Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրավապահները կանխատեսում էին

Սեպտեմբեր 17,2008 00:00

Կանխատեսումները չարդարացան

Հայ ազգային կոնգրեսի՝ օգոստոսի 1-ին հրավիրած հանրահավաքն ու երթը, որ տեղի ունեցան Մատենադարանին հարող տարածքում, ըստ իրավապահների, անցել են առանց միջադեպերի: Սա այն դեպքում, երբ հանրահավաքը Երեւանի քաղաքապետարանը արգելել էր՝ վկայակոչելով ՀՀ ոստիկանության եւ ՀՀ ԱԱԾ-ի եզրակացությունները, թե՝ «…ստուգված օպերատիվ-հետախուզական տվյալների համաձայն», հրապարակային միջոցառման «մի շարք մասնակիցներ հրահրելու են բախումներ ոստիկանության ծառայողների հետ եւ զանգվածային անկարգություններ», կամ՝ «հանրահավաք եւ երթ անցկացնելու դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ծայրահեղ տրամադրված որոշակի խմբեր եւ անհատ անձինք ակտիվորեն նախապատրաստվում են իրականացնելու տարաբնույթ սադրիչ գործողություններ, այդ թվում՝ բախումներ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ (…), հիշյալ անձինք պատրաստվում են կատարելու այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեն սահմանադրական կարգը բռնի տապալելուն եւ այդ նպատակն իրագործելու նկատառումով զանգվածային անկարգություններ կատարելուն, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցիչների հանդեպ սադրիչ եւ այլ հակաիրավական գործողություններ կատարելուն»:

Նույն ամսին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ եւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը գրավոր դիմել էր ՀՀ ոստիկանապետին եւ ԱԱԾ տնօրենին՝ առաջինից խնդրելով տեղեկատվություն տալ՝ օգոստոսի 1-ի հանրահավաքի եւ երթի մասնակիցները «հրահրե՞լ են արդյոք բախումներ ոստիկանության ծառայողների հետ եւ զանգվածային անկարգություններ»: Իսկ ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանից Ա. Զեյնալյանը փորձել էր պարզել՝ ԱԱԾ կողմից բացահայտվե՞լ են «ծայրահեղ տրամադրված խմբեր, այդ թվում՝ որոշակի եւ անհատ անձինք, ովքեր ակտիվորեն կամ այլ կերպ իրականացրել են տարաբնույթ սադրիչ գործողություններ, տեղի ունեցե՞լ են արդյոք բախումներ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ, հրապարակային միջոցառումը վերածվե՞լ է արդյոք բռնություններով ուղեկցվող հասարակական կարգի շարունակական խախտումների, կատարվե՞լ են գործողություններ, որոնք ուղղված են եղել սահմանադրական կարգը բռնի տապալելուն» եւ այլն:

ՀՀ ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն հիշյալ դիմումներին բարեհաճել են պատասխանել միայն, երբ հայտնի է դարձել, որ Ա. Զեյնալյանը տեղեկատվություն ստանալու համար օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը վաղուց սպառվելուց հետո դիմել է ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելու սույն կառույցների անգործությունն ու ճանաչելու տեղեկատվության ազատության եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իր իրավունքների խախտման փաստը: Ե՛վ ոստիկանությունը, ե՛ւ ԱԱԾ-ն ստիպված են եղել խոստովանել, որ նշված օրը չարտոնված հրապարակային միջոցառման ընթացքում «հակաիրավական գործողությունների փաստեր, մասնակիցների կողմից բախումներ եւ զանգվածային անկարգություններ չեն արձանագրվել»: Սա, ըստ էության, սույն կառույցների ինքնախոստովանությունն է առ այն, որ իրենց «օպերատիվ-հետախուզական» տվյալներն առ ոչինչ են՝ անարժանահավատ: Այս դեպքում տրամաբանական կլիներ, որ այդ կառույցներում պատկան օղակները եւ նման մտացածին եզրակացություն ներկայացրած ոչ պրոֆեսիոնալ մարդիկ պատասխանատվության ենթարկվեին՝ այդպիսի պատկառելի կառույցների ղեկավարներին թյուրիմացության մեջ գցելու համար: Մյուս կողմից, եթե այդ մտավախությունները հիմքեր են ունեցել, եւ իրավապահների «կանխարգելիչ աշխատանքի շնորհիվ» հակաիրավական գործողություններ չեն եղել, ուրեմն՝ ինչո՞ւ են ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ալարում նույն արդյունավետությամբ աշխատել եւ իրենց գործառույթները կատարելու փոխարեն՝ կամայականորեն սահմանափակում ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել