Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌԸ ԴՈ՛Ւ ԵՍ

Սեպտեմբեր 17,2008 00:00

\"\"Հանրակացարանի բնակիչներն իրար մեղադրում են անբարոյականության մեջ \"\"

Թբիլիսյան խճուղի 3/2 հասցեում՝ Տեխնիկական ուսումնարանի հարեւանությամբ, գտնվում է մի հանրակացարան, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվում են սոցիալապես անապահով ընտանիքներ: Մոտ 20-25 տարի առաջ ուսումնարանում սովորելու նպատակով այս հանրակացարանում են բնակեցվել Գավառի մանկատնից եկած երեխաներ, ու քանի որ նրանք ապրելու տեղ չեն ունեցել, մինչ օրս բնակվում են այստեղ: Օրերս հանրակացարանի մեկ այլ բնակիչ՝ Նաիրա Պետրոսյանը դիմել էր «Առավոտի» խմբագրություն, դժգոհելով, որ մանկատան այդ երիտասարդ աղջիկներից շատերը զբաղվում են մարմնավաճառությամբ, այդպիսով անհանգստություն պատճառելով հարեւան բնակիչներին: Բացի այդ, Ն. Պետրոսյանի ներկայացմամբ, այդ աղջիկների մեղքով շենքում հակասանիտարական վիճակ է: Ն. Պետրոսյանի խոսքերով՝ իրենց շենքը դարձել է շների բուծարան. «Շենքում եւ շենքի բակում մոտ 50 շուն կա, որոնց պահում եւ բազմացնում է Լուսինե Սիմոնյանը: Լուսինեն ու իր ընկերուհիները զբաղվում են անբարոյականությամբ, նա իր տանը պահում է Դուբայից եկած 2 աղջիկների՝ Հերմինեին եւ Եվային: Այդ աղջիկների համար շենքում հսկայական հերթեր են առաջանում, մանավանդ երեկոյան եւ գիշերային ժամերին: 2 աղջիկ ունեմ, ի՞նչ են նրանք այստեղ սովորելու: Շաբաթվա 5-6 օրը մեր թաղամասի տղաների հետ այս աղջիկները գինարբուքներ են կազմակերպում, ահավոր բարձր երաժշտություն են միացնում, ու դա տեւում է գիշերվա մինչեւ 4-5-ը: Չեն թողնում, որ նորմալ քնենք-հանգստանանք: Ուշ ժամերին այդ աղջիկները գալիս նստում էին իմ պատուհանի տակ եւ բարձր ծիծաղում էին: Մի քանի անգամ զգուշացրի, բայց նրանք ինձ բանի տեղ չէին դնում, ես էլ բերեցի ու այդտեղ ձյութ քսեցի, միայն այդպես պրծա նրանց գիշերային ծիծաղներից»:

Ն. Պետրոսյանը մեզ հետ զրույցում պատմեց նաեւ, որ Լուսինեն եւ իր քույրը՝ Նունե Սիմոնյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ մայրաքաղաքում արդեն ստացել են բնակարաններ, սակայն չեն տեղափոխվում. «Լուսինեն հանրակացարանում 5-6 սենյակ է յուրացրել եւ այդտեղ շներ է պահում, այն դեպքում, երբ հանրակացարաններում կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք հավելյալ սենյակների կարիք ունեն: Իսկ այդպես՝ սենյակներում հակասանիտարական վիճակ է ստեղծվում: Նրանք իրենց ստացած տներն էլ վարձով են տալիս ու, պետությանը խաբելով, գումարներ վաստակում»: Կնոջ ներկայացմամբ, շատ հաճախ է ինքն այդ աղջիկների հետ կռվի բռնվել. «Ծեծում են, վիրավորում, հայհոյում, ստորացնում եւ հպարտությամբ հայտարարում, որ որքան ուզում եմ՝ կարող եմ զանգել 1-02, միեւնույն է՝ բոլոր թաղայիններին իրենցով են արել: Մենք ուրիշ գնալու տեղ չունենք, եթե ես հնարավորություն ունենայի այլ տեղ ապրելու՝ առանց մտածելու կհեռանայի այստեղից: Ամուսինս մահացել է, երբ երեխաներս փոքր էին, տունս եմ վաճառել, որպեսզի կարողանամ երեխաներիս պահել, այդ պատճառով էլ ընկել եմ հանրակացարանները»:

Ն. Պետրոսյանի բողոքի առնչությամբ «Առավոտը» եղավ նշյալ հասցեում:

Մեր հարցերին ի պատասխան՝ Լուսինե Սիմոնյանն ասաց, որ Նաիրան պարզապես իր հետ անձնական խնդիրներ ունի եւ այդ պատճառով էլ «կենտրոնացել» է շների վրա. «Պատկերացնում եք, նա շենքի բնակիչներից վերցրել է անձնագրերը՝ խաբելով, որ բարեգործական կազմակերպությունում է աշխատում եւ իրենց օգնելու է, սակայն խաբել է: Այնուհետեւ, իմանալով, որ ես գումարով տուն եմ մաքրում, ինձ առաջարկեց այդ նույն գործը Դուբայում անել, որի համար ինձ վճարելու էին $1000: Ու որպեսզի ես Դուբայում մենակ չլինեմ, ասաց, որ մի քանի աղջիկների էլ ասեմ, բայց հետո մենք պարզեցինք, որ նա մի քանի անգամ դատվել է խաբեության համար, եւ անմիջապես հետ պահանջեցի իմ փաստաթղթերը: Վիճեցինք, նա իմ ձեռքերը կծեց: Ես իմ աչքով եմ տեսել, որ գիշերը ժ. 1-2-ից հետո գնում է տարբեր մեքենաներով, բայց դա իմ գործը չէ, հիմա էլ, տեսնելով, որ իր պլանները չիրականացան, սկսեց իմ թույլ տեղերին կպնել՝ շներիս: Ես հիմա 2 շուն եմ պահում տանը: Իմ շները նրանից մաքուր են: 4 տարի է մեզ մոտ են բնակվում, զուգարանի տեղը չգիտեն, իրենց կարիքները հոգում են ցելոֆանների մեջ ու աղբի հետ թափում շենքի նկուղում: Մեր հիմնական վիճաբանությունները լինում են հենց այդ պատճառով: Ասեմ նաեւ, որ մենք թաղայինների հետ ոչ մի կապ չունենք»: Նա հերքեց նաեւ այն փաստը, որ իր տանը Դուբայից եկած աղջիկներ են բնակվում. «Ճիշտ է, տուն ստացել ենք, բայց այն իմ աշխատանքից հեռու է եւ հարմար չէ, բացի այդ, այն դեռ իմ անունով չի եւ շատ հնարավոր է ես տեղափոխվեմ, հետո ինձ հանեն: Իսկ քրոջս բնակարանը, կարելի է ասել, կիսակառույց է, վերելակ չկա, տանիք չկա, ջուր չկա»: Հանրակացարանի պարետ Ստեփան Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչեւ Նաիրա Պետրոսյանի՝ հանրակացարան գալն իրենց մոտ կռիվներ չեն եղել. «Շները անձնագրեր ունեն եւ շատ մաքուր են: Մի քանի անգամ Նաիրան շուն հավաքող կազմակերպություններ է կանչել, որպեսզի տանեն, ես եմ այդ կազմակերպությունների հետ զրուցել, բացատրել, որ այս շները տնական են»: Պարետի ներկայացմամբ, Նաիրան արդեն 8 ամիս է՝ վարձը չի վճարում, պարզեցինք, որ Մասիվի հանրակացարանից, որտեղ նա նախկինում բնակվել է՝ վտարել են վատ վարքի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել