Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական Mea Culpa-ական «ներկայացումը»

Սեպտեմբեր 16,2008 00:00

\"\"

Սարոյանական «փաթեթավորմամբ»

Կիրակի օրը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Սամսոն Ստեփանյանի բեմադրած «Օպերա, օպերա» ներկայացման (ըստ Վիլյամ Սարոյանի) հանձնումը: Պրեմիերան կլինի ավելի ուշ: Նշենք, որ այն սարոյանական միջոցառումների շրջանակներում է եւ ՀՀ մշակույթի նախարարության պատվերով: Արդարության դեմ չմեղանչելու համար փաստենք, որ, չնչին բացառություններով, բավական լավ կազմ էր հավաքված՝ Հրատ Թոխատյան, Սերգեյ Դանիելյան, Լեւոն Հարությունյան եւ այլք, այսինքն՝ առանձին-առանձին վերցրած անհատականություններ, որոնց միատեղ խաղը, այդպես էլ, չէր ստացվել: Ափսոս էր այն ջանքը, որ զուր թափում էին ու հանդիսատեսին չէին կարողանում «տիրել», «իրենցով անել»: Ընդամենը մատուցվեց անհամ, բովանդակազուրկ, հումորազուրկ, հորանջահարույց կատակերգություն՝ Հրանտ Թոխատյանի խիստ «ջանջալ» նախաբանով: Դահլիճում, որտեղ հիմնականում տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ էին, տեղ-տեղ փռթկոց էր լսվում, պատճառն էլ Սերգեյ Դանիելյանի ինքնատիպությունն էր ու մեկ էլ մի քանիսի մեկ-երկու զվարճալի ժեստերը, որոնցով փորձում էին «էշը ցեխից հանել» ու ծիծաղ կորզել՝ չեղած ներկայացման մեջ: Նկատենք, որ մշակույթի փոխնախարար, կինոգետ Դավիթ Մուրադյանի նյարդերն էլ հավանաբար տեղի տվեցին, դրա համար 15 րոպե անց լքեց դահլիճը:

Ներկայացման առանցքում կոնկրետ ինձ համար շատ հարգելի դերասան Հրանտ Թոխատյանի տաղտկալի մենախոսությունն էր կամ՝ իբր զվարճալի ցուցումները՝ իր խաղընկերներին: Մեկ էլ բոլոր դերասանները կամ սերենադ էին երգում, կամ էլ պարում՝ վերջին 2 տարում ամենաշատը «ռասկրուտկա» արվող դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի մեջքը բռնած: Ինչ վերաբերում է այժմ հեռուստասերիալներում գլխավոր դերեր խաղացող Արտաշես Ալեքսանյանին, նրա առաքելությունն այն էր, որ Լուիզա Ներսիսյանի հետ մի փոքրիկ կտոր խաղաց, այնուհետեւ ներկայացման առաջին մասի ընթացքում երկուսով լուռումունջ նստած մնացին, միայն վերջում ասացին, որ «կոնչերտոն» արդեն «ֆինիտո»:

Ամեն դեպքում, ինձ թվում է, մեծ հայորդին, նկատի ունեմ՝ Վիլյամ Սարոյանին, արժանի չէր նման խղճուկ ներկայացման, ոչ էլ ազգային ակադեմիական թատրոնի բեմն էր դրան հարիր: Թեթեւ, Mea Culpa- ական դրսեւորումները կարելի է այլ դահլիճներում էլ խաղալ, իսկ նախարարությունն էլ՝ ավելի օգտակար նախագծեր ֆինանսավորել: Առանց այն էլ Հրանտ Թոխատյանը կարողանում է իր բիզնես-նախագծերի համար «Շարմ»-ական կապերի միջոցով համապատասխան ֆինանսավորում, աջակցություն գտնել ու հասկանալի պատճառներով հովանավորվել «ամենավերեւներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել