Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՆԵՐԸ

Սեպտեմբեր 16,2008 00:00

Ո՞ր մարզաձեւն է մարզիկի կյանքի համար ամենից ավելի վտանգավոր: Այս հարցին միանշանակ պատասխանելը դժվար է՝ վիճակագրական ամբողջական տվյալների բացակայության պատճառով:

\"\"

Սակայն «Forbes» հանդեսն, այնուամենայնիվ, փորձել է պատասխան գտնել այս օրախնդիր հարցին:

Ուսումնասիրության արդյունքում առաջին տեղն զբաղեցրել է բեյսջամփինգը, որը պարաշյուտային սպորտի ծնունդ է: Սակայն, ի տարբերություն պարաշյուտային սպորտի, բեյսում թռիչքները կատարում են ցածր բարձրություններից՝ լինի դա ինչ-որ բարձունք, երկնաքեր կամ գործարանային խողովակ, որի ընթացքում ժամանակի սղության պատճառով դժվար է մարմնին համապատասխան դիրք հաղորդել եւ հասցնել պարաշյուտը բացել: 1987-2007 թվականներին այս մարզաձեւում գրանցվել է մահվան ելքով 117 դեպք:

Երկրորդն, այսպես կոչված, հելիսքինգն է: Ուղղաթիռը ձեզ «իջեցնում» է լեռնագագաթին, որից հետո դուք դահուկներով իջնում էք լեռան զառիթափերով: Նախապես ստուգված եւ գցված մրցուղուց դուրս գտնվելը տասնապատիկ վտանգավոր է հաջորդ ակնթարթի անկանխատեսելիությամբ, որը շատ հաճախ ավարտվում է մահով:

\"\"

Երրորդը դայվինգն է՝ սարքավորումներով ջրասուզումը: Բայց սարքավորումների հետ համապատասխան փորձ ունենալն ամենեւին էլ ապրելու երաշխիք չէ: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ շնաձկան չես հանդիպի ու ողջ-առողջ ափ կելնես:

Չորրորդ հորիզոնականում «քեյվ-դայվինգ»-ն է՝ ստորջրյա կիրճերում զբոսանքը: Այստեղ տեսողությունն անգամ հավասարվում է զրոյի, իսկ վթարային իրավիճակներում ջրի երես դուրս գալն՝ անհնարին: Միայն Ֆլորիդայի ստորջրյա կիրճերը 400 սուզորդի կյանք են խլել:

\"\"

Հաջորդը կատաղած ցլին սանձելն է, որը հեռուստաէկրանին շատ հեշտ է թվում: Բայց երբ հայտնվում ես մոտ 2 տոննա կշռող ցլի պոզերին, հաստատ ողջ-առողջ պրծնելու հավանականությունը նվազագույն է:

Վեցերորդը բոլորիս քաջ հայտնի սերֆինգն է, բայց այն սերֆինգը, որ հնարավորին չափ մեծ ալիքի պահանջ ունի: Եվ որքան բարձր է այդ ալիքը, այնքան անկանխատեսելի է նրա հետ պայքարելու ելքը:

Սթրիթլանլագնիկը անվադողերով տախտակի վրա արագավայրէջքն է ասֆալտապատ տարածքում: Դրանով ավելի հաճախ զբաղվում են դեռահասները: Բայց բախումները տրանսպորտի հետ այստեղ մեծ տոկոս են կազմում:

\"\"

Ժայռամագլցումն ալպինիզմի ծնունդ է: Այստեղ մահացու կամ հաշմանդամության ելքով անկումները բացառություն չեն:

Էքստրեմալ հեծանվավազքը, որ սկսվելու եւ ավարտվելու է ոչ բնականոն ցուցադրումներով, մյուսների հետ համեմատած այնքան էլ սարսափելի չէ, թեեւ այստեղ էլ հաճախակի կոտրվածքներն անխուսափելի չեն:

«Forbes»-ի ցուցակում մահվան ավելի շատ ելք ունեցող մրցաձեւը «ռաֆթինգն» է՝ կատաղի գետերի հորձանուտներում թիավարությունը: Դրանց ճանապարհին քիչ չեն ոչ միայն սրածայր քարերը, որոնք առաջին իսկ «շփման» ժամանակ կարող են ջարդուփշուր անել հանդուգն մարզիկին, այլեւ իրենց անկանխատեսելի վարքով ջրահեղձ անել անգամ ամենափորձառու մարդուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել