Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԴԵ՞Մ Է ՏՈՒՐԻԶՄԻՆ

Սեպտեմբեր 16,2008 00:00

\"\"

Ֆրանսիայի դեսպանատունը մերժում է տուրիստներին մուտքի արտոնագիր տրամադրել՝ կասկածելով, որ նրանք երկրից փախչելու մտադրություն ունեն:

Վերջերս Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը «մենք ձեր վրա ինֆորմացիա ունենք» հիմնավորմամբ մերժում է հայաստանցի գրեթե բոլոր տուրիստներին մուտքի արտոնագիր («վիզա») տալ: Ի տարբերություն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի եւ այլ դեսպանատների, տուրիստների ներկայացմամբ, Ֆրանսիայի դեսպանատունը վերջին մեկ տարում մուտքի արտոնագիր տրամադրելու առումով ամենադժվարամատչելին է դարձել: Բանն այն է, որ մոտ 1 տարի է՝ դեսպանատուն դիմած քաղաքացիների հետ հարցազրույցն անցկացնում է Ֆրանսիայի դեսպանատան փոխհյուպատոս Վալերի Նալիվաեւը, որն էլ դեսպանատանը «նոր ընթացակարգեր» է սահմանել: Տիկին Նալիվաեւը գրեթե առանց բացառության մերժում է բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, որոնք ցանկանում են Ֆրանսիա մեկնել տուրգործակալությունների միջոցով: Նա բոլոր այդ տուրիստներին կասկածում է երկրից փախչելու մտադրության մեջ: Տուրօպերատորների ներկայացմամբ, տիկին Նալիվաեւը մերժում է նույնիսկ 5-6 անգամ Ֆրանսիայում եղած ՀՀ քաղաքացիներին, որոնք որեւէ անգամ օրենք չեն խախտել եւ ամեն անգամ բարեխղճորեն կատարել են «վիզայի» պահանջները: Իսկ տուրգործակալությունների ղեկավարների բողոքներին ի պատասխան, Վ. Նալիվաեւն իր կեցվածքն այսպես է պատճառաբանում. «Դա բխում է Ֆրանսիայի օրենքի պահանջներից»:

Ֆրանսիայի դեսպանատան նման պահվածքը տուրիստական գործակալություններում դժգոհությունների ալիք է բարձրացրել: Օրերս Ֆրանսիայի դեսպանատան հետ աշխատող շուրջ 18 տուրգործակալություններ դիմել են Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարություններին, էկոնոմիկայի նախարարությանը՝ դժգոհելով, որ դեսպանատան ստեղծած խոչընդոտների պատճառով գործակալությունները հրաժարվում են տուրիզմ կազմակերպել դեպի Ֆրանսիա, բացի այդ, իրենք բարոյական եւ նյութական մեծ վնասներ են կրում: «Առավոտի» հետ զրույցում որոշ տուրիստական ընկերությունների ղեկավարներ պատմեցին, որ վերջերս էլ դեսպանատունն իրենց բանավոր տեղյակ է պահել, որ այլեւս չի ցանկանում գործակալությունների հետ աշխատել, եւ որ այսուհետեւ տուրիստներն անձամբ պետք է փաստաթղթերը ներկայացնեն դեսպանատուն: Տուրօպերատորների խոսքերով, դեսպանատան նման պահանջը պարզապես «անհեթեթություն» է, քանի որ, այսպես թե այնպես, «վիզան» ստանալիս տուրիստն անձամբ է ներկայանում եւ հարցազրույց անցնում. «Այնպիսի տպավորություն է, որ Վալերի Նալիվաեւը պրոֆեսիոնալ կերպով պայքարում է տուրիզմի դեմ»: Նրանց պատմելով, հարցազրույցների ժամանակ փոխհյուպատոսը հակաքարոզչությամբ է զբաղվում՝ տուրիստներին խորհուրդ տալով, տուրգործակալություններին դիմելու փոխարեն, միանգամից դեսպանատուն դիմել. «Մեր տուրիստներին ասում է, որ ինքը տուրիզմի իմաստն այնքան էլ չի հասկանում եւ խորհուրդ է տալիս Ֆրանսիա մեկնել առանց գործակալությունների միջնորդության: Տիկին Նալիվաեւին ասենք, որ տուրիզմը միայն հյուրանոցներ ամրագրելը չէ: Մենք տուրիստների համար ծրագրեր ենք կազմում, հետաքրքիր տուրեր ենք կազմակերպում»:

Նկատենք, որ գործակալությունները հենց նրա համար են, որ մարդկանց զերծ պահեն նման քաշքշուկներից: Մինչդեռ այս դեպքում Ֆրանսիայում հանգստանալ ցանկացողը պետք է իր գործը թողած մեկ ամիս շարունակ ընկնի դեսպանատան դռները եւ հայտնի էլ չէ՝ կմեկնի՞, թե՞ ոչ: Տուրիստական գործակալությունների տվյալներով, վերջին շրջանում Հայաստանից ամենաքիչը մեկնում են Ֆրանսիա: Տուրիզմի այս թեժ սեզոնին հայաստանյան տասնյակ տուրգործակալություններ այս տարի հրաժարվել են Ֆրանսիա տուրիստ տանել: Քանի որ. «Վստահ լինելով, որ բարեխիղճ քաղաքացի է եւ դեսպանատունը, մեկնելու հետ կապված, որեւէ խնդիր չի առաջացնի, մենք հյուրանոցներ ենք ամրագրում, տոմս ենք պատվիրում, իսկ հետո, երբ մեր տուրիստներին մեկը մյուսի հետեւից մերժում են, ստիպված ենք լինում ամենը չեղյալ համարել: Մի քանի անգամ Ֆրանսիայի հյուրանոցներում ամրագրումները հանելուց հետո նրանք մեզ արդեն լուրջ չեն ընդունում եւ այլեւս չեն ցանկանում մեզ հետ աշխատել: Ի՞նչ է, տարիներ շարունակ մեծ դժվարություններով կապեր ենք հաստատել, որ դեսպանատան քմահաճույքով մեր բիզնեսը տապալվի՞: Ասում են՝ մերժումը բխում է Ֆրանսիայի օրենքներից: Չենք հասկանում, Ֆրանսիայի օրենքն աշխատում է իրենց երկրի դե՞մ: Ինչ է, իրենց օրենքն ասում է, թող մեր երկիր տուրիստներ չգա՞ն»,- մեզ հետ զրույցում վրդովվեցին տուրընկերությունների ղեկավարները: Նրանց ներկայացմամբ, այդ գործընթացից ֆինանսական կորուստներ են կրում նաեւ տուրիստները, որոնք հենց միայն փաստաթղթերը նոտարական թարգմանության տալու համար բավականին գումարներ են վճարում:

«Առավոտը» Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովին խնդրեց պարզաբանել, թե ինչո՞ւ է դեսպանատունը տուրիստների համար նման խոչընդոտներ առաջացնում: Պարոն Սմեսովը, դեսպանատան լրատվական բաժնի աշխատակցի միջոցով մեզ փոխանցեց, որ ինքը հրաժարվում է մեր հարցերին պատասխանել:

«Առավոտի» այն հարցին, թե արտաքին գործերի նախարարությունն ի՞նչ է անելու իր քաղաքացիների՝ արտաքին հարաբերություններում առաջացած խնդիրները լուծելու համար, արտգործնախարարությունից հայտնեցին, որ մեզ կպատասխանեն տուրօպերատորների բողոքն ուսումնասիրելուց եւ փաստեր ունենալուց հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել