Լրահոս
Օրվա լրահոսը

«Հռետորական ճիգեր»

Սեպտեմբեր 16,2008 00:00

Այսպես է անվանում Գյուլի հայտարարությունները Պարույր Հայրիկյանը եւ ասում, որ դրանք իրավական ու քաղաքական հետեւանքներ չեն կարող ունենալ:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում թուրքական մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ Հայաստանից վերադառնալուց հետո Աբդուլլա Գյուլը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը խոստացել է վերադարձնել «գրավյալ տարածքները»: «Այսօրվա բոլոր հայտարարությունները տրամադրությունների բարելավմանը ուղղված հայտարարություններ են: Դրանք չի կարելի ընդունել իբրեւ պատասխանատու: Դրանք պարզապես դրական տրամադրություններն ավելի բարձրացնելու հռետորական ճիգեր կարող եմ կոչել: Գյուլը եկավ Հայաստան, իր պաշտոնակցի հետ ֆուտբոլ նայեց, պարզեցին, որ կարող են մտքեր փոխանակել՝ անկախ առկա հարցերից: Ավելին ակնկալել հանդիպումից, որը նախապատրաստված չէր փորձագետների, քաղաքագետների, դիվանագետների կողմից՝ չի կարելի: Հանդիպման առանցքում մի բան էր՝ թշնամաբար տրամադրված պետությունների ղեկավարները կարող են եւ պետք է հանդիպեն, ինչը կնպաստի բարոյաքաղաքական մթնոլորտի բարելավմանը: Այդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ հետո արված հայտարարությունները չեն կարող ոչ քաղաքական, ոչ էլ իրավական հետեւանք ունենալ»,- գնահատեց նա: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Պ. Հայրիկյանն ասաց. «Այն, որ Լ. Տեր-Պետրոսյանի շուրջ նախագահական ընտրությունների ժամանակ, որպես թեկնածու, մարդիկ էին համախմբվել՝ իրենց իրավունքն է, բայց որ քաղաքական նպատակների համար մարդու շուրջ կարող են համախմբվել՝ ծիծաղելի է»:

Մեր դիտարկմանը՝ փաստ է, որ անկախությունից մինչ այսօր որեւէ այլ գաղափարի կամ այլ անձի շուրջ համախմբում այդպես էլ չեղավ, չնայած բազում նախաձեռնություններին, ԱԻՄ առաջնորդն ասաց. «Այն, որ մարդիկ դուրս են գալիս փողոց եւ պահանջներ ներկայացնում, քաղաքական կյանքի առողջացման նախապայմաններից մեկն է: Ողջունելի մի բան՝ որպես քաղաքական եւ քաղաքացիական գործնականության դրսեւորում»: Հետաքրքրվեցինք, թե «հայրենասիրական ընդդիմությունը», որտեղ ներկայացված է նաեւ ԱԻՄ-ը (խոսքը Հ.Բաբուխանյանի նախաձեռնած միջկուսակցական հանդիպումների մասին է), չի՞ պատրաստվում տարբեր ակցիաներով հանդես գալ: «Իր անվանումից դուրս՝ «միջկուսակցական խորհրդակցություններ», այս համագործակցությունն այլ բան չի պարունակում: Սրանք բաց խորհրդակցություններ են՝ սահմանափակումներ չենք դնում: Եթե կուսակցություններից մեկը հանդես գա առաջարկով եւ դա ընդունվի բոլորի կողմից՝ միգուցե: Այս կուսակցությունները հավասարը հավասարի սկզբունքով նստում եւ խոսում են, ոչ թե մի Քաջ Նազարի շուրջ են համախմբվում»: Եվ քանի դեռ Հայաստանը ժողովրդավարական չէ, մեր զրուցակիցը միշտ էլ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական արդար ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «Ի տարբերություն պրիմիտիվ երազողների, որոնց հիմնական բարբաջն այն է, որ իրենք չեն ընտրվել, ես առաջարկել եմ համակարգային փոփոխություններ, որոնք հեղափոխական են ընդհանրապես՝ ժողովրդավարության տեսության գիտական ընկալման առումով. առանցքում մարդ անհատն է՝ երկրի կառավարմանը մասնակցելու իրավահավասարությամբ, որը իմ այս առաջարկով դրսեւորվում է ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ ողջ կյանքի ընթացքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել