Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՑ ԴԵՄՔԸ ՊԱՐԶՎԵՑ

Սեպտեմբեր 17,2008 00:00

ՀՀԿ անդամ որոշ նախկին քաղբանտարկյալների մասին ասում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Շանթ Հարությունյանը, որին մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով:

– Ինչպե՞ս է հացադուլից հետո Ձեր առողջական վիճակը:

– Կարգավորվում է:

– Սեպտեմբերի 11-ի հայտարարության մեջ նշել էիք. «Ռազմիկ Զոհրաբյանին հրապարակայնորեն կպատասխանեմ կազդուրվելուց հետո»: Վերջինս նաեւ իրեն հասցեագրված Ձեր՝ սեպտեմբերի 2-ի հայտարարությանը պատասխանել էր, թե «Հայաստանում չունենք քաղկալանավորներ», ու ակնարկել էր, թե ի տարբերություն իրեն, որ պայքարել է Հայաստանի անկախության համար՝ Դուք պայքարել եք Հայաստանի դեմ, այն գործողությունները, որոնց մասնակցել եք՝ հակապետական են: Ինչպե՞ս եք վերաբերվում այս գնահատականներին:

– Ես մտադիր եմ առանձին հոդվածով անդրադառնալ հոգեփոխման այս գործընթացին՝ առարկայական օրինակներով: Իսկ առայժմ ասեմ, որ նրա «հակապետական» որակումն ինձ համար նույնացված է դավաճանի պիտակին: Ուստի ինձ թույլ կտամ նրա ասածին համարժեք պատասխան տալ:

Նախ՝ ես միշտ էլ այդ կարծիքն ունեցել եմ, որ նա բավականաչափ գրագետ չէ եւ չի կարողանում հասկանալ, որ քաղբանտարկյալ կարող է դիտվել ոչ միայն անկախության եւ օտարներից ազատվելու համար պայքարածը, այլեւ սեփական երկրի ներսում քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների համար պայքարողը: Բացի այդ՝ ուզում եմ նրան հիշեցնել, որ երբ 1992-ին ՀՀԿ-ն Ազգային դաշինքի հետ միասին իշխանության դեմ ցույցեր էր անում՝ ո՛չ ես էի նրանց համարում հայրենիքի դավաճան, ո՛չ էլ նույնիսկ ՀՀՇ-ն ու Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը, թեեւ պատերազմող եւ շրջափակման մեջ գտնվող երկրի ներսում ապակայունացնում էին իրավիճակը: Նրանց համարել են ընդդիմադիր գործիչներ, որոնք իրենց տեսակետով՝ երկրի համար մտահոգ են. ճիշտ, թե սխալ՝ այլ հարց է:

– Մեկ այլ նախկին քաղբանտարկյալ՝ դարձյալ ՀՀԿ անդամ Ռազմիկ Մարկոսյանն էլ Ձեր հայտարարության կապակցությամբ նշել էր, թե խաբվել եք եվրոպական քաղաքակրթության ներկայացուցիչների կողմից. «Արեւմուտքը ՀՀ նախագահական ընտրությունները, թերություններով հանդերձ, ճանաչել է որպես եվրոպական չափանիշներին համապատասխանող եւ Հայաստանում կատարված ոչ մի ձերբակալություն դեռեւս չի համարել անօրինական»:

– Այսինքն՝ հենց ինքն է առաջնորդվում եվրոպական չափանիշներով ու չունի քաղբանտարկյալի սեփական չափորոշիչը՝ թեեւ տարիներ շարունակ անցկացրել է բանտերում: Հիմա ինչ՝ եթե Արեւմուտքը մեզ ճանաչի քաղբանտարկյալ, իրենք ամբիոնից հայտարարելու են, որ ճի՞շտ է ճանաչել, թե՞ ասելու են՝ Եվրոպան խաբել է: Ինքս երբեւէ Արեւմուտքի ներկայացուցիչների հետ ոչինչ չեմ պայմանավորվել, որ այժմ էլ ինձ խաբված զգամ: Ես իմ չափորոշիչները Եվրոպայով չեմ պայմանավորել, դրա համար էլ եվրոպացիներին չէ, որ դիմել եմ՝ ինձ քաղբանտարկյալ ճանաչելու համար: Ես նույնիսկ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին զրկեցի այդ իրավունքից՝ հայտարարելով, թե դուք ո՞վ եք, որ որոշեք՝ ես քաղբանտարկյալ եմ կամ ոչ: Ես դիմել եմ այն մարդկանց, որոնք, ինձ թվացել է՝ ունեն սեփական ելակետը, չափանիշները, որոնցով կարելի է համարել քաղբանտարկյալ կամ ոչ:

– Սեպտեմբերի 2-ի հայտարարության մեջ նախկին քաղբանտարկյալներին հիշեցրել էիք, որ ժամանակին սովետական բանտերում նրանք դիմում էին հացադուլի, որ ճանաչվեն քաղբանտարկյալ. «Տականք բոլշեւիկներն ու չեկիստները չեն ճանաչել ձեր պահանջը: Հիմա ես ուզում եմ տեսնել, թե այդ հարցում դուք որքանո՞վ եք տարբերվում նրանցից»: Հացադուլին հետեւած արձագանքներից հետո ինչպիսի՞ն է այդ հարցի պատասխանը:

– Ինքս ականատես եմ եղել կալանավորական մի երեւույթի, եւ իրենք երեւի 10 անգամ ավելի են նման բանի ականատեսը դարձել բանտերում: Խցի դուռը խփում էին՝ ասում, մարդը մահանում է, սիրտը վատ է՝ բացեք, բայց հսկիչներն անտարբեր էին մնում, մինչեւ ամբողջ բանտը (Վիլնյուսի բանտում՝ 6 հարկ, 1000 խուց) կալանավորները դռները ջարդում էին: Դրանից հետո մյուս հարկերի հսկիչները, հերթափոխի պետերը մինչեւ եկան, դուռը բացեցին՝ այդ մարդը մեռած էր:

Ընդհանրապես նման կյանք տեսած մարդիկ ունենում են կալանավորական սկզբունքներ, որոնք ոչ մի գնով չեն հանում աճուրդի: Ռազմիկենք այդքան բանը տեսել են: Ու հետաքրքիր բան է ստացվել. բոլշեւիկները նման վերաբերմունքի են արժանացրել ե՛ւ իրենց, ե՛ւ բազմաթիվ այլ կալանավորների, բայց այդ ամենը տեսնելով՝ փոխանակ իրենց սկզբունքներին հավատարիմ միշտ պայքարեն նման երեւույթների դեմ, պահեն բարոյական նորմերը՝ անկախ իրենցից կամ գիտակցաբար կարծես փոխառել են այդ ձեւերը ու ձեռք բերել նույն որակները: Եվ ես բավարարված եմ, որ այժմ նրանց դեմքը պարզվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել