Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրեդիտային» խնդիրներ

Սեպտեմբեր 17,2008 00:00

Բուհերում նոր ներդրված համակարգը օգտակար է, բայց շատերի համար՝ դեռ անհասկանալի

Երեկ ՀՊՃՀ-ում կայացավ «Անցումը կրեդիտային համակարգին ՀՀ բուհերում. ներկա իրավիճակ, զարգացումներ, մարտահրավերներ» թեմայով եզրափակիչ խորհրդաժողովը, որը կազմակերպվել էր «ECTS հենքով կրեդիտային համակարգ Հայաստանի համար» TEMPUS SCM T047B06 նախագծի շրջանակներում: Մասնակիցներն էին ՀՀ ԿԳ նախարարությունը, 40 պետական եւ ոչ պետական բուհերի թվում՝ ՀՊՃՀ-ն եւ ԵՊՀ-ն, Լունդի (Շվեդիա) եւ Անտվերպենի (Բելգիա) համալսարանները: Նախագծի նպատակն է մշակել ECTS-ին (կրեդիտների փոխճանաչման ընդհանուր համակարգ) համադրելի կրեդիտային համակարգի միասնական չափանիշներ՝ Հայաստանի բուհական համակարգի համար: Խորհրդաժողովը, որին մասնակցում էին մոտ 40 պետական եւ ոչ պետական բուհեր՝ հետապնդում է նախագծի արդյունքների տարածում: ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը հայտնեց, որ քննարկվելիք նախագիծը, որը առաջարկությունների ու վերլուծական զեկույցի մի ծավալուն փաստաթուղթ է, նախորդ շաբաթ ռեկտորների խորհրդի կողմից հավանության է արժանացել:

Խորհրդաժողովի մասնակիցներից ՀՊՃՀ միջազգային համագործակցության եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանի խոսքերով, ուսանողների ապագա մասնագիտության եւ կրթական ուղեգծի ընտրության ու փոփոխման հնարավորությունը խիստ սահմանափակ է, համակարգը միամուտք է եւ միաելք, բացի այդ՝ կրթության մատուցման գոյություն ունեցող համակարգը համատեղելի չէ ECTS-ի կանոնների հետ եւ արգելակում է ուսանողների միջազգային շարժունակությանը:

«Առավոտը» դահլիճում ներկա ուսանողներից փորձեց պարզել, թե որքան են տեղյակ կրեդիտային համակարգից ու որոնք են վերջինիս լավ եւ վատ կողմերը: ՀՊՃՀ էներգետիկայի դեպարտամենտի երրորդ կուրսի ուսանող Արմեն Թադեւոսյանն ասաց. «Համակարգը դրական կողմեր շատ ունի: Օրինակ՝ եղել են դեպքեր, երբ վճարովի սովորող ուսանողը տեղափոխվել է անվճար կամ՝ հակառակը: Իմ կարծիքով, սովորող ուսանողին համակարգը ձեռնտու է: Ինչ վերաբերում է այս խորհրդաժողովին, ապա, անկեղծ ասած, ոչինչ էլ չհասկացա»:

ՀՊՃՀ էներգետիկայի դեպարտամենտի երրորդ կուրսի ուսանող Վահե Ավետիսյանը նշեց. «Ինձ էլ է թվում, որ կրեդիտային համակարգով սովորելը լավ է, հատկապես, եթե վճարովիից անվճար տեղափոխվելու հնարավորություն կա: Իմ կարծիքով, այս խորհրդաժողովը վատ ձեռնարկ չէ: Եթե համագործակցում են եվրոպական համալսարանների հետ՝ ուրեմն լավ է, տարիների ընթացքում այդ համագործակցություններն ավելի կխորանան, հետեւաբար՝ կրեդիտային համակարգն էլ կբարելավվի»:

ՀՊՃՀ մագիստրատուրայի ուսանող Դավիթ Զոհրաբյանն էլ հետեւյալ հարցի շուրջ ծավալվեց. «Մասնագիտական առարկաներ քիչ ենք անցնում, ու միջազգային ստանդարտներին համապատասխան լիարժեք մասնագետ դառնալը քիչ հավանական է: Լրացուցիչ անիմաստ առարկաներ ենք անցնում… Ավելի լավ է բազմակողմանի զարգացած չլինենք, բայց լիարժեք մասնագետ դառնանք»:

ԵՊՀ-ի երկու ուսանող չցանկացան ներկայանալ, ասելով, որ եթե բուհում իմանան, որ իրենք դժգոհել են կրեդիտային համակարգից, այն էլ՝ «Առավոտին», ապա հաստատ խնդիրներ կունենան համալսարանի ղեկավարության հետ: Ավելի ուշ ուսանողները փաստեցին, որ ԵՊՀ-ում կրեդիտային համակարգին ծանոթ չեն ոչ միայն ուսանողների մեծ մասը, այլեւ որոշ դասախոսներ: Համալսարանականների վկայությամբ, այդպիսի դասախոսները մի կերպ կուրսի ավագների օգնությամբ են կարողանում աշխատել այդ համակարգով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել