Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

Սեպտեմբեր 16,2008 00:00

\"\"

Կառավարությունն ուզում է բակալավրիատում ուսումն ավարտածներին ուղարկել զինծառայության՝ հնարավորություն չընձեռելով ուսումը շարունակել մագիստրատուրայում:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով արգելվեց մինչեւ 2010 թվականն անցկացնել հեռուստակապուղիների մրցույթներ՝ վկայեց մի վտանգավոր միտումի մասին. կառավարությունը մինչեւ վերջին պահը գաղտնի է պահում իր այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք կարող են դառնալ հանրային դժգոհության առարկա:

Սրա մի օրինակն էլ պարտադիր զինծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետման իրավունքի վերացմանն առնչվող օրինագծերն են: Դեռ այս տարվա օգոստոսի 13-ին էր վարչապետ Տիգրան Սարգսյանը ստորագրել N615-Ա որոշումը՝ «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետման իրավունքի վերացման նպատակով իրականացվող միջոցառումների մասին», որով հաuտատվել է տարկետման իրավունքի վերացման նպատակով իրականացվող միջոցառումների ծրագիրը՝ «համաձայն հավելվածի», իսկ ՀՀ պաշտպանության նախարարին էլ հանձնարարվել է համակարգել այդ միջոցառումների ծրագրի կատարման գործընթացը:

Կառավարության ու պաշտպանության նախարարության կայքէջերը տնտղելուց հետո պարզեցինք, որ դեռեւս հրապարակված չէ այդ ծրագիրը: Հրապարակված չեն նաեւ այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք բխում են այդ ծրագրից: Իսկ որ տարկետման իրավունքը վերացնելու մասին նախագծերի փաթեթ մշակվել է դեռ օգոստոսին՝ վկայում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի սեպտեմբերի 13-ի նամակը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին, որտեղ ի պատասխան նրա՝ օգոստոսի 26-ի գրության՝ Պաշտպանը ներկայացնում է իր առարկություններն ու դիտողությունները «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ:

Դրանցից կարելի է մոտավորապես կռահել, թե ինչ է նախապատրաստում կառավարությունը: Ըստ այդմ, «Զինապարտության մասին» օրենքում մասնավորապես նախատեսվում է փոփոխություն, ըստ որի՝ մինչեւ 2009թ. հունվարի 1-ը պետական բուհերի բակալավրիատում ուսման համար տարկետում ստացած զորակոչիկները բակալավրիատում ուսումն ավարտելուց հետո ենթակա են պարտադիր զինծառայության զորակոչի:

Ըստ Արմեն Հարությունյանի՝ այս նախաձեռնության ընդունումն էականորեն կվատթարացնի «անձանց որոշակի շրջանակի իրավական կարգավիճակը»: Որպես իր այս պնդման ապացույց՝ նա հիշատակել է, որ Բոլոնիայի հռչակագրի սկզբունքների հիման վրա՝ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 9-րդ հոդվածում ամրագրված է, որ ՀՀ-ում սահմանվում է բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան որակավորման համակարգ, եւ երկրորդ աստիճանի մրցութային ընդունելությունն իրականացվում է առաջին աստիճանի (բակալավրիատի) գնահատականների հաշվառմամբ. «Սրանից բխում է, որ բակալավրիատից մագիստրատուրա անցումն իրականացվում է ոչ թե նոր ընդունելության, այլ բակալավրիատում ձեռք բերած գնահատականների ու առաջադիմության հիման վրա եւ հանդիսանում է ուսման շարունակությունը»: Հետեւաբար, բակալավրիատում ուսման համար պարտադիր զինծառայությունից տարկետում ստացած քաղաքացին մեխանիկորեն ձեռք է բերում նաեւ մագիստրատուրայում (այդ թվում նաեւ օտարերկրյա պետությունների բուհերի մագիստրատուրաներում) ուսման համար տարկետման իրավունք:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է. «Օրենքի նախագծի ընդունման դեպքում՝ բակալավրիատում սովորող անձանց իրավական կարգավիճակը փաստացի կվատթարանա, կխախտվեն «Կրթության մասին» օրենքով սահմանված՝ կրթության շարունակականության, հաջորդականության եւ սովորողների զարգացման մակարդակին համապատասխանության սկզբունքները: Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկում եմ օրենքի նախագիծը վերախմբագրել այնպես, որպեսզի չսահմանափակվի մինչեւ 2009թ. հունվարի 1-ը երկաստիճան կրթական համակարգում ուսման տարկետում ստացած քաղաքացիների՝ մագիստրատուրայում ուսման համար պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունքը եւ օրենքի հետադարձ ուժով չվատթարանա վերը նշված անձանց շրջանակի իրավական կարգավիճակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել