Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐԵՆՔ ՇԵՆԳԱՎԻԹԸ ԵՎ ԼԻՆԵՆՔ ԼԱՎԱՏԵՍ

Սեպտեմբեր 16,2008 00:00

Համայնքի բնակիչներին կոչ է անում Շենգավիթի թաղապետ Սարգիս Հովհաննիսյանը

– Պարոն Հովհաննիսյան, արդեն մեկ տարի է՝ ինչ Դուք ղեկավարում եք այս համայնքը: Ձեր նախընտրական ծրագրերից որո՞նք եք հասցրել իրականացնել:

– Ասեմ, որ տարաբնույթ աշխատանքներ են կատարվել, համայնքը զգալիորեն բարեկարգվել է: Ավելի քան 1500 գծամետր արտաքին լուսավորության աշխատանք է կատարվել, որն այսօր էլ շարունակվում է: Իրականացրել ենք 3500 քմ ասֆալտապատման աշխատանքներ, կառուցել ենք Բագրատունյաց փողոցի խաղահրապարակը, ընթացքի մեջ է Գարեգին Նժդեհի 2 շենքի բակում խաղահրապարակի շինարարությունը, նախատեսել ենք նաեւ այդպիսիք Չարբախում եւ Եռանկյունի թաղամասում: Այդ առնչությամբ հանդիպումներ ենք ունենում տվյալ տարածքների ավտոտնակների տերերի հետ, որպեսզի գանք ընդհանուր հայտարարի: Իմ միջնորդությամբ՝ քաղաքապետարանի ֆինանսավորմամբ 10.000 քմ ասֆալտապատման աշխատանք է իրականացվել «Չարբախի փոսում»: Կառավարությունը հատկացրել է 70 մլն դրամ՝ Չարբախի ջրագծերի վերանորոգման համար: Շուտով դրանք կհանձնվեն շահագործման: Մաքրվել են Գետառ, Ջրվեժ գետերի հուները, փոխվել է 4500 գծամետր ոռոգման ջրագիծ: Մենք մեծ կարեւորություն ենք տալիս համայնքում մշակույթի եւ սպորտի զարգացմանը, դրա վառ ապացույցն է այն, որ մեր համայնքի բնակիչ Արթուր Աբրահամի հաղթանակի առիթով կազմակերպել էինք մեծարման երեկո, որին ներկա էր համայնքի բնակչության զգալի մասը:

– Որպես նաեւ համայնքի բնակիչ, ինչպե՞ս եք գնահատում Ձեր կատարած աշխատանքները:

– Դժվար է ինքս իմ աշխատանքը գնահատել: Ասեմ, որ բոլոր վերոնշյալ աշխատանքները իմ պարտականություններն են եղել եւ ես դրանք պարտավոր էի կատարել: Այլ հարց է, որ իմ պարտականություններից դուրս նույնպես որոշակի բաներ արվում են, որոնք արդեն կարելի է գնահատել կամ չգնահատել: Օրինակ, ծրագիր ունեմ ՀՀԿ-ի նախաձեռնած՝ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը իրականացնել մեր համայնքում, պարզապես առայժմ տեխնիկական որոշակի հստակեցումների անհրաժեշտություն կա: Համայնքի բյուջեի հաշվին վերանորոգվել է բազմաբնակարան շենքերի հարթ տանիքներ, զգալի արդյունավետ համագործակցություն կա համայնքի գործարար Հրանտ Վարդանյանի հետ, որի աջակցությամբ եւ հովանավորությամբ համայնքում մեծ աշխատանքներ են նախատեսված, օրինակ՝ Շահամիրյանների փողոցում գտնվող բարաքներում բնակվող բնակիչների անասելի վատ կենսապայմանները բարելավելու համար շուտով կկառուցվի բնակելի շենք եւ 4500 քմ ընդհանուր մակերեսով բնակտարածք կհատկացվի այս ընտանիքներին: Հրանտ Վարդանյանի կողմից Արշակունյաց փողոցում կկառուցվի վերգետնյա անցում: Իհարկե, ցանկալի է, որ նման գործարարներ եւ հոգատար մարդիկ համայնքում շատ լինեն, քանի որ դա հեշտացնում է մեր աշխատանքը եւ նպաստում է համայնքի զարգացմանը:

– Որքա՞ն է այսօր համայնքի բյուջեն:

– Համայնքի բյուջեն այսօր կազմում է 1 մլրդ 580 մլն դրամ, կատարվում է 95%-ով: Սակայն նախատեսում ենք մինչեւ տարեվերջ գերազանցել 100%-ը: Տարեցտարի այն աճում է 15-20%-ով, օրինակ՝ 1997թ. եղել է 480 մլն դրամ, այս տարի արդեն նշվեց, թե որքան է դարձել: Զգացվում է գործարարների պատասխանատվության բարձրացում: Մարդիկ սկսել են կարեւորել իրենց վճարած հարկի անհրաժեշտությունը եւ մտնում են հարկային դաշտ: Նույնը նկատելի է նաեւ բնակիչների շրջանում, ովքեր սկսել են պարտաճանաչ վճարել գույքահարկը:

– Ո՞րն եք համարում Ձեր աշխատանքի բացթողումը կամ քննադատելի կողմը:

– Ասեմ, որ բոլոր համայնքներում էլ ամենացավոտ խնդիրը աղբահանությունն է: Մենք ամեն ինչ անում ենք ոլորտը բարելավելու համար. վարձակալությամբ տեխնիկա ենք վերցնում եւ ամեն ինչ անում ենք, որ մեր համայնքը մաքուր լինի: Բայց մենք պետք է ունենանք նաեւ բնակիչների օժանդակությունը, քանի որ մեզնից շատերը բակը չեն համարում իրենց սեփականությունը եւ տան աղբը թափում են հենց բակում: Այդ պարագայում դժվար է մաքրություն պահպանելը: Ուզում եմ անպայման խոսել համատիրությունների կայացման մասին: Մեր համատիրությունների աշխատանքները կանոնակարգված են եւ վերահսկվում են թաղապետարանի կողմից, ունենք «թեժ գիծ», որի հեռախոսահամարը փակցված է գրեթե բոլոր շքամուտքերում, եւ բնակիչները իրենց հուզող հարցերի եւ դժգոհությունների մասին մեզ տեղեկացնում են: Ամեն առավոտ մենք այդ բողոքները բաժանում ենք թաղապետարանի ենթաբաժիններին եւ հետեւողականորեն հսկում դրանց ընթացքը: Որքան շատ են լինում որեւէ համատիրությունից զանգեր եւ բողոքներ, բնականաբար, այնքան վատ է աշխատում տվյալ համատիրության նախագահը եւ մենք համապատասխան նկատողությունն ենք անում, իրեն չարդարացնելու դեպքում՝ անվստահություն հայտնում:

– Որպես համայնքի ղեկավար, բնականաբար, Ձեր հասցեին նույնպես լինում են քննադատություններ, նաեւ՝ մամուլում, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:

– Ընդունում եմ առողջ քննադատությունը, եթե դա վերաբերում է իմ աշխատանքային գործունեությանը: Փորձում եմ դասեր քաղել դրանցից եւ շտկել իմ թույլ տված բացթողումները: Իսկ երբ լինում են անձնական վիրավորանքներ եւ զրպարտանքներ, ապա դրանք համարում եմ ոչ պրոֆեսիոնալ եւ ծախու լրագրողների ձեռքի աշխատանք, որոնց պարզապես արհամարհում եմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել