Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովը շուտով կգործի՞

Սեպտեմբեր 17,2008 00:00

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի Հայաստան կատարած այցից հետո հայ-թուրքական հարաբերությունները թեւակոխում են նոր ժամանակաշրջան, եւ Երեւանը պատրաստվում է իրականացնել պատմական մի քայլ թուրքական կողմի՝ պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկի իրագործման ուղղությամբ: Այս մասին, «Նոյյան տապանի» փոխանցմամբ, գրում է թուրքական «Զաման» օրաթերթը, հավելելով, որ երեւանյան այցի ժամանակ թուրք ներկայացուցիչները հայկական կողմից նկատել են դրական մոտեցում վերոհիշյալի կապակցությամբ: Թերթը նշում է, որ պատմական հետազոտությունների հանձնաժողով ստեղծելու հետ մեկտեղ, օրակարգում է նաեւ տնտեսական, մշակութային եւ դիվանագիտական հարաբերությունների զարգացման առնչությամբ առանձին հանձնաժողովների հիմնադրման հարցը:

Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ՝ «Զամանը» ընդգծում է, որ, այդ թվում՝ նաեւ Անկարայի միջնորդությամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը նոր թափ կհավաքի 2008 թ. հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Նշելով, որ պատմաբանների համատեղ հանձնաժողովի հիմնադրումը չի նշանակում, թե Երեւանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության հարցից, «Զամանը» գրում է, որ Անկարայի համար, որը չի հավատում, թե խնդիրը կարելի է լուծել առանց լուրջ գիտական ջանքեր գործադրելու, հանձնաժողովի ստեղծումն ունի կարեւոր նշանակություն՝ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից: Բացի այդ, ինչպես գրում է թուրքական թերթը, հանձնաժողովի հիմնադրումից հետո Թուրքիային հնարավորություն կընձեռվի երրորդ պետություններին (որոնց խորհրդարանների օրակարգում ժամանակ առ ժամանակ հայտնվում է Հայոց ցեղասպանության հարցը) ասել. «Մենք մեր հարցը քննարկում եւ լուծում ենք»: «Զամանը» գրում է նաեւ, որ հանձնաժողովի ստեղծումը հայկական սփյուռքի ամենամեծ մտահոգությունն է:

«Նոյյան տապանը» հիշեցնում է, որ անցած շաբաթ թուրքական «Բուգյուն» թերթը գրել էր, թե Գյուլի երեւանյան այցի ժամանակ ինչպես նախագահների, այնպես էլ արտգործնախարարների մակարդակով տեղի ունեցած հանդիպումների ընթացքում հայկական կողմն ակնարկել է, որ դրական է վերաբերվում պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկին: Այդ նպատակով, ըստ թերթի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում սպասվող Բաբաջան-Նալբանդյան-Մամեդյարով եռակողմ հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն իր հայ գործընկերոջից պահանջելու է ավարտին հասցնել նախապատրաստական աշխատանքներն ու սկսել հանձնաժողովի գործունեությունը:

Մեր կողմից հիշեցնենք, որ հայ-թուրքական մերձեցման շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին ու, մասնավորապես, պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու գաղափարին մեծ վերապահումով է վերաբերվում Հայաստանի կոալիցիոն կառավարութան բաղադրիչ հանդիսացող ՀՅԴ-ն: Ուշագրավ է նաեւ այն, որ դա որոշակի քննադատության է արժանացել նաեւ արմատական լիբերալների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել