Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ

Սեպտեմբեր 17,2008 00:00

ՀՀԿ փոխնախագահ, առայժմ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ միանգամից երկու դիմում է գրել, մեկը՝ կուսակցությունից դուրս գալու, մյուսը՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թողնելու մասին:

Ինչո՞ւ դուրս եկավ կուսակցությունից

«Մենք ունենք տարբեր մոտեցումներ մեր երկրի ներքին քաղաքական կյանքի հետ կապված՝ մի շարք խնդիրների առումով: Ցավոք, այս ամբողջ զարգացումները վկայում են, որ դրանք անհաղթահարելի տարաձայնություններ են, եւ ես այսօր առավոտյան արել եմ այն քայլը, ինչ պիտի աներ ցանկացած ողջամիտ մարդ. ես կուսակցություն եմ ներկայացրել դիմում՝ կուսակցության կանոնադրության 3.6 հոդվածի համաձայն՝ կուսակցության շարքերից դուրս գալու մասին»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց Տիգրան Թորոսյանը: Ի դեպ, ասուլիսին ներկա էր ԱԺ ամբողջ աշխատակազմը, իսկ պատգամավորներից՝ միայն ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը, ով հայտնի է որպես պարոն Թորոսյանի մտերիմ ընկեր: Այլ հանրապետականներ ներկա չէին: Տիգրան Թորոսյանն ասաց, որ ինքը որոշ երեւույթների մասին խոսել է նաեւ նախկինում. «Ոչ միայն խոսել եմ, այլեւ գրավոր առաջարկություններ եմ արել, թե ինչ պիտի արվի: Տարբեր են մոտեցումները, տարբեր են սկզբունքները, դա պետք է կարողանալ տեսնել: Իհարկե, ինձ համար շատ ցավալի է անցած ճանապարհից հետո կուսակցությունից հեռանալ, սա ես չեմ թաքցնում, բայց պիտի կարողանալ ճիշտ տեսնել իրականությունը եւ ճիշտ հետեւություններ անել»: Չի՞ զղջում այն ամենի համար, ինչ ինքն արել է ՀՀԿ-ի եւ կառավարության համար անցած ողջ ընթացքում: Այս հարցին ի պատասխան՝ Տիգրան Թորոսյանն ասաց. «Չէ, չեմ զղջում որեւէ բանի համար, ինչ արել եմ այս 16 տարվա կուսակցական գործունեության ընթացքում, չեմ զղջում նաեւ խորհրդարանում իմ գործունեության համար»:

Վերջին ամիսներին ԱԺ նախագահի պաշտոնի շուրջ ՀՀԿ-ում եւ մամուլում իրականացվող քարոզչությունը Տիգրան Թորոսյանը որակեց որպես ծրագրված գործընթաց. «3-4 ամիս ամեն ինչ արվում էր անդրկուլիսյան խարդավանքների եւ բանսարկությունների ճանապարհով, 4 ամիս շարունակ իրականացվեց աննախադեպ սեւ քարոզչություն՝ կանգ չառնելով միջոցների առաջ, ոտնատակ անելով բոլոր, այդ թվում՝ բարոյական սահմանները: Ակնհայտ է, որ այդ քարոզչությունը կազմակերպված էր, եւ բոլորը գիտեն, թե ով եւ ինչպես էր դա անում (անուններ պարոն Թորոսյանը չտվեց, ասելով, թե դրանք բոլորին են հայտնի-Մ. Ե.): Սեպտեմբերի սկզբին այդ, այսպես կոչված, գործընթացը ձեւականորեն դարձավ քաղաքական խնդիր եւ քննարկվեց կուսակցության գործադիր մարմնում: Ասեմ, որ որոշ մարդիկ ուղղակի անբարո պահեցին իրենց՝ կեղծելով նիստի ե՛ւ ընթացքը, ե՛ւ քվեարկությունը՝ ներկայացնելով բոլորովին այլ պատկեր»:

Տիգրան Թորոսյանը հայտարարեց, որ պետական պաշտոնները որեւէ ուժի սեփականությունը չեն կարող դառնալ: Հեռակա պատասխանելով նախագահի դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ նախագահ դառնալով կբարձրանա խորհրդարանի աշխատանքի արդյունավետությունը, Տ. Թորոսյանն ասաց. «Եթե խոսքը պատգամավորների ավելի արդյունավետ աշխատանքի մասին է, դրա մասին պետք է մտածել կուսակցական ցուցակները կազմելիս: ԱԺ-ն վերջին երկու տարիների ընթացքում աշխատել է շատ ծանրաբեռնված եւ արդյունավետ»: Դիմելով նրանց, ովքեր վերջին շրջանում խոսում են կուսակցական կարգապահության եւ Տիգրան Թորոսյանի հետագա ճակատագրի մասին, պարոն Թորոսյանը խորհուրդ տվեց կարդալ սեփական կուսակցության կանոնադրությունը եւ ասաց. «Իմ ճակատագրով մտահոգվելու համար մարդիկ պիտի իրավունք վաստակեն, կան մարդիկ, որոնք խոսում են դրա մասին բոլորովին այդ իրավունքը չվաստակած եւ բոլորովին էլ նախկինում որեւէ առնչություն չունեցած նման հարցի: Խորհուրդ կտամ որոշ մարդկանց վերցնել իրենց 30 արծաթը եւ իրենց ճանապարհը շարունակել»:

Ինչո՞ւ, ի վերջո, որոշեց հրաժարական տալ

Նկատենք, որ մեր խորհրդարանի պատմության մեջ ե՛ւ Գերագույն խորհրդի, ե՛ւ Ազգային ժողովի որեւէ նախագահ չի պաշտոնավարել օրենքով սահմանված ողջ ժամանակահատվածում: Տիգրան Թորոսյանը եւս բացառություն չէր. երեկ, հրաժարվելով զբաղեցրած պաշտոնից, նա հայտարարեց. «Այժմ, երբ ակնհայտ է, որ տարբեր սկզբունքների ենք մենք դավանում, իմ հետագա մնալը ԱԺ նախագահի պաշտոնում՝ ուղղակի կորցնում է իր նպատակը, որովհետեւ պաշտոնը չի կարող ինքնանպատակ լինել, պաշտոնը հնարավորություն է ծրագրեր իրագործելու, պետությանը ծառայելու համար. պաշտոնը հնարավորություն է հայտնի ճանապարհով հռչակված նպատակին հասնելու համար, ցավոք սրտի, ստացվում է, որ մեր մոտեցումները տարբեր են»: Դիմում գրելու փաստը Տ. Թորոսյանը բացատրեց նաեւ այսպես. «Ես մարդկանց հետ երկար աշխատել եմ եւ չեմ ուզում նրանց փորձությունների առաջ դնել, չեմ ուզում, որ մարդիկ հոգեբանական խնդիր ունենան, մի բան մտածեն՝ այլ բան անեն ստիպված ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ կուսակցությունում: Կուսակցությունում հազարավոր, տասնյակ հազարավոր շատ պարկեշտ, կարգին, նվիրյալ մարդիկ կան»,- նկատի ունենալով այսօր կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստը՝ ասաց նա: Հրաժարականների այս շարքից հետո «Առավոտը» հարցրեց՝ ի՞նչ զգացողություն ունի Տիգրան Թորոսյանը՝ թեթեւությա՞ն, թե՞ ծանրության: «Խառը՝ եւ այն, եւ այն»,- եղավ պատասխանը: Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է դուրս եկավ ՀՀԿ-ից՝ այլ պաշտոն ստանալու ակնկալիքով, Տ. Թորոսյանն ասաց. «ՀՀԿ-ից չեն գնում պաշտոն ստանալու համար, ՀՀԿ գալիս են, որ պաշտոն ստանան»:

Հ. Գ. Panorama.am-ի թղթակցի հարցին՝ ափսոսո՞ւմ է, որ իր հին կուսակից ընկերը լքեց հարազատ կուսակցության շարքերը՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Քաղաքականության մեջ ափսոսանք չկա, դա զգացմունքայնության ոլորտից է: Կան միայն ապագայի բարօրությանն ուղղված քայլեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել