Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչխար պահողներին թողել են առանց արոտավայրի

Սեպտեմբեր 16,2008 00:00

Եզդի բնակիչների հավաստմամբ, մեր կառավարությունն իրենց եւ հայերի միջեւ «ջոկողություն» է դնում:

Կոտայքի մարզի Զովունի գյուղի ազգությամբ եզդի բնակիչների ներկայացմամբ, մարզպետարանի պաշտոնյաներն ու ՀՀ կառավարության անդամները եզդիների դիմում-բողոքներն ու խնդրանքներն անուշադրության են մատնում, ինչի հետեւանքով իրենց համար խիստ կարեւոր նշանակություն ունեցող խնդիրներն այդպես էլ տարիներով չեն լուծվում:

Զովունի գյուղի Ամո թաղամասում ապրող մոտ 350 եզդի ընտանիքներ պահանջում են, որ թաղամասին կից բարձրավոլտ հոսանքագծերի տակ գտնվող հողատարածքները վարձակալական հիմունքներով հատկացնեն իրենց թաղամասի բնակիչներին, որպեսզի իրենք կարողանան այնտեղ արածեցնել իրենց ոչխարները: Ի պատասխան բնակիչների դիմում-բողոքներին՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից այս տարվա մարտ ամսին Եզդիների միության պրեզիդենտ Ազիզ Թամոյանին առաջարկել են «3 հա, այսպես կոչված, աղլների նկատմամբ, օգտագործողների ու համայնքի ղեկավարի միջեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողօգտագործման պայմանագիր, որից հետո կգրանցվի դրանց նկատմամբ համապատասխան իրավունքը»: Սակայն դրանից հետո կադաստր է դիմել նաեւ Զովունի համայնքի ղեկավարը, ներկայացնելով Կոտայքի մարզպետի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցերից» (ՀԷՑ) տրված գրություններն այն մասին, որ «նշված համայնքում առկա են բնակիչների կողմից հողամասերի օգտագործման մեծաքանակ խախտումներ: Հողամասերի մի մասը գտնվում է բարձրավոլտ օդային գծերի տակ եւ պահպանված չեն անվտանգության գոտիները»: Կոտայքի մարզպետը եւ ՀԷՑ-ի՝ անվտանգության եւ վերահսկողության գծով փոխտնօրենը համայնքի ղեկավարին առաջարկել են հողհատկացումներ կատարել միայն համապատասխան տեխնիկական պայմանների առկայության դեպքում:

Ա. Թամոյանի խոսքերով, էլցանցից պատասխանել են, որ «եզդիների պահանջած տարածքները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդակցության գծերի սպասարկման տարածքում եւ օգտագործման համար անվտանգ չեն»: Չբավարարվելով այս պատասխաններով՝ բնակիչները մեկ անգամ եւս նամակ-գրությամբ դիմել են կադաստր ու այս տարվա սեպտեմբերին ստացել են հետեւյալ պատասխանը. «Ամո թաղամասում, բարձրավոլտ լարման տարածքում առկա է թվով 45 միավոր անշարժ գույք: Դրանցից 14-ը մի մասով է գտնվում լարման գծերի սպասարկման տարածքում եւ ստացել է իրավունքների պետական գրանցում, իսկ մնացած 31 միավոր անշարժ գույքի նկատմամբ, որ ամբողջությամբ կամ մասամբ գտնվում է բարձր լարման էլեկտրահաղորդակցության գծերի սպասարկման տարածքում, իրավունքների պետական գրանցում չի իրականացվել»: Եզդի բնակիչներին կադաստրից տեղեկացվել է նաեւ, որ բարձրավոլտ գծերի տեղափոխումից հետո կիրականացվի նաեւ մնացած անշարժ գույքերի նկատմամբ պետական գրանցում եւ կտրամադրվի համապատասխան վկայական: Կադաստրից տրված մեկ այլ փաստաթղթի համաձայն, այդ տարածքում գտնվող հողամասերն այլ անձանց հատկացնելու վերաբերյալ իրենք ոչ մի դիմում չեն ստացել, սակայն Ա. Թամոյանը վստահ է, որ մեր կառավարությունն այդ տարածքները միտումնավոր կերպով չի տրամադրում եզդիներին, քանի որ դրանք արդեն «սեփականաշնորհվել» են:

Ա. Թամոյանն «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ մարզպետարանը մտադիր է բարձրավոլտ հոսանքագծերից 2 սյուն հանել եւ դրանց տակ գտնվող 3 հազար քմ հողատարածքը դնել աճուրդի. «Նրանք ուզում են այդ տարածքները տրամադրեն հայերին, որպեսզի խաղատներ կառուցեն եւ մեզ զրկեն մեր անասունների աղլների տարածքից»: Ա. Թամոյանի խոսքերով, այդ տարածքներից որոշ հատվածներ, որոնք գտնվում են խաղատների շրջակայքում, արդեն ասֆալտապատվել են այդ օբյեկտների տերերի կողմից եւ այնտեղ նրանց ավտոմեքենաներն են կայանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել