Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասական եւ արդիական»

Սեպտեմբեր 16,2008 00:00

Այլ երկրների Շեքսպիրյան փառատոների նախագահները՝ Շեքսպիրի ու հայաստանյան փառատոնի մասին

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին սեպտեմբերի 7-ին մեկնարկած, Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած, Վրոցլավի միջազգային թատերական փառատոնի տնօրեն Վեցլավ Գերասը, Գյուլայի (Հունգարիա) Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Գեդեոն Ջոզեֆը, Գդանսկի (Լեհաստան) Շեքսպիրյան փառատոնի տնօրեն, շեքսպիրագետ Անջեյ Յուրովսկին եւ Էմիլ Բոռոգինան՝ ռումինական Շեքսպիրյան փառատոնի տնօրենը: Բանախոսներն անդրադառնալով մեր փառատոնին, դրական արտահայտվեցին նրա մասին: Ա. Յուրովսկիի խոսքերով, ԹԳՄ նախագահ եւ փառատոնի կազմակերպիչ Հ. Ղազանչյանը մեծ գործ է կատարել, երբ փառատոնի շրջանակներում ներառել է մոնոներկայացումներ ու շեքսպիրյան դասական ներկայացումներ: Մինչեւ սեպտեմբերի 18-ը շարունակվող այս փառատոնին «Համլետ» ներկայացմամբ իրենց մասնակցությունն են բերել Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային թատրոնը, Մոսկվայի գեղարվեստական թատրոնը, Իրանի Բազիսազանե թատերախումբը: Իսկ հայաստանյան թատրոններից փառատոնին մասնակցում են Հ. Պարոնյանի անվան, Հ. Ղափլանյանի անվան եւ Պատանի հանդիսատեսի թատրոնները:

Գ. Ջոզեֆն, անդրադառնալով հայաստանյան փառատոնին, նշեց, որ այն հնարավորություն տվեց հունգարացի ու հայ դերասանների միջեւ կապ հաստատել. «Կարծում եմ, հնարավոր է հայկական փառատոնը վերածել նաեւ եվրոպականի: Եթե այսօր եվրոպական թատրոնները ներկայացնում են միայն ժամանակակից ներկայացումներ, ապա շեքսպիրյան թեմաները կազմում են յուրաքանչյուր թատրոնի խաղացանկի բաղկացուցիչ մասը, քանի որ Շեքսպիրը ե՛ւ դասական է, ե՛ւ արդիական»:

Է. Բոռոգինայի խոսքերով, Շեքսպիրն իր ապրելու ազդակն է ու իրեն կյանք է տալիս: Նա ասաց, որ դեռ չի հասցրել տպավորվել հայկական փառատոնից, որովհետեւ մեկ օր է, ինչ ժամանել է Հայաստան ու հասցրել է ընդամենը երկու ներկայացում դիտել, որոնք հավանել է. «Շատ երջանիկ եմ, որ մասնակցեցի այս փառատոնին: Նշեմ, որ իմ երկրում մեծ ակնածանքով ենք վերաբերվում ձեր բազմադարյա մշակույթին… դուք ներկայացնում եք շատ հին քաղաքակրթություն: Մեզ մոտ ապրող հայերը Ռումինիայից էլ են նայում դեպի Արարատ լեռը, դեպի դրախտային Հայաստան: Ինչ վերաբերում է Շեքսպիրին, ասեմ, որ յուրաքանչյուր մարդ ցանկացած ժամանակաշրջանում կարող է շեքսպիրյան ներկայացումներից որեւէ մեկում գտնել իրեն: Ոչ ոք չի կարող մարդուն ներկայացնել այնպես, ինչպես Շեքսպիրն է դա արել: Յուրաքանչյուրն իրեն վերագտնում է Շեքսպիրի մեջ…»:

Շեքսպիրագետ Ա. Յուրովսկին էլ ասաց, որ արդեն չի հիշում, թե իր կյանքում քանի անգամ է Շեքսպիր դիտել ու նշեց. «Շեքսպիրի ողջ գաղտնիքն այն է, որ այնտեղ… գաղտնիք չկա»:

Բանախոսները փոխանցեցին, որ իրենք լսել էին, թե Հայաստանում շեքսպիրյան փառատոնը բարձրակարգ է: Նրանք նաեւ հավելեցին, որ հավանել են Արմեն Խանդիկյանի բեմադրած «Մակբեթը», որովհետեւ վերջինս, ըստ իրենց, բարձր մակարդակի թատերական կուլտուրա ուներ: Հյուրերը նաեւ խոստացան օգնել ԹԳՄ-ի կազմակերպած Շեքսպիրյան փառատոնին ու ամեն ինչ անել, որ այն դուրս գա Եվրոպա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել