Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՁԵԶ ԽԱԲԵՑ

Սեպտեմբեր 16,2008 00:00

«Ցանկացած մեկի, որը դատապարտվել է իր հայացքների համար՝ համարում եմ քաղաքական կալանավոր»,- նախ այսպես արձագանքեց նախկին քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանը Շանթ Հարությունյանի հայտարարությանը, որով նա սեպտեմբերի 2-ին դիմել էր սովետական շրջանի քաղբանտարկյալներին՝ պահանջելով իրեն ճանաչել քաղբանտարկյալ եւ իր պահանջը պաշտպանելու համար հայտարարելով հացադուլ: Նա սեպտեմբերի 10-ին արդեն դադարեցրել է հացադուլը՝ նշելով, թե «Պարույր Հայրիկյանի, ինչպես նաեւ Վարդան Հարությունյանի եւ Մերուժանի (Հովհաննիսյան) կողմից ինձ քաղբանտարկյալ ճանաչելու հայտարարությունները լիովին բավարար են»: Եվ այսուհանդերձ՝ Ռազմիկ Մարկոսյանն այս առիթով ցանկացավ կարծիք հայտնել «քաղբանտարկյալ» եզրի եւ այդ կարգավիճակի մասին. «Խորհրդային Միությունում ցանկացած ազգային, ժողովրդավարական գործունեություն, խղճի, մտքի ազատ դրսեւորում դիտվում էր որպես այլախոհություն, եւ մենք՝ այդ երկրի քաղբանտարկյալներս, վայելում էինք արեւմտյան իրավապաշտպան կազմակերպությունների, նշանավոր մտածողների եւ նույնիսկ մի շարք պետությունների ղեկավարների համակրանքն ու զորակցությունը, համարվում էինք եվրոպական քաղաքակրթության չափանիշների հետեւորդներ, որակվում որպես խղճի կալանավորներ: Խորհրդային կարգերի փլուզումից հետո «քաղբանտարկյալ» եզրը, իր բառարանային իմաստը պահպանելով հանդերձ (որն այլ բան չէ, քան «քաղաքական գործունեության պատճառով բանտարկված անձ»), գոնե մեզանում կորցրեց նախկին սուր շեշտադրումը: Խնդիրն այստեղ ազատ ու անկախ, ինքնորոշված երկրում այլախոհության՝ Արեւմուտքի դիտակետն է ու գնահատականը, ինչի վրա էլ ուզում եմ հրավիրել Շանթ Հարությունյանի ուշադրությունը: Մարդիկ, ովքեր այսօր պայքարում են եվրոպական քաղաքակրթության հռչակած արժանապատվության սկզբունքի հաստատման համար, խաբվել են հենց այդ քաղաքակրթության ներկայացուցիչների կողմից:

Արեւմուտքը ՀՀ նախագահական ընտրությունները, թերություններով հանդերձ, ճանաչել է որպես եվրոպական չափանիշներին համապատասխանող եւ Հայաստանում կատարված ոչ մի ձերբակալություն (պատգամավորի, քաղաքական, հասարակական գործչի) դեռեւս չի համարել անօրինական»:Ա. Ի. Հ. Գ. Դեռ 1977-ին Ռազմիկ Մարկոսյանը դիմել էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությանը՝ պահանջելով օրենսդրորեն ամրագրել քաղբանտարկյալի կարգավիճակը: Այս մասին մանրամասն՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել