Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետերին «Սեւ PR» արեց

Սեպտեմբեր 17,2008 00:00

Շիրակի մարզպետարանի տարածքային վարչությունը գյուղացիներին կոչ է անում չընտրել չաշխատող եւ բյուջե չլցնող գյուղապետերին:

Այն, որ շիրակցի գյուղապետերի մեծ մասը սեփական եկամուտների հավաքագրման առումով վաղուց ի վեր մատը մատին չի խփում, ակնհայտ էր դեռեւս նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի օրոք: Հիշեցնենք, որ մարզխորհրդի նիստերի մշտական թեման բյուջեի վատ կատարողականն էր. մարզպետը գյուղապետերին, ծույլիկ աշակերտի պես ոտքի կանգնեցնելով, թուքումուր էր տալիս, անգամ՝ սպառնում գործերը հանձնել դատախազություն: Նույն վիճակը շարունակվում է նաեւ այսօր՝ նոր մարզպետ Լիդա Նանյանի օրոք, որը, ի դեպ, հարկահավաքության մեծ վարպետ է, երկար տարիներ ղեկավարել է Շիրակի մարզի հարկային տեսչությունը: Չնայած այս փաստին՝ գյուղապետերը նրան եւս հանրապետությունով մեկ սեւերես են անում:

Օրերս Շիրակի մարզպետարանում հրավիրած ասուլիսի ժամանակ մարզի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանը տեղեկացրեց, որ սեփական եկամուտների հավաքագրման առումով հանրապետությունում ամենացածր ցուցանիշներից մեկը արձանագրվել է հենց այս մարզում: «Շատ համայնքների ղեկավարների՝ իրենց լիազորությունները չկատարելու, չաշխատելու, թերանալու պատճառով համայնքներում ստեղծվել է այդ վիճակը, իսկ մեր պատկերացմամբ, եթե համայնքը բյուջե չի կատարում, սեփական եկամուտները չի ապահովում, այդտեղ անելիք չկա, մնացած ամեն ինչը կրելու է ձեւական բնույթ, իսկ ձեւական բնույթով ինչքա՞ն կարելի է առաջնորդվել, դա մի տարում, երկու տարում չի եղել, անընդհատ կուտակվել են այդ պարտքերը եւ ստացել է սովորության ուժ, դարձել է աշխատանքի ձեւ՝ մտնելով կենցաղ: Մենք մտածում ենք, որ այդպես չի կարելի, ժամանակն է, որ զգաստանան եւ ՏԻՄ ընտրություններից մի ամիս առաջ ուզում ենք այդ բանը շեշտած լինել, որ համայնքի բնակիչները, ընտրողները մտահոգվեն ու մտածեն, թե ո՞ւմ ենք ընտրում, ինչի՞ համար ենք ընտրում, եթե, ասենք, համայնքապետը 10-12 տարի անընդմեջ բյուջեն կատարել է 0,1, կամ լավագույն դեպքում՝ 10%-ով: Ինչքա՞ն կարելի է դոտացիա տալ ոչինչ չանելու համար, աշխատավարձ ստանան, բայց ոչինչ չանեն: Մարզպետարանը հիմա միջամտում է, ուզում ենք ապացուցել, որ աշխատելու դեպքում հնարավոր է եկամուտներ ապահովել»,- ասաց Կարլեն Աբրահամյանը: Պաշտոնյային զայրացրել էր այն, որ գյուղապետերը «միլիարդատերերին» թողած՝ անհամբեր սպասում են, թե թոշակառուները երբ պետք է թոշակ ստանան, որ գանձեն սեփականաշնորհված կամ վարձակալած հողի գումարները:

Կարլեն Աբրահամյանը խոստացավ առաջիկայում հրապարակել այն պարտատերերի ցուցակը, որոնք, աշխատելով գործադիր մարմիններում՝ դատախազությունում կամ ոստիկանությունում, կամ գտնվելով քաղաքացիական, համայնքային ծառայություններում, կամ էլ՝ սեփական բիզնես ունենալով, համառորեն հրաժարվում են պարտքերը վճարել՝ դրանք հասցնելով 500 կամ 700 հազար դրամի: «Պատկերացնո՞ւմ եք, եթե էդ գումարները գանձվեն ու գնան համայնքի բյուջե, համայնքի բոլոր խնդիրները կլուծենք, կարելի է պահել համայնքի նախադպրոցական հիմնարկները, ճանապարհները բերել գոնե բարվոք վիճակի, ջուր կանցկացնենք, նոր կդիմենք պետությանը, թե գազիֆիկացման ծրագիրն էլ դուք օժանդակեք իրականացնել: Մենք մեր լիազորությունների շրջանակներում, չխախտելով կարգն ու օրենքը, աշխատելու ենք մեր վերաբերմունքը ցույց տալ առաջադրվող թեկնածուներին, համայնքի բնակչությանն ու ընտրողին ներկայացնելով, որ այս համայնքի ղեկավարը արդեն 10 տարի է բյուջեն կատարում է 100%-ով, ինչպիսին, օրինակ, մեր մարզի ամենադաժան բնակլիմայական պայմաններն ունեցող համայնքի՝ Լանջիկի գյուղապետն է կատարում, բայց դրա կողքին կան համայնքներ, որոնց պետք է ցույց տալ, որ եթե ձեր գյուղապետարանի շենքը կամ ճանապարհները խայտառակ վիճակում են, դրա ամբողջ մեղքը ձեր ընտրած համայնքապետինն է: ՏԻՄ օրենքի մեջ գրված է, թե համայնքի ղեկավարը ինչի համար է ընտրվում՝ կարճ ասած՝ ի բարօրություն համայնքի»,- ասաց Կ. Աբրահամյանը՝ մոռանալով, որ ժամանակակից գյուղապետերը ՏԻՄ ընտրություններին առաջնորդվում են «Ձայն տուր՝ հարկերդ չհավաքեմ» կարգախոսով, ու այդ գործարքը լավ էլ հաջողվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել