Լրահոս
Օրվա լրահոսը

Վերականգնվեց աշխատանքում, բայց՝ մեկ ամսով

Սեպտեմբեր 16,2008 00:00

Ըստ տուժած չինովնիկի՝ այս համակարգը քարհատ մեքենան էլ չի կարող կոտրել

Հուլիսի 10-ին «Առավոտը» «Հաղթել է, բայց պաշտոն չեն տալիս» հրապարակման մեջ անդրադարձավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետի թափուր տեղի համար անցկացրած մրցույթին: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հայտարարած մրցույթում հաղթել էր Հասմիկ Պողոսյանը, որը մինչ այդ աշխատում էր բնապահպանության նախարարության միջազգային համագործակցության բաժնում՝ որպես ավագ մասնագետ: Փետրվարի 8-ին կայացած մրցույթում հաղթելով՝ նա, ըստ օրենքի, 3-օրյա ժամկետում պետք է զբաղեցներ պետի պաշտոնը: Սակայն չէր նշանակվում, այն պատճառաբանությամբ, թե մրցույթին ներկայացրած փաստաթղթերում ստաժի մասին տեղեկությունները ճիշտ չեն:

«Առավոտին» ուղարկած պաշտոնական պատասխանում քաղծառայության պետ Մ. Բադալյանն ասել էր. «Մենք տեղյակ ենք, որ Պողոսյանը դժգոհել է ՀՀ ՔԾ խորհրդից, նշելով, թե խորհուրդը մի կառույց է, որը սերտաճել է նախարարությունների հետ եւ տուրք է տվել սոցիալական հարցերով նախարարի քննությունը տապալելու եւ «իր գլխին գործ սարքելու» «հրահանգին»: Խորհրդի նախագահը պնդել էր, որ մրցույթում միակ հաղթողը եղել է Հ. Պողոսյանը: ՀՀ վարչական դատարանը հուլիսի 22-ին գտավ, որ հաղթողի նկատմամբ ակնհայտ ապօրինություն է տեղի ունեցել եւ Հասմիկ Պողոսյանն անցավ իր աշխատանքին: Սակայն մեկ ամիս հետո նրա նկատմամբ կրկնվեց նույնը:

Հ. Պողոսյանն այս անգամ դիմել է ՀՀ նախագահին եւ վարչապետին, եւ նկարագրել իր «ոդիսականը». «Ինձ վերականգնելով իմ վաստակած պաշտոնում, անկախ իմ կամքից, դրանից տուժեց նախկին բաժնի պետի պաշտոնակատարը, որը, չգիտես ինչու, մրցույթի չէր մասնակցել: Ինձ նշանակելու օրը նախարարության աշխատակազմի ղեկավարը զգուշացրեց, որ նախարարության եւ Քաղծառայության խորհրդի միջեւ ներքին պայմանավորվածություն կա՝ նշանակելուց որոշ ժամանակ անց ինձ աշխատանքից ազատելու մասին: Ես դրան անլուրջ վերաբերվեցի եւ արդեն պատրաստվում էի թերթերից մեկում տպագրել իմ հիացական խոսքը՝ ուղղված Ձեր բարեփոխումների գործընթացի շնորհիվ՝ դատավորի անաչառ ուսումնասիրությունների արդյունքում իմ հայցը բավարարելուն, երբ Քաղծառայության խորհրդի ներկայացուցիչները նորից հայտնվեցին նախարարությունում եւ, ինձ բարոյահոգեբանական ճնշման ենթարկելով, ստիպեցին բացատրություններ գրել այն պատճառաբանությունների շուրջ, որոնցով ես հաղթել էի դատարանում եւ 1-ամսյա ստուգումներից հետո, պարոն Բադալյանի ստորագրությամբ, նախարարություն ուղարկեցին մի որոշում, որի 1-ին կետը ներառում էր ինձ աշխատանքից անհապաղ ազատելու՝ աշխատակազմի ղեկավարին ուղղված միջամտությունը, իսկ երկրորդ կետով պարոն Բադալյանն, իրեն վերապահելով իրավապահի դերը, հորդորել էր նոր ուսումնասիրությունների արդյունքում ԱՍՀՆ այն ժամանակվա հրամանագրքում եւ իմ աշխատանքային գրքույկում հայտնաբերել կեղծիքը եւ պատժել մեղավորներին, որը ես ողջունում եմ։ Այո՛, եթե կեղծիք կա, խնդրում եմ հայտնաբերել եւ պատժել մեղավորին»:

Հ. Պողոսյանին ազատեցին աշխատանքից այն նույն պատճառաբանություններով, որոնցով նա հաղթել էր դատարանում: «Ինչի՞ համար են մեր երկրում դատարանները, եթե յուրաքանչյուր գերատեսչություն կարող է դատավորի դեր կատարել», հարցնում է Հ. Պողոսյանը:

Վերջինս նկարագրում է իր աշխատած մեկամսյա ժամանակահատվածը. «Իմ պաշտոնավարման առաջին օրերին ես բաժնի աշխատակիցներից մեկի սեղանին հայտնաբերեցի իրար հետ մտքեր փոխանակելու մի գրություն, որից պարզ երեւում էր, թե ինչպես էր նախարարի 1-ին տեղակալ Արայիկ Պետրոսյանն ուղղորդում բաժնի աշխատողներին՝ տապալելու բաժնի պետի իմ գործունեությունը։ Սա ինձ ահավոր խորթ էր եւ օտար, քանզի ես որտեղ աշխատել էի, վայելել էի միայն սեր ու հարգանք: Իսկ ի՞նչն է ինձ հետ այսքան դաժան վերաբերվելու պատճառը, ի՞նչն է այնքան համեղ ու քաղցր միջազգային կապերի բաժնում, որից հեշտությամբ չկարողացավ հրաժարվել փոխնախարար Արայիկ Պետրոսյանը, որը մինչ ինձ համակարգում էր միջազգային կապերի բաժինը: Հասարակությանը քաջ հայտնի է ԱՍՀՆ ախորժակը՝ միջազգային ծրագրերի իրականացման գործում: Այս պատմության մեջ իմ միակ մեղքն այն էր, որ ես համարձակվել էի մուտք գործել նախարարության տիրույթները, որոնք վաղուց արդեն սեփականաշնորհվել էին արայիկպետրոսյանների կողմից: Այս մարդիկ այնքան են կարծրացրել համակարգը, որ քարհատ մեքենան անզոր է այն փշրել, եւ այդ է պատճառը, որ այս մարդկանց կողմից արդեն 7 ամիս է՝ ենթակվում եմ բարոյահոգեբանական ամենադաժան ճնշման: Իսկ միջազգային կապերի բաժնի նախկին պաշտոնակատարի մասին հարկ չկա անհանգստանալու: ԱՍՀՆ նշածս պաշտոնատար անձինք, մտավախություն ունենալով, որ կարող է ինձ աշխատանքից ազատելը չստացվի, հնարել են մի պաշտոն՝ ԱՍՀՆ ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական՝ ծրագրերի գծով: Չգիտեմ այս հնարովի հաստիքն ինչպես են հիմնավորել, բայց հաստատ գիտեմ, որ միջազգային ծրագրերը տեղափոխվել են նրա համակարգման ոլորտ, որպեսզի շարունակեն իրենց գործունեությունը: Հետեւությունները թողնում եմ Ձեր խղճին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել