպտեմբեր 17,2008 00:00

Բանաստեղծի անվան գրադարանը կտեղակայվի «բունկերում»

Արդեն քանի տարի է՝ քաղաքի կենտրոնում գտնվող Ավետիք Իսահակյանի անվան 73-ամյա գրադարանի շենքը ախորժակ է գրգռում: Սկզբում այն «Կրեդիտ Երեւան» բանկին էր հետաքրքրում, հետո՝ «Յունիբանկին», ու այդ մասին հոդվածներով հեղեղված է հատկապես 2004թ. մամուլը: Այժմ կրկին համառ են լուրերը, թե գրադարանի տարածքը վերցնելու են իսահակյանցիների ձեռքից, այն դեպքում, երբ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք, կառավարության որոշմամբ՝ տարածքն անհատույց տրվել է գրադարանին:

«Առավոտում» (5.09.2008թ.) տպագրված «Գրադարանը տեղափոխվում է» լուրում տեղեկացրել էինք, որ Ամիրյան 2 հասցեում գտնվող Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը վստահեցրել էր, որ ժամանակավորապես են տեղափոխվում կառավարության 3-րդ մասնաշենքի առաջին հարկ՝ իրենց շենքի վերանորոգումից հետո վերադառնալու պայմանով ու հավելել, որ այդ մասին «Յունիինվեստ» ՍՊԸ-ի հետ կնքելու են պայմանագիր: Փաստենք, որ նոր տարածքը, որտեղ «բնավորվելու» է գրադարանը, ի սկզբանե կառուցված է եղել կարաոկե բար-սրճարանի համար, այնուհետեւ՝ նախարարությունների ճաշարանի: Ու այն, ըստ գրադարանի աշխատակիցների, որոնք չցանկացան «բացահայտվել», հարիր չէ հանրապետությունում իր մեծությամբ երկրորդը համարվող գրադարանին:

Հիշեցնենք, որ այս գրադարանը, բացի տեղափոխվելուց, այլ խնդիր էլ ունի: Եթե Ազգային գրադարանում առաջատար գրադարանավարը ստանում է 43000 դրամ աշխատավարձ, ապա Իսահակյանի անվան գրադարանում՝ ընդամենը 28100: ՀՀ կառավարության որոշմամբ, հուլիսի 1-ից բոլոր գրադարանների(որոնք գտնվում են մշակույթի նախարարության ենթակայության տակ) աշխատողների աշխատավարձերը բարձրացվել են 20%-ով, բացի՝ Իսահակյանի անվան գրադարանի (որը գտնվում է քաղաքապետարանի ենթակայության ներքո) աշխատողներից: Վերջիններս «Առավոտին» պատմեցին, որ երբեմն-երբեմն այցելում են իրենց՝ կիսանկուղային հարկում գտնվող, պատուհաններ չունեցող նոր աշխատավայր, որը նորոգվում է «Յունիինվեստի» կողմից: Տարածքին արդեն աշխատակիցները հասցրել են անուններ դնել՝ խլուրդի բուն, բունկեր, փոսի գրադարան: Նրանք նեղսրտել են, որ 170 կին աշխատելու է փոսի մեջ, իրենց խոսքով՝ «ռեւմատիզմի բուն» քարե սալահատակի վրա, շենք, որտեղ մաքուր օդ է ապահովելու օդափոխիչը: Մեր տեղեկություններով, իսահակյանցիները փորձել էին նամակ հղել ՀՀ նախագահին, սակայն տնօրենն արգելել էր՝ «վերեւների» հետ խնդիրներ չունենալու համար:

Հավելենք, որ Իսահակյանի անվան գրադարանի ոդիսականը հուզում է մյուս գրադարաններին նույնպես: Ազգային գրադարանի տնօրեն Ռաֆիկ Ղազարյանն, օրինակ, «Առավոտին» ասաց, որ չի ողջունում գրադարանը տեղափոխելու գաղափարը եւ հույս չունի, թե նորոգվելուց հետո նրանք կվերադառնան իրենց «բնօրրանը»:

Կապվեցինք նաեւ «Յունիբանկի» աշխատակազմի ղեկավարի հետ, որը հեռախոսով Լուսինե ներկայացավ: Նա հստակ չասաց՝ Իսահակյանի անվան գրադարանը կվերադառնա՞ Ամիրյան 2 հասցեում գտնվող շենք, թե՞ ոչ: Ընդամենը նշեց, որ գրադարանին իրենք փոխհատուցելու են եւ տրվելու է համապատասխան տարածք քաղաքի կենտրոնում: Իսկ հիմնվելիք «Ամիրյան պլազայում» իսահակյանցիները տարածք կունենան, թե ոչ՝ դեռ չի կարող պատասխանել: Լուսինեն խոստացավ ավելի իրազեկ աշխատակցից այդ մասին պարզաբանում տրամադրել, ինչին մինչեւ հիմա սպասում ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել